Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Վարպետաց փողոցում բացվեց տաղանդավոր թարգմանչի հուշատախտակը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 07,2015 21:15

Գյումրու Վարպետաց փողոցում, որտեղ գտնվում են Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանները, այսօր բացվեց համաշխարհային ճանաչում ունեցող թարգմանիչ, գրող ու հրապարակախոս Սամվել Մկրտչյանի հուշատախտակը: Տաղանդավոր թարգմանչի հայրական տունը Վարպետաց 142 հասցեում է: Արտասահմանյան գրականության լավագույն նմուշները՝ Թոմաս Էլիոթի «Մեռյալ երկիր»-ը, Շեքսպիրի սոնետները, Ջեյմս Ջոյսի «Ուլիսես», Վիլյամ Սարոյանի տարբեր ստեղծագործություններ ու այլ բազմաթիվ հեղինակներ թարգմանած Սամվել Մկրտչյանը  հաճախել է Գյումրու հայտնի դպրոցներից մեկը՝ անգլիական թեքում ունեցող Ջորջ Բայրոնի անվան դպրոցը:

Samvel_Mkrtchyan_14

 

Samvel_Mkrtchyan_13

Samvel_Mkrtchyan_11

Samvel_Mkrtchyan_10

Samvel_Mkrtchyan_9

Samvel_Mkrtchyan_8Samvel_Mkrtchyan_7

Ինչպես պատմում են նրա հարազատները, Սամվել Մկրտչյանը  պարտադիր պիտի շրջագայեր տվյալ երկիրը, ուսումնասիրեր գրողի կյանքը, լիներ նրա թանգարանում, նոր միայն թարգմաներ նրա գործերը: Նրա քրոջ՝ տիկին Անահիտի պատմելով,  Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը թարգմանելիս Սամվել Մկրտչյանը մեկնել է Դուբլին, ուսումնասիրել Ջեյմս Ջոյսի կյանքը, այցելել նրա գերեզմանին, նոր միայն թարգմանել է այս հեղինակին: Տիկին Անահիտը այն համարում է իր եղբոր գլուխգործոցը: Հետաքրքիրն այն է, որ թարգմանիչը ինքն է մտահղացել իր գրքերի դիզայնը:

Ջեյմս Ջոյսի այս վեպի թարգմանությունը Դուբլինի թանգարանում է դրված՝ որպես աշխարհում լավագույն թարգմանություն: Անահիտ Մկրտչյանի պատմելով, իր հայրական տունը Վարպետաց փողոցում չի եղել, Սամվել Մկրտչյանն այն գնել է երկրաշարժից հետո: «Իրեն շատ գրավեց Վարպետաց փողոց անունը, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, Իսահակյանի, ճիշտ է՝ ինքը մեծ գյումրեցի էր, մեծ հումոր ուներ, հրաշալի անձնավորություն էր, բայց մեծ չէր խոսում: Մի օր ասաց՝ կարո՞ղ է մի օր էլ Սամվել Մկրտչյանի տուն-թանգարանը լինի: Իրեն գրավեց փողոցի անունը, ինքն ապրում էր Երեւանում, բայց մեծ մասն անցկացնում էր այստեղ, ասում էր՝ հետո կգամ իմ հայրենի քաղաքում…Ու ինքն այդպես իր վերջին հանգրվանը գտավ Գյումրիում՝ իր պապի կողքին, իր վերջին ցանկությունն էր դա»:

Սամվել Մկրտչյանի հայրական տանը, որտեղ բնակվում են նրա հայրն ու մայրը, փոքրիկ անկյուն էր առանձնացված, ուր տեղ են գտել նրա ստեղծագործությունները, թարգմանությունները, հրապարակախոսական աշխատությունները: Անկյունը մեզ ներկայացրեց նրա քրոջ դուստրը: «Իմ քեռին շատ էր սիրում իր հայրենիքը, գտնում էր՝ հայոց լեզուն այնքան հարուստ է, որ  մեծ հնարավորություններ է տալիս թարգմանություններ կատարելու»:

Սամվել Մկրտչյանի կինը՝ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր ամուսնու հայրական տանը մտադիր են թարգմանչական դպրոց հիմնել: «Շատ կարեւոր է ունենալ թարգմանչական դպրոց, որովհետեւ թարգմանչական մշակույթը, որի հիմքը դրեց Սամվելը, այսօր ուղղակի անգերազանցելի է: Սահմանվելու է Սամվել Մկրտչյանի անվան թարգմանական մրցանակ, մշակույթի նախարարի հետ ամբողջ գործընթացը գրեթե ավարտման  փուլում է. հիմա մենք նախարարության հետ կզբաղվենք հանձնաժողովի կազմման աշխատանքներով, որպեսզի լինեն իրապես պրոֆեսիոնալներ, որոնք կարողանան գնահատել երիտասարդ թարգմանիչների աշխատանքը, եւ 3 նոմինացիներով կտրվի Սամվել Մկրտիչյանի անվան մրցանակը:Սամվելը երեք անտիպ գործեր թողեց, շատ երիտասարդ տարիքում Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազը», որ թարգմանել էր, անտիպ էր, ասում էր թեթեւսոլիկ  հեքիաթ է, այն կտպենք Սամվելի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին եւ երկու շատ ծավալուն  աշխատություններ «Հայ պոեզիայի ընտրանին» պատրաստ է տպագրության: Մենք առաջիկա տարում կտպենք», -ասաց տիկին Զոհրաբյանը:

Սամվել Բալասանյանը եւս շատ հպարտացավ Սամվել Մկրտչյանով, նշեց, որ նա արժանի  տեղ զբաղեցրեց Վարպետաց փողոցում՝ Մհեր Մկրտչյանի, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի կողքին, քանի որ մեծ պատիվ է  բերել Գյումրիին: Նաեւ ասաց, որ սովորել է  այն նույն դպրոցում, որտեղ ինքն է սովորել. Սամվել Մկրտչյանը եղել է առաջին շրջանավարտներից: Ըստ քաղաքապետի, այս դպրոցի շրջանավարտների գերակշիռ մասը ընդունվում էին Վալերի Բրյուսովի անվան համալսարան ու դառնում էին թարգմանիչներ, հրապարակախոսներ:

Հայրական տան պատին փակցված հուշատախտակը  բացեցին նրա հայրն ու որդին: Հետաքրքրիրն այն է, որ 56-ամյա տաղանդավոր գյումրեցին անցած տարի իր հոգին  ավանդել է դեկտեմբերի 7-ին, ճիշտ այն ժամին, երբ հազարավոր գյումրեցիներ աղետի զոհ դարձան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031