ՀՀ քաղաքացի Վարդան Թովմասյանի 18-ամյակն այս տարի լրացել է եւ նա ձեռք է բերել համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք։
– Կպատմե՞ք՝ որտեղ ու ինչ ընտրախախտումների եք ականատես եղել։ Փաստորեն, դրանք այնքան ակնհայտ էին, որ ընդամենը մի կարճ ժամանակով քվեարկելու համար տեղամաս մտած, այն էլ՝ ընտրությունների մասնակցության փորձ չունեցող քաղաքացին կարող էր տեսնե՞լ։
– Առավոտյան որոշել էի գնալ ընտրության, բայց ժամանակի սղության պատճառով երեկոյան գնացի։ Նշեմ, որ տեղամասում չնկատեցի ոչ մի լրագրողի կամ դիտորդի ու ականատես եղա անօրինականությունների մի շարքի։ Դրանք սկսվեցին հենց տեղամասի մուտքի մոտից։
Անմիջապես մուտքի մոտ, ինչպես նաեւ տեղամասի նախասրահում հավաքված էին տասնյակ մարդիկ, որոնք ուղեկցում էին ընտրողների մեծ մասին դեպի ընտրատեղամասեր՝ ճանապարհին հորդորելով ասել «Այո» նոր սահմանադրությանը, այնուհետեւ հետ էին գնում իրենց նախնական տեղերը եւ այդպես շարունակ։
Կարդացեք նաև
Ինչեւէ, գնացի առաջ, մոտեցա ինձ սպասարկող հանձնաժողովի անդամին եւ ասացի հասցես։ Նա պատասխանեց, որ նշված հասցեն պետք է փնտրել տեղամասի մյուս կողմում։ Հետեւեցի հրահանգին, նշված հատվածում մոտեցա հանձնաժողովի անդամին, խնդրեց սպասել։ Այդ ընթացքում նա հաշվում էր մատյանի մեջ դրված այն կնիքների թիվը, որոնց կողքին դրված էին կետեր, մոտ երեք րոպե հետո նա վերջացրեց ու ստացվեց 139 թիվը, հայտնեց հանձնաժողովի մյուս անդամին, այնուհետեւ սկսեց փնտրել իմ հասցեն։ Իմ տպավորությամբ, կետերը դրված էին այն մարդկանց անունների տողում, որոնց փոխարեն քվեարկել էին։
Երկար փնտրելուց հետո ասաց, որ իմ հասցեն իր մոտ չէ: Ինձ նորից ուղարկեցին հանձնաժողովի այն անդամի մոտ, որին սկզբում մոտեցել էի։ Այստեղ արդեն հերթ էր գոյացել, քանի որ մի կին եկել էր ընտրության եւ պարզվել էր, որ նրա փոխարեն արդեն ընտրել են, սկսվել էր իրարանցում։ Անընդհատ հանձնաժողովի անդամին էին մոտենում չլիազորված մարդիկ եւ պահանջում էին երկարաձգել գործընթացը, այնպես, որ կինը չհասկանա տեղի ունեցածը, նույնիսկ առաջարկեցին կնոջը առանց իր հասցեն գտնելու քվեարկել լրացուցիչ ցուցակում՝ ավելացնելով նրա անունը։ Բայց կինը հրաժարվեց, պահանջելով գտնել իր անունը։ Նրան խնդրեցին մոտենալ մյուս տեղամաս՝ պատճառաբանելով, որ իր հասցեն գուցե այնտեղ է, նա գնաց մյուս տեղամաս, իսկ այդ ընթացքում բերեցին մի շարք ջնջող նյութեր եւ հանձնաժողովի անդամը սկսեց ջնջել նշված տողը։ Եվ երբ արդեն տողը մաքուր էր, կնոջը հետ կանչեցին եւ տեղեկացրին, որ գտել են նրա տվյալները։ Նա մոտեցավ, ստորագրեց եւ քվեարկեց, ու ստացվեց, որ մեկ անձը քվեարկեց երկու անգամ։
– Հիասթափվա՞ծ եք եւ արդյոք ա՞յլ սպասելիքներով էիք քվեարկության գնում։
– Միանշանակ հիասթափված եմ եւ, եթե լինեմ անկեղծ, մտածում էի, որ կլինեն խախտումներ, բայց նման աստիճանի բացեիբաց անօրինականություններ չէի սպասում:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում