Ինչպե՞ս կորակեք հանրաքվեի ընթացքը, ձեզ գոհացնո՞ւմ են ընտրություններին ժողովրդի մասնակցությունը հարցով դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով նշեց.
– Ամենակարևորը , կարծում եմ, մեր հանրությունը տեսնում է, որ Հայաստանում անցկացվող ընտրական գործընթացների բնույթը քայլ առ քայլ փոխվում է, և այս հանրաքվեի անցկացումը , այս իմաստով, վառ օրինակ էր:
– Սուր լարվածության, դրամատիզմի , անառողջ պայքարի այն ավանդույթը, որը հաճախ որակվում է՝ որպես «կենաց –մահու» կռիվ, քայլ առ քայլ իր տեղը զիջում է առավել քաղաքակիրթ, գաղափարական պայքարին: Այն պատային իրավիճակը, թիմը թիմի դեմ ելած անզիջում դրսևորումները հետզհետե վերանում են, և մեր ընտրությունների որակը և բնույթը տարեց տարի փոխվում է ՝ գնալով դեպի այն ընտրական ստանդարտները և գործընթացները, որ մենք տեսնում ենք ժողովրդավարական երկրներում՝ անխոչընդոտ, հանգիստ և կազմակերպված հնարավորություն ընձեռելով ընտրողին՝ իրապես որոշելու իր ապագան, երկրի ապագան: Այն բացասական երևույթները, որոնց տարիների ընթացքում սովոր էր մեր հասարակությունը՝ քվեատուփ ջարդել, հոսանքազրկումներ, քարոզչության անհավասար պայմաններ, լրատվամիջոցներում միակողմանիություն և այլն, անցնում են պատմության գիրկը: Արդեն բազմաթիվ երևույթներ, որոնք տարիներ առաջ պարզապես ստվերել են մեր ընտրական գործընթացները, մոռացված են և հիմա` կա’մ հիշատակվում են որպես նախկին ընտրական դիտարկումների փաստարկներում երբեմնի տեղ գտած խնդիրներ, կա’մ մնացել են որպես մեր ընդդիմադիր գործընկերների մտածողության իներցիան և այսօրվա գործընթացները արհեստականորեն ստվերելու վերջին հույսը: Եվ, իրոք, այսօր իշխանությունը նպատակ դրեց , կամք ցուցաբերեց և ռեալ, անգամ պատժողական բնույթի քայլեր կատարեց, որպեսզի ընտրողը կարողանա հանգիստ միջավայրում իր կարծիքն արտահայտել:
-Ինչո”վ տարբերվեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեն նախորդ ընտրություններից. նշեք մի քանի որոշակի գործոններ, եթե դրանք կան:
Կարդացեք նաև
-Այս հանրաքվեն տարբերվում էր ոչ միայն կազմակերպվածության և քվեարկության օրվա իմաստով, այլև քարոզչական արշավի ընթացքով, որի ժամանակ հավասար հնարավորություններ էին ստեղծված բոլոր մասնակիցների համար: Հատկանշական էր , որ կիրառվեց մեզ համար մի նոր քարոզչական մեթոդ, ինչպիսին ,,ռեալիթի շոու,,-ն էր, երբ ուղիղ եթերում անընդմեջ՝ հանրության աչքի առաջ տեղի էր ունենում և՛ քննարկում, և՛ բանավեճ երկու ճամբարների ներկայացուցիչների և համախոհների միջև, հնչում էին բազմաթիվ կարծիքներ՝ մաքսիմալ տեղեկացվածության հնարավորություն ընձեռելով հասարակությանը՝ մասնակցելու երկրի համար այս կարևոր գործընթացին:
Շատ կարևոր է նաև, որ հետընտրական գործընթացները ևս լինեն համապատասխան: Իհարկե պահպանելով օրենքի տառը և ոգին, պահպանելով ժողովրդավարական երկրին բնորոշ մարդու իրավունքը և ազատությունը` անկաշկանդ հայտնելու իր կարծիքը, դժգոհությունը և այլն, այնուամենայնիվ, կարևորում եմ, որ մեր հանրությունը չկիսեց որոշ ուժերի հույսերը` հանրաքվեն վերածելու իրենց անձնական կամ խմբակային նպատակները իրագործելու միջոցի, երկիրը ևս մեկ անգամ տանելու դեպի ցնցումներ, անվստահություն սերմանելու, համապետական գործընթացները ստվերելու, իրավիճակը սրելու ճանապարհով` դեպի նոր դիմադրության: Մեզ, մեր երկրին դա պետք չէ: Թե’ Սահմանադրությունը բարեփոխելու, և թե’ ամբողջական մեր գործունեության նպատակը եղել և մնում է, ինչպես երեկ իր ելույթում շեշտադրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մեր հանրության բոլոր կարող ուժերը միավորելու ճանապարհով մեր երկիրը առաջ տանելը: