Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան. «Անպտուղ գործ է հանրաքվեի արդյունքների բողոքարկումը»

Դեկտեմբեր 08,2015 12:01

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անցկացման իմաստով որևէ առաջընթաց չի արձանագրվել: «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պողոսյանը նկատեց. «Այն հանրաքվեն, որն ունեցանք դեկտեմբերի 6-ին, որևէ բանով չէր տարբերվում նախկին բոլոր հանրաքվեներից կամ ընտրական գործընթացներից: Մենք շատ դանդաղ ենք քաղաքակրթվում»:

Պատգամավորը դրական տեղաշարժ համարեց այն, որ մամուլը լավագույնս լուսաբանել է հանրաքվեն և իր քաղաքացիական պարտքն է կատարել:

Ըստ Թևան Պողոսյանի՝ ձևավորվել է գիտակից վստահված անձանց, դիտորդների բանակ. «Ուրախ եմ, որ երիտասարդներ ունեինք, որ նույնիսկ ծեծ ուտելու հաշվին կարողացել են պայքարել»:

Հարցին՝ նպատակահարմա՞ր է հանրաքվեի արդյունքների բողոքարկումը, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Բողոքարկումն այսօրվա համակարգում որևէ բան չի տալու որևէ հույսի հավատ էլ չկա, անպտուղ աշխատանք է լինելու արդյունքների իմաստով բողոքարկելը: Բայց բոլոր դեպքերը, որ արձանագրվել են, պիտի քննվեն ու պատժվեն մեղավորները. այդ պատիժը այնպիսին պիտի լինի, որ ապագայում նման բան մարդիկ չցանկանան անել»:

Այն հարցին՝ ի՞նչ տվեց և տարավ մեզնից հանրաքվեն միջազգային հեղինակության առումով, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Միջազգային վարկանիշի իմաստով ճիշտ չէ գնահատական տալ: Պիտի սովորենք, որ այն, ինչ անում ենք, անում ենք մեզ համար: Իսկ թե ինչ կտա մեր երկրին, բխելու է նրանից, թե ինչպես ենք մենք աշխատելու»:

ՀՅԴ-ի պահվածքը Թևան Պողոսյանը չցանկացավ մեկնաբանել, այլ ասաց. «Եթե ցանկանում ենք իսկապես դառնալ ժողովրդավար երկիր, պիտի գիտակցենք, որ այդ տեսլականը, որ հանձնում ենք թղթին ու դրանով գնում դուռ առ դուռ և ժողովրդի քվեն հայցում, պետք է կյանքի կոչել, հակառակ դեպքում արդար չես լինի»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031