Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Սա Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից կեղծված վերջին ընտրությունն է լինելու» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 22:01

Այսօր «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, որն, անդրադառնալով երեկ տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ ասաց. «Գործի դրվեց կեղծիքների ողջ զինանոցը: Դեկտեմբերի վեցին մեր ժողովուրդը մերժեց գործող ռեժիմին: Հանրաքվեն մեկ անգամ եւս ցույց տվեց, որ ընտրությունը եւ մեր իշխանությունները անհամատեղելի են»: Պարոն Դեմիրճյանը նշեց, որ կեղծ  ընտրություններով մեր երկիրը ապագա չունի. «Սա պետք է գիտակցի յուրաքանչյուրը: Պետք է համատեղել բոլոր ուժերը»,- ասաց նա:

«Ոչ»-ի միասնական ճակատի ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ խոսելով անցած օրվա մասին՝ ասաց, որ կարծում է, որ իրենք իրենց գործը շատ լավ են արել. ժողովուրդը հետեւել է իրենց կոչին, գնացել է քվեարկության եւ «ոչ» է ասել սահմանադրական փոփոխություններին: Նրա խոսքով՝ իրենք քարոզչությունը այնքան լավ են իրականացրել, որ իշխանությունները վախեցել են արդյունքներից եւ հենց այդ պատճառով էլ, ըստ նրա՝ «Գործի եկավ տականքը. ընտրակաշառքի բաժանում, լցոնումներ, կրկնակի քվեարկություն: Մեր ազգի ժուլիկները երեկ լծվեցին մեր ժողովրդի կամքը կեղծելու գործին»:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ  հասել են նրան, որ ժողովուրդը հավատացել է իրենց խոսքին, անդրադառնալով «իշխանությանը սպասարկողներին»՝ ասաց. «Հակառակ իրենց բոլոր կեղծիքներին,  երեկ երեկոյան բացում են քվեատուփերը ու սփրթնում են»:

Հանրաքվեի արդյունքների մասին նա ասաց. «Որտեղ որ եղել է հանրային վերահսկողություն, ժողովրդի մասնակցությունը քառասուն տոկոսից չի անցել: Երեւանում անցել է, որովհետեւ լրացուցիչ քվեարկություն է եղել; Ընդամենը պետք է հասկանալ, որ իրական մասնակցությունը եղել է քառասուն տոկոսից ցածր: Կես միլիոն ձայն լցվել է: Իրականում այդ հանրաքվեին մասնակցել է մոտավորապես 800 000 մարդ, որոնցից մոտ վեց հարյուր հազարը քվեարկել է «ոչ», երկու հարյուր հազարը՝ «այո»»:

Լեւոն Զուրաբյանը հանրաքվեից հետո առաջին կարեւոր արդյունք է համարում այն, որ իշխանությունն անձամբ իմացավ, որ պարտվել է. «Իշխանությունը մեզանից լավ գիտի իրական պատկերը, որ ժողովուրդը իրեն չի վստահում, որ գնացել է ընտրատեղամաս իր «ոչ»-ով թքել է իշխանության երեսին»:

«Ոչ»-ի շտաբի ղեկավարը նաեւ նշեց, որ  վնասված է Սերժ Սարգսյանի միջազգային հեղինակությունը: «Եւ Ռուսաստանը, եւ Արեւոմուտքը շատ լավ հետախուզություն ունեն այստեղ եւ շատ լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը զրո տոկոս վստահություն ունի ժողովրդի մոտ»:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ «ոչ» է քվեարկվել բոլոր մեծ քաղաքներում.«Որովհետեւ հենց այստեղ է ձեւավորվել գիտակցված զանգվածը: Մենք ցույց տվեցինք, որ ստեղծելով վերահսկողության այս մեխանիզմը, կարող ենք հաղթել:  Մենք պետք է հաղթենք եւ քաղաքացիական հասարակություն ձեւավորենք այնտեղ, որտեղ տիրում են խաները,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ ավելացնելով,- Շնորհիվ այս քվեարկության, սա Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից կեղծված վերջին ընտրությունն է լինելու»:

Լեւոն Զուրաբյանը խոսեց նաեւ իրենց անելիքների մասին. «Մենք շատ կարեւոր գործ ունենք: Պետք է պատժենք ընտրակեղծարարներին: Մենք ունենք հզոր տեղեկությունների շտեմարան՝  ձայնագրությունների, տեսագրությունների, որոնցով երեւում է, որ մարդիկ փորձել են մասսայաբար խախտումների դիմել: Ուղարկելու ենք մարմինների եւ հետեւելու ենք, որ բոլոր այդ մարդիկ պատժվեն»,- ասաց նա: Նշեց, որ պատրաստելու են բոլոր նյութերը եւ դիմելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջով:

«Որոշել ենք, որ կպատրաստենք համապատասխան դիմում, որը կուղարկենք Սահմանադրական դատարան»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ նման դիմումով կարող են դիմել, եթե ունենան 27 պատգամավորի ստորագրություն: Ըստ նրա՝ կպատրաստեն կեղծարարությունների մասին բոլոր նյութերը եւ ՍԴ ուղարկվելիք դիմումի հետ կներկայացնեն  նաեւ պատգամավորներին, որ ստորագրեն. այդպես էլ կհասկանան, թե որ պատգամավորներն են ժողովրդի կողքին. «Ով չստորագրի, կնշանակի, որ  ընտրակեղծարարի սպասավորներն են»,- ասաց նա:

Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ 2008թ.-ից հետո ամեն տարի դեկտեմբերի 10-ին, նրանք միջոցառումներ են կազմակերպում Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված: Այս տարի էլ՝  նրանք երթ են կազմակերպելու, քանի որ խախտվել է մարդու իրավունքներից ամենակարեւորը՝ սեփական իշխանությանն ընտրելու իրավունքը:

Լեւոն Զուրաբյանը դիմեց նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին՝ միանալու երթին, որին մասնակցելու առաջարկը չմերժեց Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով, որ իրենց նախատեսած միջոցառումները ուժի մեջ են մնալու:

Հանրահավաքին հաջորդեց «Ոչ»-ի բողոքի երթը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031