Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ նեղանալ ժողովրդից

Դեկտեմբեր 08,2015 10:08

Ես հաճախ եմ քայլում Երեւանի փողոցներով եւ առնվազն օրը մեկ անգամ մետրո եմ մտնում: Տեսնում եմ մարդկային բազմաթիվ դեմքեր` ուրախ, տխուր, անտարբեր, կենտրոնացած եւ այլն: Բայց դրանք բոլորը նորմալ մարդկանց դեմքեր են: 4-5 տարին մեկ, ինչպես նաեւ այս անգամ` «արտահերթ», ես գործընկերներիս նկարած կադրերում տեսնում եմ թաղային խուժանի դեմքեր` այն խուժանի, որին արդեն 20 տարի իշխանությունն օգտագործում է` «ընտրություններ» եւ «հանրաքվե» կոչվող միջոցառումների ժամանակ: Այլ պարագայում ես այդ «կոնտինգենտին» չեմ հանդիպում` հավանաբար, նրանք ոտքով չեն քայլում եւ մետրոյով չեն երթեւեկում:

Այդ՝ «թաղում հարց լուծող տղերքի» հիմնական գործառույթն է ահաբեկել այն մարդկանց, որոնք եկել են տեղամասեր՝ ընտրությունների օրինական ընթացքին հետեւելու համար: Երբ վերջիններս, որոնք, որպես կանոն, լավ ընտանիքներից, դաստիարակված եւ որոշ գաղափարների հավատացող երիտասարդներ են, փորձում են կանխել որեւէ ապօրինություն (լցոնում, հավելագրում եւ այլն), այդ «քյարթուները» սկսում են սպառնալիքներ տեղալ, հրմշտել, ծեծել: Բնականաբար, այդ ամենը նրանք անում են տեղամասային հանձնաժողովի նախագահի եւ ոստիկանության հետ համագործակցելով:
Այդ ամենն, իհարկե, վիրավորական է: Եվ մարդիկ ամեն մի ընտրությունից ու հանրաքվեից հետո, սկսած 1995 թվականից, իրենց վիրավորված են զգում (չգիտեմ, արդյոք ճի՞շտ բառ եմ օգտագործում): Ենթադրում եմ, որ արտագաղթի պատճառը նաեւ դա է եւ ոչ միայն նյութական խնդիրները: Իհարկե, Ռուսաստանում եւ այլուր նրանց նույնպես, հնարավոր է, վիրավորեն, բայց պարզ է՝ քո երկրում դրանից ավելի մեծ ցավ ես ապրում: Մարդիկ վիրավորվում են նախեւառաջ իշխանություններից, եւ դա բնական է: Ինչ-որ չափով ընդունելի է, որ մարդիկ մի քիչ նեղանում են նաեւ ընդդիմությունից, որի ծրագրերը հաճախ մշուշոտ են:

Բայց բացարձակապես անընդունելի է, երբ մարդիկ նեղանում են ժողովրդից: «Է՞ս չի քո ժողովուրդը»,- արհամարհանքով հարցնում են նրանք՝ ցույց տալով վերը նկարագրված «զոմբիներին»: Ոչ, վստահաբար, «էս չի»: Ոչ էլ նրանք են, ովքեր այդ խաժամուժից վախենում են կամ նրանցից ընտրակաշառք են վերցնում: Նրանք բոլորն, իհարկե, հայ են, բայց ժողովուրդը հավաքական կերպար է, եւ նույնականացնել մեր ժողովրդին միայն այդ խմբերից որեւէ մեկի հետ, ինձ թվում է, մեծ սխալ է: Իսկ ժողովրդի մեծամասնությունը, վստահ եմ, կազմում են պարկեշտ, նորմալ մարդիկ: Բայց նրանք չեն կարողանում ինքնակազմակերպվել, երբ վերոհիշյալ խավարասերները դուրս են գալիս իրենց մութ անկյուններից:

Պատմում են, որ երբ 1987 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ստորագրություններ էին հավաքում հօգուտ Հայաստանին միանալու, շատերը վախենում էին ստորագրել: Մի քանի տարի անց նույն մարդիկ կռվում էին առյուծների նման:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Դեկտեմբերի 6-ից հետո այլևս ունենք երկու պետություն՝ Հայաստանի Հանրապետություն և Քյալաստանի Մանրապետություն: Ի տարբերություն նախորդ՝ ընտրություն կոչված կատակլիզմների, այս անգամ քյալաստանցիների այլանդակ կերպարները շատ ավելի լավ երևակվեցին, սակայն կարևորն այն էր, որ հայաստանցիները հասկացան, որ քննադատություններն ու պարսավանքներն ուղղված քյալաստանցիներին և նրանց ուռկանում հայտնվածներին այլևս անիմաստ են, գործե՛լ է պետք:
    Մի հետաքրքիր պահ էլ կա. կեղծիքների այս հրավառության պայմաններում ինչպե՞ս են պահելու իրենց վերջերս հայաստանցիների ճամբարը լքած Համո Մազությաններն ու Համո Երշիկունիները, կամ պատկերավոր ասած՝ Հեզաճկուններն ու Ակրոբատները:
    Հետաքրքիր է, չէ՞…

    • Մարգար Մախսուդյան says:

      Հ.Գ.
      Անմեղության կանխավարկածը չէի ուզենա խախտել, սակայն կարծում եմ, որ ՛՛լեգիտիմության՛՛ վերաբերյալ նրանց նորամուծություննը կհարստացնեն համաշխարհային քաղաքական մտքի գանձարանը:

  2. henri says:

    Աստուած իմ այս որքան լաւ էք ներկայացրել երկրին կացութիւնը։
    Հարկ է ամէն օր արտատպել այս յօդուածը մինչեն վերի խաւերուն ականջը հասնի։

    • Արսեն says:

      Անգլերենից թարգմանությունը հայորեն՝ չի ստացվում..)))..
      Լավ կանեիր՝ անգլերեն գրեիր… Oh, My God!..))))..
      Չնայած՝ դատելով ըստ գրածիդ բովանդակության, լրիվ իմաստը արտահայտելու համար, միայն անգլերենը՝ բավարար չի լինի։ Առանց գերմաներենի յոլա չեն գնա..)))..
      Լրիվ ֆրազը կլինի՝ Oh, My God! Ja, ja Lolita! Das ist fantastisch!..)))..

  3. Լավատես says:

    Ժողովուրդն առանց պետության էլ իր գոյությունը կպահպանի, իսկ ազգն առանց պետության գոյություն չունի ու հակառակը: Ազգի ու պետության մակարդակները միշտ հավասար են: Ազգն էլ քաղաքացիների միավորումն է: Բարձրացնելով քաղաքացու մակարդակը կբարձրացնենք ազգի մակարդակը, սա էլ կբարձրացնի պետության մակարդակը:
    Քաղաքացու մակարդակը կբարձրանա, երբ ամեն մեկս կգնա ու իր բնօրրանին՝ իր փոքր պետությանը տեր կկանգնի: Քանի դեռ ներքին թե արտաքին քոչվորաբանությամբ ենք տառապում, ոչ մեկս էլ քաղաքացի կոչվելու իրավունք չունենք, ազգ պետություն ունենալու արժանի չենք:

  4. henri says:

    Յարգոյ Արսէն Անգլիացիներէն դարեր առաջ մեր գրականութեան մէջ գոյութիւն ունեցած է այս սրտաբուխ բացագանչութիւնը ։ “ՏԷՐ ԻՄ ԵՒ ԱՍՏՈՒԱԾ ԻՄ ” ? Թերեւս անկլօ-ամերիկացիներէն շատ բան ունինք սորվելիք բայց այս մէկը իրենք մեզանից վերցրել են-անպայման խարբերդցի առաջին գաղթականներէն։

  5. Հ.Շ. says:

    ես միայն այդ արտագաղթի վերաբերող – թէկուզ անուղղակի -«արդարացումը» չհասկացայ…

    այսինքն, որովհետեւ, պարբերաբար, մի քանի նեանդերտալյան անասուններ, նախպատմական գորիլաներ մէջտեղ կ’ելլեն, եւ նեղութիւն կու տան քաղաքակրթված մարդոց, պէտք է հասկնալի լինի որ ուսեալ, կրթեալ եւ մարդավարի երիտասարդները ձգեն, փախչի՞ն. երթան պահվըտին ուրիշ երկիրնե՞ր – այնտեղ ալ տարբեր վիրաւորանքներ, առօրեայ նվաստացումներ կրելու համար –

    ընդհակառակն, պէտք է որ լաւ երեխէքը իրենց երկրում ամէն կողմ լինեն, միշտ ու ընդմիշտ, ներկայ, աշխոյժ ու գործօն, որպէսզի այդ անսովոր անասունները իրենք զիրենք անյարմար շրջապատի մէջ նկատեն, եւ իրենք կորչին, անհետանան

    • Արսեն says:

      Թանկագինս..))).. դու ինչպես ես հայտնվել Կանադայում? Ենթադրում եմ՝ պապերդ են փախել «յայրենիքից»՝ փրկվելով թուրքական յաթաղանից… դու էլ մտածում ես՝ «բախտները բերել է, փրկվել են»…
      Դե՝ ահա..))).. Ուրեմն՝ «ես միայն այդ արտագաղթի վերաբերող – թէկուզ անուղղակի -«արդարացումը» չհասկացայ…
      այսինքն, որովհետեւ, պարբերաբար, մի քանի նեանդերտալյան երիտթուրքեր, նախպատմական գորիլաներ մէջտեղ կ’ելլեն, եւ նեղութիւն կու տան քաղաքակրթված մարդոց, պէտք է հասկնալի լինի որ ուսեալ, կրթեալ եւ մարդավարի երիտասարդները ձգեն, փախչի՞ն. երթան պահվըտին ուրիշ երկիրնե՞ր – այնտեղ ալ տարբեր վիրաւորանքներ, առօրեայ նվաստացումներ կրելու համար
      ընդհակառակն, պէտք է որ լաւ երեխէքը իրենց երկրում ամէն կողմ լինեն, միշտ ու ընդմիշտ, -ներկայ, աշխոյժ ու գործօն, որպէսզի այդ անսովոր անասունները իրենք զիրենք անյարմար շրջապատի մէջ նկատեն, եւ իրենք կորչին, անհետանան…)))..
      Էդ ոնց եղավ, որ երիտթուրքերից փախչելը՝ փրկվել ես համարում, իսկ Երիտհայերից փախչելը՝ դատապարտում ես?..)))..

      • Հ.Շ. says:

        սիրելի Արսէն

        հետաքրքրական է որ քո հակազդեցութիւնը, գոնէ, ախպարների ուղված սովորական հանկերգը չէ

        սակայն, խնդրեմ, մի քիչ աւելի մօտից մտածես թէ ճիշդ ինչ ես ասում, ինչպիսի «բաղդատական» ես անում

        բառացիօրէն Ցեղասպանութեան ենթարկուած հայերը երեւի մեծ հաճոյքով պիտի ընտրէին ու նախընտրէին իրենց վիճակը փոխարինել այժմու Հայաստանում ապրող ամենադժբախտ հային հետ իսկ

        ասի ըսած, նաեւ քո բանիմաց ուշադրութեան յանձնեմ մի ուրիշ հայկական իրականութիւն, ժամանակակից աւելի մօտ պատմութեան վերաբերող, որի հետ նիւթի առարկայ բաղդատականը մի քիչ աւելի… պատշաճ կը լինի, երեւի, քան թէ Մեծ Եղեռնի զոհերի եւ ուղղակի վերապրողների անասելի ճակատագրին հետ

        Միջին Արեւելքի այլազան գաղութներում, այն օրերին երբ որ Հայաստան տեղափոխվելու այլընտրանքը չկար (սովետական ժամանակներ), երբ որ կեանքը վերածուեցաւ դժոխքի, հայերը կառչեցան, մնացին, դիմացան, զոհվեցան, մէկ պատճառով միմիայն՝ հայապահպանում

        այսինքն, օտար հողի վրայ իսկ ենթարկվեցանք ահաւոր պայմանների, զրկանքների, վտանգների, կորուստների, երբ որ շատերուս համար շատ հեշտ էր փախչիլ ու ազատիլ, տառացիօրէն իսկ մեր մորթը փրկել, սակայն մնացինք, դիմացանք, դիմադրեցինք, յանուն Հայութեան

        տակաւին մինչեւ այսօր իսկ, նոյն ազգասիրական պատճառներով, շատ մը հայեր կը նախընտրեն մնալ այդ դժոխալի – եւ առանց ոչ մէկ ապագայի – գաղութներուն մէջ. սկսեալ Սուրիայէն.

        իսկ հայրենի, պապենական հողի վրայ, դժուա՞ր է նոյն բանը կատարել, այդտեղ ծնած հայերի համար…

        • Արսեն says:

          Հարցը այն չէ թե, ՝ ինչ «կնախընտրեին անել, ցեղասպանությունից փրկված հայերը»։ Դրանք՝ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ են, էմոցիաներ… խելքը գլխին մարդիկ՝ դրա վերաբերյալ չեն զրուցում։
          Ես չեմ քննարկում՝ ով ինչ ԿՈՒԶԵՆԱՐ անել, քննարկում եմ միայն ով ինչ է ԱՐԵԼ։
          Քո պապերը փախել են Թուրքիայից,(երիտթուրքերից) որպեսզի ապրեն։ Ես նույնպես՝ փախել եմ Հայաստաստանից՝ (երիտհայերից)՝ որպեսզի ապրեմ… Արդյոք դու իրավունք ունես, (մանավանդ ՝ապրելով Կանադայում, որը բարվոք երկիր է… համենայնդեպս քո բարեկեցությունը՝ քեզանից է կախված) մարդուց պահանջել, որ նա իր կյանքը նվիրի (տառապի) Հայապահպանությանը?
          Էդ հայապահպանությունը ինչ է? Գենետիկական «մաքրություն» ես քարոզում? Պատահաբար հո անթույլատրելի չես համարում, որ Հայերը ամունանան «Ոչհայերի» հետ?
          Եվ հետո՝ պահպանում ես,որ ինչ անես?…)))..
          Եթե, ըստ քեզ, գոնե քո իմացած վերջին 100 տարում՝ հայ լինելը եղել է տառապանք… դու էլ հպարտանում ես, որ շատ հաջող՝ տառապել են և տառապում ենտարբեր «գաղութների» հայերը, հետո էլ պահանջում ես, որ հայերը հայաստանից տեղ չգնան, հայ մնան և շարունակեն տառապել՝ տեղում …))))… Դու հո սադիստ չես?..)))..
          Եթե հայ լինելը անընդհատ կապված է տառապանքի հետ, միգուցե ճիշտը՝ հայ չլինելն է?
          Ւսկ եթե դու սիրում ես տառապել, պապդ՝ շատ կուզենար տառապել Հայաստանում, բայց չի կարողացել, որովհետև Հայաստան փախնել չի կարողացել… այլ կարողացել է փախնել միայն Կանադա..))).. Քեզ ինչն է խանգարում իրականացնել պապիկիդ երազանքը? Հիմա էլ՝ հո կարող ես, գնա ապրիր Հայաստանում և տառապիր…
          Դու՝ չես ուզում տառապել, ուրիշներից ինչու ես պահանջում որ տառապեն? Հետո, էդ ինչ Հայապահպանության ծրագիր է, որ մարդը պետք է իր և իր սերունդների կյանքը ներդնի դրա համար? Հանուն ինչի? Սերժի? Օրինակ. իմ աղջիկը ցանկանում է ամուսնանալ Պորտուգալացու հետ… ինչ անեմ? Արգելեմ, բռնի ամոիսնացնեմ հայի հետ, որ դուրս չմնա Հայապահպանության ծրագրից?..)))..

          • Հ.Շ. says:

            հա, ուրեմն այս ալ Ախպարների դէմ կարգ մը Հայաստանցիների այդ սովորական հանկերգն է, որուն կ’ակնարկէի վերեւ, կարծելով թէ ուրիշ մակարդակի վրայ էր այս փոխանակումը

            ի զուր է ուրեմն պատասխանել
            (բազմիցս փորձել եմ, «խուլերի երկխօսութիւն» է)

          • Արսեն says:

            Ապրես..))).. գաղափարապես «ամուր» ես..))).. Տառապանքի պատրաստ՝, միայն հանուն ինչի՟-չգիտես…))).. Յստակ դասակարգում ես մարդկանց, գիտես որտեղ է «ճիշտը», որտեղ «սխալը», բայց ինչի համար է «ճիշտը»-չգիտես..)))..
            Դու քո խոսքը սկսեցիր «չհասկացայով», ավարտեցիր նրանով՝ որ «գիտես»։ Երկխոսություն էիիր ուզում, թե ուզում էի քո «գիտեցածը» մեզ փաթաթես?
            Եթե իմը «Հայաստանցիների այդ սովորական հանկերգն» (չնայած ես շատ վաղուց է Հայաստանում չեմ ապրում..)))..), քոնն էլ «Եղեռնամազապուրծներ ստանդար Էրգրաերգն է»։ Եթե դա խուլերի խոսակցություն է, ապա միգուցե դու քո մեղքի բաժինը ունես դրանում?
            Մտածի…
            Թե չէ, սիահայերը թող սիրայում տառապեն, հայաստանահայերը Հայաստանում, դու էլ քո համար՝ երևի ընտրել ես Կանադայում տառապելու տարբերակը..)))).. Ես էլ Ֆրանսիայում եմ տառապում..))))..
            Քեզ ով ասաց, որ դու ես որոշելու ով որտեղ տառապի?..))).. Եթե ես վաղը ուզենամ, ասենք, Բրազիլիայում տառապեմ՝ դրա իրավունքը չունեմ, թե քեզանից պետք է հարցնեմ?..))))…

  6. Artur says:

    Դա ոչ միայն վիրավորական է, այլ ուղղակիորեն հաստատում է, որ Հայաստանը դարձել է խուժանի, քցողի, ստախոսի, գող ու ավազակի երկիր:

  7. Արմեն says:

    Չկա ընդիմություն կամ ավելի ճիշտ չկա ընդիմության պատվեր:

    Զանգ կախող չկա, բոլորն ուզում են իրենց փոխարեն այլոք կռիվ տան:

    Ես ԱՅՈ եմ ասել, որովհետև մի նախադասություն չեմ լսել ՈՉ ասողների բանակից, որ

    այս կամ այն մոտեցումը սահմանադրության մեջ վնասակար է Հայաստանին:

    Սահմանդրության հետ կապված հանրաքվեն կապ չունի իշխանափոխության ցանկության հետ:

    Բացարձակապես լրջություն չկա ընդիմադիր կոչվող դաշտում, Իսկ լսել Անդրեասին, Րաֆֆի

    Հովհաննիսյանին, Խզմալյանին, Սեֆիլյանին կամ Պետրոս Մակեյանին…. դե կներեք էլի

    • Հ.Շ. says:

      Արմէն ջան,
      այո, փոխանակ անկապ ճառեր արտասանէին եւ իրենք զիրենք խայտառակէին,
      «Ոչ»-ի ղեկավարները պէտք որ պարզապէս բարեհաճէին ժողովուրդին բացատրել հետեւեալը՝

      . Սահմանադրութեան հիման վրայ,
      ներկայ նախագահը չի կրնար դարձեալ ընտրուիլ նախագահ.
      երկու անգամից աւելի, արտօնուած չէ, չի կարելի

      . նոր Սահմանադրութիւնը նախագահի պաշտօնը տկարացուց,
      իշխանութեան հիմնական ուժը փոխադրելով՝ վարչապետի պաշտօնին.

      . հետեւաբար, յառաջիկային, ներկայ նախագահը կարող է դառնալ վարչապետ, եւ այդ ձեւով շարունակել իր ձեռքը պահել իշխանութիւնը

      կարելի է մտածել որ, եթէ վերեւ պարզվածը, այս յստակութեամբ, չուզեցին բացատրել պարոն յեղափոխական ղեկավարները (առաւել մէկ տիկին, ներողութիւն), իրենց վախը այն էր որ, այդ քաղաքական խաղը լաւապէս հասկնալով հանդերձ, ժողովուրդի մեծամասնութիւնը նորէն ալ «Այո» էր քուէարկելու. ինչ որ ա’լ աւելի զօրացնելու էր այժմու վարչակարգը.

      հիմա գոնէ, կրնան ըսել որ շփոթ մը կայ, թէ ամէն դէպքում, Այո քուէարկողները առանց լիովին հասկնալու քուէարկեցին

  8. Ruben says:

    Ես քայլում եմ Երեւանի փողոցներով եւ… մեքենաները շատ են, մարդիկ` քիչ:
    Հայաստանի տարածքում գտնվող այս իշխանության կառավարիչներն ու նրանց հպատակները քոչվորներ են:
    Եթե հայ մարդը դրսում փող է աշխատել ու ցանկանում է տուն բերի, գոնե մի հատ գոմ սարքի, էլ չեմ ասում գործարան` «վարյանտ» չկա:
    Այսօր համոզվեցի, որ ես էլ ստիպված պետքէ հրաժարվեմ այս իշխանության քաղաքացիությունից

  9. Մեսրոպ Թումանյան says:

    Հայոց եղեռնը երիտթուրքերի կողմից նույնպես իրականացվել է նույն խուժանի կողմից, բայց այլազգի, չնայած հանցագործ աշխարհը ազգություն չունի: Այսօր Հայաստանի իշխանությունները հենվում են նույն հանցագործ՝ կազմակերպված և մեր պետության կողմից ժողովրդին ահաբեկչության մեջ պահող ուժերի վրա: Մեր երկիրը դատարկվում է:Սա է այն նկատելի արդյունքը, որը ունենք 1990 թվականից սկսած: Այդ դեպքում ինչու չի կարելի եզրակացնել, որ նոր «դեմոկրատական» իշխանությունների հիմնական նպատակը հայ ժողովրդին Հայաստանից հանելն է:
    Այսօրվա քաղաքական իրավիճակը դրանով է դառնում ինչ որ տեղ անհուսալի, քանի որ մեր դեմ մեր երկրում կազմակերպված ուժ է գործում, որի դեմ պետք է առաջին հերթին պետական անվտանգության մարմինները պայքարեին, սակայն պետությունը հենվում է այդ ազգասպան ուժի վրա: Ուրեմն ինչպես չասել, որ մեր իշխանությունները թալեաթների ու էնվերների քաղաքականությունն է իրականացնւմ: Այդ դեպքում աշխարհի հայության համար այսօր պետք է հիմնական խնդիրը լինի հայ ժողովրդին Հայաստանում պահելու գործը: Այս իշխանության դեմ պետք չէ պայքարել, դա այսօրվա ընդիմության ռազմավարությամբ անհնար է: Մեր ուժերը պետք է սովորենք ծախսել հայապահպանության դաշտում:
    Առաջինը՝ պահել Հայաստանում հայ ժողովրդին, և երկրորդը՝ փրկել ուծացումից օտարության մեջ հայտնված մեր երիտասարդ և մատաղ սերնդին:

    • Հ.Շ. says:

      պարզապէս չէք հասկանում թէ ներկայ կացութեան այդ «բաղդատականը» որքան յարգանքի պակաս է, ինչ աստիճանի անզգամութիւն եւ նախատինք է՝ Ցեղասպանութեան զոհերի նկատմամբ

  10. henri says:

    Թումանեանի վերջին երկու տողերը ամենաճիշդ լուծումը պէտք է ըլլայ։Երբ ծնողներս մարտական նաւերով տարագրուեցան իրենց դարաւոր գիւղերէն-Զինադադարէն եսք կրկին վերադարձան իրենց պապենական տուները -Երկրորդ եւ վերջնական տեղահանութեան ՝Հայրենիքի դռները փակ էին -կամաւոր արձանագրուեցան օտար բանակներու մէջ որ անգամ մը եւս փորձեն վերադառնալ իրենց գիւղերը։ Դաշանակիցները դաւաճանեցին–ինչպէս ստէպ կը պատահի– եւ մենք մեծով-պզտիկով կրկին դարձանք տարագիր։ Շատեր հայրենադարձ եղան-ուրիշներ սպասեցին քաղաքական նոր կացութիւններու յուսալով կրկին վերադառնալ իրենց հայրենի գիւղերը։ Չստացուեց -անոնց միակ մտահոգութիւնը եղաւ ՀԱՅ ՊԱՀԵԼ ՄԵԶ Ի ԳԻՆ ԱՄԷՆ ԶՈՀՈՂՈՒԹԵԱՆ։ Սա մեր կացութիւնն էր-ուրիշներ ովկիանոսներ կտրեցին ապահով երկինք մը գտնելու,բայց հացի պայքարը յաղթեց ինքնութեան պայքարին։ Հիմա դարձած ենք ՏԱՍԸ ՄԻԼԻՈՆ -պէտք ենք խորհիլ մեր բոլոր նիւթական եւ իմացական պաշարներով վերադառնալ մի կերպ Հայրենիք նաւաբեկեալ մեր նաւը փրկելու կարելիին չափ։ Գիտենք որ զոհեր տուած ենք կլոպալիզացիական ընթացքին բայց փրկելիք շատ բան ունինք։ կրնանք եւ պէտք ենք աշխատիլ այդ ուղղութեամբ։Այս պէտք է ըլլայ մեր քաղաքականութիւնը երկրորդ հարիւրամեակը սկսած։ Աւելի վատ օրեր տեսած ենք բայց դեռ ԿԱՆՔ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031