Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված հանրաքվեի ընթացիկ արդյունքների նախնական ցուցանիշն ըստ մարզերի եւ ըստ տեղամասերի:
Արդյունքներն ուսումնասիրելիս մի ուշագրավ պատկերի ականատես եղանք: Ըստ ԿԸՀ տվյալների՝ ազատազրկվածների մեծամասնությունը կողմ է Սահմանադրական բարեփոխումներին:
Օրինակ՝ Երեւանի Կենտրոն համայնքում տեղակայված 10/34 ընտրատեղամասում, որն www.elections.am կայքում նշված է որպես ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, քվեարկած 34 ազատազրկվածներից 29-ը «այո» են ասել Սահմանադրական փոփոխություններին, իսկ 4-ը՝ «ոչ»:
Նման պատկերի ականատես եղանք նաեւ մեկ այլ տեղամասում: Երեւանի Էրեբունի համայնքում տեղակայված 13/40 ընտրատեղամասում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ) քվեարկությանը մասնակցած 51 ազատազրկվածներից 47 «այո» են ասել Սահմանադրական փոփոխություններին: 2 հոգի «ոչ» են քվեարկել, 2 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Կարդացեք նաև
Սուրիկ Խաչատրյանի ղեկավարած մարզում՝ Սյունիքում, տեղակայված 37/77 ընտրատեղամասում (Գորիս ՔԿՀ) հանրաքվեին մասնակցած 24 դատապարտյալները միաձայն «այո» են ասել խորհրդարանական կառավարման համակարգին:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ