«2014-ին նավթի գինը եղել է 137 դոլար, որն այսօր նվազել է 37 դոլարով: 2016-ի կանխատեսումներով համաշխարհային գները նվազելու են 20 դոլարով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ տնտեսությունը մաս է կազմում ՌԴ-ի տնտեսության: Հատկապես այն պարագայում, երբ մենք անդամակցում ենք ԵՏՄ-ին: Դուք ունե՞ք կանխատեսում, որ այդ 20 դոլարի նվազման պարագայում մենք ինչ պետք է անենք, ՌԴ-ի տնտեսական ճգնաժամը այստեղ գործելու է ավելի սուր»,- այսօր ԱԺ նիստում 2016-ի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այս հարցն ուղղեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, որը հիմնական զեկուցողն էր:
Զարուհի Փոստանջյանը նաեւ անդրադարձավ միջազգային դիտորդների գնահատականներին՝ հանրաքվեի հետ կապված, ըստ որի, փոփոխությունները քաղաքացիների խիստ զգալի մասի կողմից ընկալվել են որպես գործող նախագահի համար միջոց՝ իր իշխանությունը պահելու համար. «Այս ճգնաժամը 2016-ին ակնհայտ ցայտուն է դառնալու: Երբ անկայուն քաղաքական իրավիճակ է, ոչ լեգիտիմ իշխանություն է, տվյալ պարագայում, երբ տնտեսական եւ քաղաքական խորը ճգնաժամ է, ո՞րն է լինելու կառավարության սցենարը, հրաժարակա՞ն եք տալու, թե՞ ինչ եք անելու»:
Պավել Սաֆարյանը պատասխանեց. «ՀՆԱ-ի գնահատականի հետ կապված ասում էին, որ համեստ ցուցանիշներ են, դա պայմանավորված է հենց նրանով, որ ՌԴ-ում էլ շատ բարձր ցուցանիշներ չեն ակնկալվում»:
Նա վստահեցրեց, որ բոլոր ռիսկերն իրենք հաշվի են առել. «Բյուջեի նախագծում մի հատոր բացատրագիր կա»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ նավթի գնի իջեցումն, իհարկե, ցավոտ է լինելու մեզ համար, ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցները մեծ գումարներ չեն ստանալու, տրանսֆերտները նվազելու են, հետեւաբար ՀՀ-ում արտահերթ ընտրություններն անխուսափելի են:
Նա դեռ խոսքը չէր ավարտել՝ խոսափողն էլի անջատեցին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բացատրեց, որ ընդամենը ժամանակը լրացավ, դրա համար անջատեց. «Էսօր շատ պարկեշտ, բարեկիրթ էիր: Վերջում էլի փչացրեցիր, բայց ըստ կանոնակարգ օրենքից է վերաբերմունքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ