Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակ (բանաստեղծություն)

Դեկտեմբեր 08,2015 13:35

Խառնակ օրեր են ու թեժ մրցավազք,

Իսպառ չքվել է խիղճը մարդկային,

Շուրջը թափառող ծով արհամարհանք,

Կյանքի կանգառ է ու սով երկնային:

 

Մոլորյալ ու բութ, լերթ հայացքներով,

Մուրացկանների ծով բազմություն է,

Նրանց աչքերում ամայություն է,

Ուղեղները՝ լի բոբիկ մտքերով:

 

Արժեքներ չկան, ծնկել են նրանք,

Կան շատ ծառաներ և անդեմ տերեր,

Ոմանք շինել են երկիրն ապարանք`

Եվ մարդկանց դարձրել անզոր ու անտեր:

 

Գործազրկություն ու ծով արտագաղթ,

Հավատի կորուստ և ոգու անկում,

Արժեքների սով, դատարկ մագաղաթ,

Խեղված հոգիներ, գիշերներ անքուն:

 

Անհեթեթ գիշեր, անիմաստ ցերեկ,

Անվերջանալի ճոխ խրախճանքներ,

Ինչքան լեցուն էր մեր օրը երեկ…

Խարույկին խանձվող մութ ճակատագրեր:

 

Դատարկ փողոցներ ու անշունչ տներ,

Անմիտ հայացքներ և ունայն բարքեր,

Բախտին հանձնված բազում հոգիներ…

Դեպ անհայտություն քայլող դիակներ:

 

Մարել է հույսը, էլ չկա հավատ,

Մարդկային կյանքը դարձել է դժոխք,

Ղեկին նստած են պոռնիկ ու կավատ,

Մարդուն չի փրկում՝ և ոչ մի աղոթք:

 

Փոշիացել են ողջ արժեքները,

Շուրջը իշխում է և մոլուցք, և կիրք,

Արդ գաղջ են բուրում մարդկանց մտքերը,

Հաղթողի դափնուն տեր է անկիրթը:

 

Մարդիկ նման են խաղալիքների,

Նրանց քայլերում չկա լրջություն,

Հազիվ է լսվում ձայնը չարքերի,

Որը ծնում է լոկ նենգ մատնություն:

Դեպ անհայտություն սուրող մեր միտքը,

Պատռում է քամուն, տապալում գետին,

Փորձում է ուղղել կռացած մեջքը,

Որ փրկի ազգի արնոտած հոգին:

 

Աշխարհում չունենք ոչ մի սպասող,

Երես են թեքել բոլորը մեզնից,

Տեր իմ, եթե կա մեզ գեթ մի փրկող,

Մեր փխրուն հույսն է՝ կախված քեզնից…

 

Պետք է հնչեցնել զգոնության կոչ,

Եվ համախմբել սրտացավ մարդկանց,

Մի բռունցք դարձած՝ երեխա և ջոջ,

Հավերժ ազատեն ճամփան ավետյաց…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031