«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը նախօրեից ակտիվորեն հավաքում եւ հրապարակում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքները։
– Ըստ ձեզ, ի՞նչ է ցույց տալիս այս հանրաքվեն, հնարավո՞ր է հետագայում հասնել նրան, որ ընտրությունները չկեղծվեն ու ինչպե՞ս կարելի է դրան հասնել։
– Վերահսկողությամբ կարելի է հասնել դրան։ Բայց վերահսկելը հեշտ գործ չէ։ Պետք է դրա ճիշտ ձեւը իմանալ։ Արդյունավետ վերահսկողության համար պարտադիր է հետեւյալը՝
1. Լրիվ բավարար կլինի, եթե տեղամասում լինեն երեք հոգի, ովքեր միասին կաշխատեն ու կօգնեն իրար։ Մեկ հոգին բավարար չէ: Մեկ հոգուն կարող է տանել ոստիկանությունը, ինչպես այս անգամ եղավ, կարող են վախեցնել, կաշառել կամ ինչ-որ կերպ մեկուսացնել տեղամասից։ Երեք հոգուն գրեթե անհնար է։
Կարդացեք նաև
2. Պետք է պարտադիր իմանալ օրենքը։ Բայց սա քիչ է: Պետք է դասընթացների մասնակցել, փորձված դիտորդ-վստահված անձանց փորձը սովորել։ Բայց սա էլ է քիչ։ Պետք է հասկանալ, թե ընտրակեղծիքի ի՞նչ մեխանիզմներ կան։ Ու դեռ սա էլ է քիչ։ Պետք է կարողանալ այնպիսի պահվածք ունենալ տեղամասում, որ խոցելի չլինես։ Չթշնամանաս, բայց չընկերանաս էլ։ Բոլորը պետք է իմանան, որ պատմած անեկդոտի վրա կծիծաղես, բայց 10 րոպե հետո լցոնման դեպքում ոստիկանություն կկանչես ու հանցագործության մասին հաղորդում կտաս։
3. Պետք է ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ լինես, որովհետեւ շատ լուրջ ճնշում է լինում, փորձում են ճշտել «ուրդո՞ւց ես, ապե-քուր ջան, ի՞նչ ես անում ստե, սրան-նրան ճանաչո՞ւմ ես» եւ այլ հարցեր են լինում։ Հետո, եթե ընկերանալ չի ստացվում, անցնում են վիրավորանքի ու սպառնանքի։
4. Պետք է հստակ պատկերացնել անելիքներն ընտրակեղծիքի կանխման կամ/ու բացահայտման դեպքում՝ առաջին քայլ, երկրորդ քայլ, երրորդ քայլ ու այդպես անգիր իմանալ ինչ, երբ ու ինչպես անել։ Տարբեր կարգավիճակներ ունեցող վերահսկողները (դիտորդ, վստահված անձ, ԶԼՄ ներկայացուցիչ) տարբեր հնարավորություններ ունեն, ու պետք է իմանալ՝ ով որ հնարավորությունն օգտագործի՝ կանխելու, բացահայտելու, փաստեր հավաքելու, հրապարակելու, բողոքարկելու ու իրավական դաշտում պահանջներ ներկայացնելու համար։ Բոլորը չեն կարող անել ամեն ինչ, ամեն մեկը կարող է իր կարգավիճակի չափով անել։ Բայց այդ ամենը պետք է իմանալ։
5. Պետք է պատկերացնել ընդհանուր քաղաքական իրավիճակը ու հասկանալ՝ ում կարելի է վստահել, իսկ ում պետք է անընդմեջ հսկել։ Ու այսպիսի բազմաթիվ բաներ…
Ամեն ուրբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այս թեմաներով հավաքներ են կազմակերպում։ Ամեն մեկի փորձը կարեւոր է։ Եթե ուզում ենք սովորել ճիշտ վերահսկել, ոչ թե պարզապես գնալ, առանց աչք թարթելու քվեատուփին նայել ու մասնակիցների թվով գծիկներ քաշել՝ պետք է իմանալ վերահսկելու ճիշտ ձեւերը։ Մարդիկ ցանկություն ունեն կանխելու, բացահայտելու, բայց դա այնքան հեշտ չէ, պետք է ձեւը իմանալ։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում