Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Նախագահի հարցազրույցը լիովին փոխեց պատկերը» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 08,2015 12:16

Երևանի մամուլի ակումբն այսօր լրագրողներին ներկայացրեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի լուսաբանումը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում» մոնիթորինգի արդյունքները: ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրողները չեն արձանագրել օրենսդրության եւ կարգավորող նորմերի ակնհայտ խախտումներ. «6 հեռուստաընկերությունները՝ Հ1-ը, Հ2-ը, «Երկիր Մեդիան», Կենտրոնը, «Արմենիան», «Շանթը» եւ դրանց լրագրողներն աշխատում էին հավասարակշռված լուսաբանել արշավը, ակնհայտ կողմնապահություն չենք արձանագրել: Փորձ էր արվել կազմակերպել դեբատներ, առանձին հաղորդումներ, Ա1+Armnews համատեղ ռեալիթի շոուն, որը ցուցադրեցին նաեւ «Արմենիա»-ն եւ Հ1-ը»:

Ինչ վերաբերում է խնդիրներին, Բորիս Նավասարդյանի խոսքով, հանրաքվեներին եւ քարոզարշավին վերաբերող օրենսդրությունը թերի է մշակված. «Հունիսի տասին  օրենսդրության մեջ որոշակի ճշգրտություններ մտցվեցին, բայց ոչ բոլոր հարցերն են լուծված: Բավականին կարճ ժամանակահատված էր հատկացված հեռուստաընկերություններով քարոզարշավ իրականացնելու համար: Քարոզարշավը սկսվեց հոկտեմբերի 10-ին, բայց հեռուստաընկերությունները լուսաբանման մեջ ակտիվորեն մտան նոյեմբերի 6-ից: Դա բավարար ժամանակ չէր քարոզարշավի եւ այն լուսաբանելու համար: Դա կարճ ժամանակահատված էր նաեւ քաղաքացիների համար, գիտակցված եւ իրազեկ ընտրության գաղափարը դժվար է իրական համարել»:

Բանախոսի փոխանցմամբ՝ եթե քարոզարշավին կարող էին մասնակցել բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում անհատ քաղաքացիները, ապա հեռուստաընկերությունների եթերային ժամանակից օգտվելու համար սուբյեկտների ցանկը սահմանափակ էր. «Դրանից կարող էին օգտվել միայն խորհրդարանական 6 խմբակցությունները: Հանրային հեռուստաընկերությունով եթերաժամանակ էր տրված միայն այդ խմբակցություններին, ինչը «հուշում» հանդիսացավ նաեւ մասնավոր հեռուստաընկերությունների համար»:

ԵՄԱ նախագահն արձանագրեց, որ թեեւ նշյալ հեռուստաընկերություններով լուսաբանումը հավասարակշիռ էր, բայց Հանրապետական կուսակցությունն առավելություն ստացավ. «Կարծում եմ՝ դա հիմնականում պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցով, որը տրվել էր մի շարք հեռուստաալիքների: Օրենքի խախտում այստեղ արձանագրել չենք կարող, բայց քարոզարշավի առումով անցանկալի քայլ էր: Այդ մեկ հարցազրույցը լիովին փոխեց պատկերը՝ մեծ առավելություն տալով Հանրապետական կուսակցությանը, որովհետեւ Սերժ Սարգսյանն ընկալվում է որպես այդ կուսակցության առաջնորդ: Հարցազրույցը հատկապես ինտենսիվ լուսաբանվում էր Հ2-ով: «Շանթը» եւ «Արմենիան» այս դեպքում ավելի համեստ գտնվեցին»:

Հատկանշական է, որ հեռուստաընկերություններում 6 խորհրդարանական խմբակցություններից ավելի շատ եթերաժամանակ է տրամադրվել ՀՀԿ-ին, իսկ բոլոր քաղաքական ուժերի մեջ՝ «Ոչ»-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031