Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանը եվրոպացի դիտորդներին հորդորում է փաստեր ներկայացնել

Դեկտեմբեր 08,2015 12:33

«Ես գտնում եմ, որ հանրաքվեն անցավ շատ ազնիվ և արդար, անաչառ, և գտնում եմ, որ յուրաքանչյուրին իր դիրքորոշումը հայտնեց: Այստեղ կեղծիքի մասին խոսք չի կարող լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կիրակի օրը կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն այսպես գնահատեց «Այո»-ի շտաբի պետի տեղակալ, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը:

Հակադարձելով`բազմաթիվ ընտրակեղծիքների մասին փաստերի առկայության մասին լրագրողների դիտարկումներին, Արմեն Երիցյանը փաստեր տիրապետողներին հորդորեց` դիմումներ ներկայացնել համապատասխան մարմիններին, որպեսզի ամեն գործով առանձին քննություն իրականացվի. «Դուք տեսաք՝ կային քաղաքներ, որ «ոչ»-ն էր ավելի, «այո»-ն ավելի քիչ էր, եթե կեղծում էին՝ այդտեղ էլ կկեղծեին»:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը պաշտոնական կայքէջում երեկ նախնական եզրակացություն է հրապարակել Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ։ «Համեմատաբար ցածր մասնակցությունը հանրաքվեին վկայում է այն մասին, որ հանրաքվեի անցկացումը պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ Հայաստանի ժողովրդի կարիքներով, այն շատ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես կառավարությանը վստահության քվե, այլ ոչ փոփոխության առաջարկների համար քվեարկություն: Բարեփոխումների երկուսուկես տարվա գործընթացը բավական ներառական չի եղել, խորհրդարանը միայն մի քանի շաբաթ է ունեցել տեքստը քննարկելու համար, իսկ հանրային քննարկումների համար տրվել է ընդամենը 2 ամիս ժամանակ, ինչն էլ դժվարացրել է համաձայնության ձեռքբերումը: Պատվիրակությունը ափսոսում է, որ իշխանությունները չեն եղել բավականաչափ մտահոգված նոր սահմանադրություն տանող գործընթացի ամբողջականությամբ, եւ պետք է նշենք մի քանի խնդիրներ, որոնցից շատերը արդեն նշված է եղել ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի ներկայացված նախորդ հանձնարարականներում»,- ասված է ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ:

Պատվիրակությունն անդրադարձել է նաև մի շարք խնդիրների ` ընտրացուցակների անճշտություն, շարժական քվեարկության բացակայությունը բացառել է հաշմանդամ քաղաքացիների մասնակցություն և այլն:

Հիշեցնենք, ԵԽԽՎ միջկուսակցական պատվիրակությունը`երեք պատվիրակներով, Հայաստանում է եղել դեկտեմբերի 4-7-ը՝ հանրաքվեի մշտադիտարկման նպատակով:

Բացասական գնահատական են տվել նաեւ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի դիտորդները:

Արմեն Երիցյանը դիտորդներին էլ է հորդորում`փաստեր ներկայացնել. «Այդպիսի բան չկա, եթե ինչ-որ մեկը քննադատում է պետք է ունենան իրավական հիմքեր, որը ես չեմ տեսնում: Եթե կան հիմքեր, թող ներկայացնեն, դրա համար կան իրավապահ մարմիններ»:

Երիցյանը համամիտ չէ, որ ԿԸՀ նախագահ Տիգրար Մուկուչյանն այս անգամ էլ «նկարչություն» արեց. «Մուկուչյանը նորմալ իր առջև դրված խնդիրներն է կատարել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031