Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական հեղաշրջման անհաջող փորձ. Արդյո՞ք հարցը փակված է. armenian-community.ge

Դեկտեմբեր 08,2015 12:10

Անցնող հանգստյան օրերին Վրաստանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնի մեր երկրում ապրող և իր ապագան Վրաստանի հետ կապող յուրաքանչյուր ողջամիտ մարդ: Իսկ կատարվածը հետևյալն է.

Ուրբաթ օրը` դեկտեմբերի 4-ին, Վրաստանի Խորհրդարանի անդամները, այդ թվում նաև երկրի վարչապետը ներկա են գտնվել քաղաքային թատրոնում: Ներկայացումը դիտելու էր եկել նաև Իրյա Երկրորդը: Թատրոնում հավաքված հանդիսատեսը ականատեսը դարձավ վրաց պատրիարքի և երկրի իշխանությունների միջև արդեն կանոն դարձած ողջույնի «ծիսակարգին»: Իսկ ծիսակարգը կայանում է նրանում, որ պատրիարքի հետ հանդիպելիս Վրաստանի աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները` նախագահը, վարչապետը, նախարարները և այլոք, ծնկի են իջնում և ջանադրաբար համբուրում Իլյա Երկրորդի ձեռքը: Չենք դատի, թե ինչքանով է ճիշտ պետական այրերի նման պահվածքը: Յուրաքանչյուրն արտահայտում է իր կրոնական զգացմունքներն այնպես, ինչպես կարող է կամ ինչպես հարկն է համարում…

Մի խոսքով, պատրիարքը և վարչապետը, անցկացնելով ավանդական ողջույնի ծիսակարգը և դիտելով ներկայացումը, որտեղ դերերը կատարում էին վրացական բանտերի կին-կալանավորները, երկու հայտարարություն արեցին, որոնք, ըստ էությամբ, մեծ հարցականի տակ դրեցին մեր երկրի ապագան:

«Մենք զրուցեցինք երկրի վարչապետի հետ: Պատրիարքը կալանավորներին համաներում շնորհելու իրավունք պետք է ունենա», -հայտարարել է վրաց պատրիարքը:

Այդ պահին Վրաստանի վարչապետը ոչ մի կերպ չարձագանքեց պատրիարքի սենսացիոն, հակասահմանադրական հայտարարություն-պահանջին: Մինչդեռ, մի քանի ժամ անց երկրի վարչապետի վարչության մամլո-ծառայությունը տարածեց հետևյալ բովանդակության հայտարարությունը.

«Ամենայն վրաց Կաթողիկոս-Պատրիարք, Սրբագույն և Ամենապատիվ Իլյա Երկրորդը վրաց ժողովրդի հոգևոր առաջնորդն է, և նրա կարծիքը կարևոր է և թանկ բոլորի համար: Վրաստանի վարչապետը կարծում է, որ պատրիարքի ներառվածությունը կալանավորներին համաներում շնորհելու գործում կարող է դրական դեր խաղալ: Համապատասխանաբար, Սրբագույն պատրիարքի խնդրանքի հիման վրա Կառավարությունը կդիմի նախագահին և Խորհրդարանին տվյալ հարցի ուսումնաիրությունը քննարկելու առաջարկով», -ասված է Վրաստանի վարչապետի վարչության հայտարարությունում:

Ահա այսպես…

Որպեսզի հարգելի ընթերցողն ամբողջությամբ կարողանա հասկանալ տվյալ հայտարարությունների ողջ նշանակությունը, անհրաժեշտ է հիշեցնել, որ Վրաստանը իրավական, աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին պետական իշխանության մարմին չի հանդիսանում: Նաև երկրի Սահմանադրության համաձայն` կալանավորներին համաներում շնորհելու եզակի լիազորությամբ օժտված է ընդամենը մեկ մարդ` երկրի նախագահը:

Բարդ է ասել, թե ինչով էր առաջնորդվում երկրի վարչապետի վարչությունը, երբ հնչեցնում էր տվյալ հայտարարությունը, մինչդեռ փաստ է, որ Վրաստանի` որպես աշխարհիկ պետության կարգավիճակը կարևոր է ոչ բոլոր քաղաքացիների համար, ավելին, կարևոր է պետական իշխանության ոչ բոլոր ներկայացուցիչների համար…

Հաջորդ առավոտ, պատրիարքի հայտարարություն-պահանջի հնչեցումից և հակասահմանադրական նախաձեռնությանն աջակցելու և Սահմանադրության տեքստը վերանայելու պատրաստ վարչապետի հայտարարություններից հետո մեկը մյուսի հետևից հայտարարություններով են հանդես եկել Պրոբացիայի նախարարը, մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը (կրթությամբ իրավաբան), Թբիլիսիի քաղաքապետը, ինչպես նաև երկրորդական նշանակության պաշտոնյաների մի ամբողջ շարք: Նրանք բոլորը միաձայն հայտարարել են` լավ նախաձեռնություն է, պետք է սկսել աշխատանքը տվյալ ուղղությամբ և այլն…

Մինչդեռ, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:

Ակնհայտ է, որ վրացական հասարակությունը, այնպես, ինչպես քաղաքական վերնախավը համամիտ չեն Վրաստանի` աստվածապետական ղեկավարման ձևին փոխակերպվելու մտքի հետ: Պատրիարքի` իրեն կալանավորներին համաներում շնորհելու լիազորությամբ օժտելու պահանջը դժգոհություն և զարմանք է առաջացրել վրաց հասարակության որոշակի մասի մեջ:

«Երկրի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստվում է դիմել Խորհրդարանին և նախագահին, զարմանք է հարուցել: Մենք ի՞նչ պետք է քննարկենք: Այդ թեմայով նույնիսկ չարժե խոսել: Կարծում եմ, որ այն պատգամավորները և նախարարները, որոնք միանգամից աջակցել են տվյալ առաջարկությանը իրենց ոչ իրատեսորեն են պահել: Ճիշտ հաշվարկ չեն արել», -հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Դավիթ Բերձենիշվիլին:

«Վրաստանում բոլոր քաղաքական գործողությունները իրականացնում են երկրի քաղաքացիների կողմից ընտրված մարմինները: Կամ այն մարդիկ, որոնք լիազորված են ժողովրդի կողմից ընտրված մարմնի կողմից: Դրանով ամեն ինչ ավարտվում է: Բա՜վ է: Պատրիարքարանը, պատրիարքը և եկեղեցին Աստծո կողմից հիմնադրված մարմիններ են, նրանք առաջնորդվում են Աստվածաշնչով և նրանք ոչ մի անմիջական կապ չունեն երկրի Սահմանադրության հետ», -հայտարարել է Քաղաքացիական համերաշխության հարցերով Վրաստանի նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

«Մի բան է ներել մեղքերը, մեկ այլ բան համաներում տալ կալանավորներին: Ես չեմ կարողանում հիշել որևէ երկրի, որտեղ այդ ծանր բեռը` կալանավորներին համաներում շնորհելը, բացի երկրի նախագահից տրված է էլի ինչ-որ մեկի: Համաներում շնորհելը հաճելի իրավունք չէ: Հնարավոր է պատրիարքը նկատի ուներ` մասնակցել տվյալ գործընթացին, և ոչ թե համաներում շնորհելու իրավունք ստանալ», -զարմանքով հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:

Երկու օր` շաբաթ-կիրակին, դարձել էին հակասական հայտարարությունների օրեր: Իրենց դիրքորոշումն են արտահայտել փաստացիորեն բոլորը` նույնիսկ արտասահմանյան պետությունների ներկայացուցիչները:

«Դա շատ տարօրինակ նախաձեռնություն է: Ամենակարևորը բանը, որ մենք ունենք, դա աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարանջատման սկզբունքն է: Եթե ձեր երկրում կրոնական առաջնորդները օժտվում են աշխարհիկ իշխանության լիազորություններով, ապա նշանակում է, որ դուք չունեք ղեկավարման եվրոպական ձևը: Դա կարող է համեմատվել մուսուլմանական երկրներին բնորոշ ձևի հետ: Եվրոպական երկրներում նման բաներ գոյություն չունեն, դա անընդունելի է», -դեկտեմբերի 6-ին հայտարարել է Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը:

Նույն օրը ևեթ` դեկտեմբերի 6-ին, Վրաստանի Պատրիարքը հանդես է եկել ևս մեկ, արդեն լիովին սպասելի հայտարարությամբ:

«Դեկտեմբերի 5-ին (!) պետական թատրոնի բեմում առաջին անգամ տեղի ունեցավ ներկայացում կին կալանավորների մասնակցությամբ: Ներկայացումը և ընդհանուր մթնոլորտը շատ զգացմունքային էր: Հենց այդ տպավորության տակ էլ Սրբագույն պատրիարքը հայտնել է, որ լավ կլիներ, եթե Պատրիարքը իրավունք ունենար համաներում շնորհել կալանավորներին: Դա ասված է եղել կալանավորների հանդեպ հանդուրժողականության հաշվառմամբ, նրանց աջակցելու և օգնելու ցանկությամբ: Դա տվյալ հարցն օրենսդրական մակարդակով քննարկում սկսելու մասին պահանջ չի եղել», -ասված է վրացական եկեղեցու Պատրիարքարանի հայտարարությունում:

Հաջորդ օրը` արդեն երկուշաբթի, դեկտեմբերի 7-ին, Վրաստանի նախագահը, որին քիչ էր մնում զրկեին իր հիմնական գործառույթներից մեկից, հանդիպել է պատրիարքի հետ: Իլյա Երկրորդի հետ հանդիպումից հետո Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ տվյալ հարցն արդեն փակված է:

«Քաղաքացիական հասարակության ակտիվության և Պատրիարքարանի պարզ հայտարարության շնորհիվ տվյալ հարցն արդեն փակված է: Ամեն դեպքում, այս օրերին մենք հերթական անգամ տեսանք մեր քաղաքական գործիչներին և պետական պաշտոնյաներին, որոնց անմտածված քայլերը մեր պետության կառույցի հիմնարար հիմքերի վերաբերյալ, կարող են հանգեցնել բազմաթիվ բարդությունների: Կարծում եմ, որ դրա վրա պետք է ուշադրություն դարձնել», -հայտարարել է Վրաստանի նախագահը:

Իսկապես, դժվար է չհամաձայնել երկրի նախագահի կարճ հայտարարության երկրորդ մասի հետ…

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031