Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը, ամփոփելով Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, բուն ընտրությունների անցկացման գործընթացը՝ փաստում է.
1. Քարոզարշավը չվերածվեց համահայաստանյան իրականության, որովհետև քաղաքացիների մի ստվար հատված ոչ միայն հետաքրքրված չէր Սահմանադրական բարեփոխումներով, այլ նաև ըստ պատշաճի տեղեկացված չէր:
2. Բուն ընտրական գործընթացը որակապես առանձնապես չէր տարբերվում նախկինում տեղի ունեցող ընտրություններից՝ այս կերպ ստվերելով Սահմանադրական հանրաքվեի ողջ իմաստն ու էությունը:
3. ՍԴՀԿ-ն ինչպես նախկինում, այժմ էլ գտնում է, որ խորհրդարանական կառավարման համակարգն այլընտրանք չունի, և փոփոխված Սահմանադրությունն ընդունում իբրև համակարգային փոփոխությունների լավագույն հնարավորություն:
4. ՍԴՀԿ-ն վստահ է, որ այս գործընթացում չպետք է փնտրել հաղթողներ և պարտվողներ. անհրաժեշտ է գտնել լուծումներ՝ երկրում անցնցում և համերաշխ մթնոլորտ ապահովելու համար, որի հիմնական նախաձեռնողը պետք է դառնա գործող իշխանությունը:
5. Ինչպես նախկինում, այժմ էլ ՍԴՀԿ-ն վստահ է, որ փոփոխված Սահմանադրությունը կարող է երկրում որակապես նոր իրավիճակ ստեղծել միայն և միայն իշխանությունների քաղաքական կամքի պարագայում, որի հիմնական շեշտադրումը պետք է լինի օլիգարխիան իշխանությունից տարանջատելն ու երկրում սոցիալական մեծ բարեփոխումների իրականացումը:
ՍԴՀԿ Հայաստանի վարչություն