Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզանից ավելի սուր քննադատող չկա». Գալուստ Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2015 13:09

Այսօր ԱԺ-ում «2016-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց նախագծի վերջնական տարբերակը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց. «Վերջին օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես եք դուք կանոնակարգի վրա հղում անելով՝ ընդդիմադիր պատգամավորների խոսափողն անջատում՝ ԱԺ-ի բնականոն աշխատանքը պահպանելու պատճառաբանությամբ: Հիմա ձեզ մեջբերեմ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 84-րդ հոդվածի երկրորդ մասը, որտեղ ասվում է, որ Բյուջեի մասին օրենքի քննարկումը վերսկսելուց հետո վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված ղեկավարը մինչեւ 1 ժամ տեւողությամբ ներկայացնում է բյուջեի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկում ներկայացված առաջարկությունները: Կետ չկա, որ մենք այսօր պետք է լսենք Պավել Սաֆարյանին: Ինչո՞ւ չի զեկուցում վարչապետը կամ ֆինանսների նախարարը»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես ոչ թե ընդդիմադիր պատգամավորների խոսափողն եմ անջատում կամ կասեցնում, այլ այն պատգամավորների, որոնք թեմայից դուրս կամ քննարկվող հարցից դուրս ինչ-որ բան են ասում, կամ այլ ուղղություն են տանում: Դա կապ չունի՝ ընդդիմադիր պատգամավոր է կամ իշխանական: Առավել եւս, դուք կարդացիք 84-րդ հոդվածը, որը համապատասխանում է այս իրավիճակին: Դուք ասում եք, որ նախարարը պիտի հանդես գա, մենք միշտ էլ այդ նախադեպը ունեցել ենք: Պավել Սաֆարյանը նույնպես ղեկավար է, այնպես որ, կառավարությունն այդպես է նպատակահարմար գտել»:

Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց. «Առանձնապես յալվար չենք վարչապետի կամ ֆինանսների նախարարի ելույթին, մենք խոսում ենք Կանոնակարգի մասին: Պարոն Սահակյան, երեկ երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արձագանքում էր Զարուհի Փոստանջյանի այն ելույթին, որի ընթացքում նրա խոսափողն անջատել էիք եւ թույլ չէիք տվել, որ նա ելույթ ունենար, նա արձագանքում էր այդ ելույթին, որը ոչ մի կապ չուներ օրենքի նախագծի հետ եւ նախագահող Շարմազանովը չընդհատեց նախարարին՝ պատճառաբանելով, որ Զարուհի Փոստանջյանին ոչ թե ինքն է ընդհատել, այլ դուք: Եթե սկզբունք եք պահպանում՝ պահպանեք սկզբունքը: Այդ ձեր բոլոր սկզբունքներով հիմա կասեք Վերահսկիչ պալատի նախագահը ստեղ չի, նախարարը ստեղ չի, Երեւանի քաղաքապետը շտապ գործ ունի, բայց ԱԺ-ից կարեւոր տեղ չի կարող լինել»:

Գալուստ Սահակյանն արդարացավ, թե Աշոտյանը դրա իրավունքն ուներ արձագանքելու. «Ցանկացած բարեկիրթ խոսք, ինչպիսի քննադատություն էլ լինի, մեր հասարակության համար ընդունելի է: Ձեզանից ավելի սուր քննադատող չկա, բայց եթե խոսքը բարեկիրթ է, քննադատության մասին խոսք լինել չի կարող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031