Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրաժարական տուր, պարոն Սարգսյան»

Դեկտեմբեր 07,2015 21:22

Ինչպես արդեն ավելի վաղ ներկայացրել էինք «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը քայլերթից հետո միացավ «Ազատության» հրապարակում հավաքված «Ոչ»-ի հանրահավաքին սպասողներին: Հանրահավաքը նախաձեռնողներից ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ելույթ ունենալու հրավիրեց նաեւ «Նոր Հայաստան»-ի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս դիմեց ներկաներին եւ վստահեցրեց, որ միասին կազմելու են Նոր Հայաստանի սահմանադրական իշխանությունը:

«Մենք պահանջելու ենք մեր քաղաքական կուսակցություններից, հոսանքներից, քաղաքացիական նախաձեռնություններից, երիտասարդներից, մտավորականներից միանալ եւ մինչեւ  վերջ լուծել կեղծ ռեժիմի, կուսակցապետության եւ Սերժ Սարգսյանի վրեժը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երեկ տեղի ունեցածը պետական նշանակության հանցագործություն, հեղաշրջման փորձ էր, ահաբեկչություն՝ հայ ժողովրդի եւ մեր պետության դեմ: «Եւ այո, անհավասար դաշտում, կեղծավոր, ստի մեջ թաթախված իշխանության պայմաններում հրաշալի աշխատեցին թե՛ «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչները, թե՛ «Նոր Հայաստանի» պատվիրակները:

ՀԺԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»՝ շարքային քաղաքացիներ, մանր-մունր հարցերը մի կողմ դրած՝ հասկացան, որ այստեղ  պահն է կենաց մահու, հնի եւ նորի, կեղծիքի եւ ճշմարտության, արտագաղթի եւ վերադարձի, ստրկամտության եւ արժանապատվության միջեւ ընտրության: Այս «ոչ»-ը իջնելու է եւ մնալու է  Նոր Հայաստան: Այս «ոչ»-ը դառնալու է «այո»՝ ձեր եւ մեր միասնական պայքարի շնորհիվ: Եւ մենք ասելու ենք՝ այո ազատ, անկախ, ինքնիշխան եւ սահմանադրական Հայաստանին: Մենք ասում ենք՝ այո, Սերժ Սարգսյանի հրաժարականին անմիջապես: Մենք հին կուսակցապետական, հանցագործ վերնախավին՝ Հովիկ Աբրահամյանին, Լիսկային եւ բազմաթիվ  մարզպետներին, հանցագործ քաղաքապետներին եւ գյուղապետներին ասելու ենք հրաժարական եւ պատասխանատվություն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ բոլորս մեր վրա պետք է պատասխանատվություն վերցնենք, միասին կառուցենք այն հրապարակը, որը կբերի Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Ճշմարտության պահն է ոչ միայն Սարգսյանի կամ Աբրահամյանի, Լիսկայի, Սեյրան Օհանյանի, կեղծարար վերնախավի, նաեւ մեր ճշմարտության պահն է: Հայաստանի քաղաքացու ճշմարտության պահն է, եւ մենք պետք է որոշենք՝ այն ո՞ր ճանապարհն է, որ մեզ միացնելու է. խոսքը խոսք, աշխատանքը աշխատանք: Եւ այն նպատակը, որ մեր առջեւ է, պարտավոր ենք ի կատար ածել: Ես մեծ հույս ունեմ, որ քաղաքական ուժերը, նախաձեռնություններն այնքան մեծ ուժ կգտնեն, որ առաջիկա շարժը, պայքարը, նպատակասլաց ուղին, որ տանելու է հաղթանակի, լինի միասնական, միասնական հրապարակով, միասնական օրակարգով, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Հրաժարական տուր, պարոն Սարգսյան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ առանձին վերցրած նրանք թույլ են, սակայն միասին կարող են ամեն ինչ:

«Պետք է գտնենք այդ ուժը հիմա կամ երբեք: Այդ միասնությունը պետք է բերենք մեր սերունդներին կամ երբեք: Այս կեղտոտ կուսակցապետությունը պետք է ուղարկենք պատմության գիրկը հիմա կամ երբեք: Եւ մենք, վերջապես, պետք է ունենանք ազատ, անկախ, սահմանադրական Հայաստանի Հանրապետությունը: Կորչի Հանրապետական կուսակցապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը:  Այո-ի ժանամակը եկել է: Եթե այսօր «Ոչ»-ի շարժումը, որի անդամն է նաեւ «Ժառանգությունը» եւ «Հիմնադիր խորհրդարանը» որոշի երթ կազմակերպել, մենք միացյալ կմասնակցենք, կողք կողքի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով միասնության: Նա հիշեցրեց, որ «Նոր Հայաստանի» նստացույցը շարունակվելու է.  մինչեւ դեկտեմբերի 11, բոլոր օրերին լինելու են տեղեկատվական հանդիպումներ, դեկտեմբերի 11-ին լինելու է երթ եւ հանրահավաք:

«Հավատ, հույս, սեր, արդարություն եւ Հայաստանի Հանրապետություն, մնացածը մեր ձեռքն է»,- եզրափակեց իր ելույթը պարոն Հովհաննիսյանը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031