Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վաղը՝ դեկտեմբերի 8-ին, կանցկացվի «Գալա համերգ»՝ անվանի տենոր, Հայաստանի ու Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ:
Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից:
Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), որը համերգներով պարբերաբար ներկայանում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Նա վերջերս Օպերային թատրոնում ղեկավարեց Վերդիի «Տրավիատա» և «Տրուբադուր» ներկայացումները:
Այսօր՝ համերգի գլխավոր փորձից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում Ջանլուկա Մարչիանոն ասաց, որ իր համար պատիվ է լինել Հայաստանում, հանդես գալ Օպերային թատրոնի բեմում, իսկ Գեղամ Գրիգորյանի հրավերը մեծ հպարտության առիթ է:
Կարդացեք նաև
Նշենք, որ Գեղամ Գրիգորյանից բացի, համերգին մասնակցում են նաև Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Գոշ Սարգսյանը (բաս), Սիրանույշ Գասպարյանը (սոպրանո), Տաթև Աշուրյանը (սոպրանո), բալետի առաջատար մենապարողներ Ռուբեն Մուրադյանը, Մերի Հովհաննիսյանը և բալետի արտիստ Վահագն Մարգարյանը:
«Գալա համերգ»-ին կմասնակցեն նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ