Ուշադիր հետևելով ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին, հերթական անգամ ստիպված ենք խորը ափսոսանքով արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները ամենից անօրինական ու անընդունելի եղանակներով և ձեռքի տակ եղած ողջ զինանոցի գործադրմամբ, խոչընդոտել են ժողովրդի՝ ազատ կամարտահայտման միջոցով՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի իրացմանը: Քվեարկության մեկնարկից առաջ գիտակցաբար ստեղծված մթնոլորտը, քվեարկության օրվա ընթացքում ընտրատեղամասերում և դրանց շրջակա տարածքներում գրանցված բազմաթիվ ընտրախախտումները, իսկ ընտրական տեղամասերի պաշտոնական փակումից հետո նաև՝ որոշներում հաշվարկի չսկսելը, նրա ընթացքը չհիմնավորված կերպով կասեցնելը, շատ դեպքերում «Այո»-ի և «Ոչ»-ի վավեր քվեների փոխատեղումը, «Այո»-ի օգտին լրացված և նոր հայտնված քվեաթերթիկների ի հայտ գալը, որոշ ընտրատեղամասերում հանձնաժողովի կողմից «Ոչ»-ի փաստացի հաղթանակը օրենքով սահմանված կարգով վավերականացնելուց հրաժարվելը, կամ՝ արդեն կնիքված և ԿԸՀ ուղարկելու պատրաստ փաթեթների պարունակությունը փոխելու փորձերը, ինչպես նաև ՀՀ ԿԸՀ կողմից տարվող պրովոկացիոն քաղաքականությունը և համատարած այլ ընտրախախտումների գոյությունը, գալիս են մեզ բոլորիս համոզելու, որ մենք վկան ենք ՀՀ բարձրագույն իշխանության կողմից նախօրոք լավ կազմակերպված հերթական պսևդո-քվեարկությանը, որում սեփական ժողովրդից խլվել է նրա հաղթանակը: Դա մի իրողություն է, որը արձանագրել են նաև քվեարկության օրը դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր միջազգային կազմակերպություններ: «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ Սահմանադրության փոփոխված տարբերակն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի անվտանգության և ժողովրդավարացման գործընթացի համար: Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների միակ նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացնումն էր: Մենք խորը ափսոսանք ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հերթական խայտառակ ընտրությունների անցկացման կապակցությամբ և մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի իշխող ռեժիմի կամայականությունների դեմ պայքարող մեր բոլոր հայրենակիցներին:
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
ԼՂՀ, ք. Ստեփանակերտ,
08.12.2015թ