Արձանագրված ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:
– Դեկտեմբերի 6-ին բազմաթիվ ահազանգեր եղան, որ մարդիկ գնացել են քվեարկության և տեղում պարզել, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են։ Եթե այս ահազանգերը հաստատվեն, սրանք կարո՞ղ են լինել այն խախտումները, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա։
– Այո։ Դրանք հիմնարար խախտումներ են, որոնք ուղղակիորեն ազդում են քվեարկության արդյունքների վրա։ Ապացուցողական բազան այնքան պետք է լինի, որ դրանք ոչ թե կասկածի տակ դնեն ընտրությունների լեգիտիմությունը, այլ անվերապահորեն խոսեն համատարած կեղծիքների մասին, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա։ Ես կարծում եմ, որ այդպիսի բոլոր դեպքերը պետք է համառորեն տրամադրվեն իրավասու մարմիններին, և հետամուտ լինեն, որ մինչև վերջ բացահայտվեն և պատժվեն մեղավորները։ Եթե եղել է այդպիսի 1 կամ 2 քվեարկություն, հասկանալի է, որ մեղավորը կպատժվի, կամ պետք է հետամուտ լինել, որ պատժվի։
Բայց արդյոք այդ երկու դեպքերն ազդե՞լ են նույն տեղամասում վերջնական արդյունքի վրա։ Սա է վիճարկման հարցը։ Այդ պատճառով եմ ասում շահագրգիռ անձինք պետք է հետամուտ լինեն, որ որքան հնարավոր է շատ բացահայտեն կամ կարողանան ապացուցել, որպեսզի վիճարկեն ընդհանուր արդյունքների վրա ազդող հանգամանքը։
Կարդացեք նաև
– Տարբեր անձինք, որոշ դեպքերում՝ նաև հանձնաժողովների անդամները մտահոգություն էին հայտնում՝ լրացուցիչ ընտրացուցակների հետ կապված։ Հիմնականում նշվում էր, որ հնարավորություն է ստեղծվում կրկնակի քվեարկության համար։ Այս հանգամանքն ի՞նչ պայմաններում, ինչպե՞ս, ի՞նչ հիմնավորումների դեպքում կարելի է ստուգել։
– Ես չեմ բացառում։ Դրա վերահսկողական մեխանիզմը բացակայում է, և ես իսկապես կիսում եմ հանձնաժողովների անդամների և այդ բոլոր դիտորդների մտահոգությունները, որ լրացուցիչ ցուցակներում ներգրավված անձինք, գտնվելով վերահսկողությունից դուրս, կարող էին քվեարկել բազմաթիվ տեղամասերում։ Խոսքն այն մասին է, որ, այո՛, դրանց ընդհանուր ցուցիչը կարող էր ազդել այս կամ այն տեղամասի արդյունքների վրա։ Այո՛, ես
գտնում եմ, որ այդ քվեարկությունը կարող էր ազդել տեղամասային ընդհանուր պատկերի վրա։ Բայց կրկնում եմ՝ վերահսկողական մեխանիզմ ոչ միայն չկա, այլև այս պայմաններում դժվար է ասել, թե ինչպիսի վերահսկողական մեխանիզմ է անհրաժեշտ կիրառել, որպեսզի հնարավոր լինի բացառել լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձանց կրկնակի քվեարկությունը։
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում