Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին։
Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց նույն օրը մեկնարկելիք՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների կապակցությամբ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ ակտիվ քննարկումների միջոցով Հայաստանը և Եվրոպական միությունը կկարողանան համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, որը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և նոր ուղենիշներ կսահմանի փոխշահավետ համագործակցության համար:
Նախարար Նալբանդյանը կարևորեց ԵՄ խորհրդի որոշումը, որն արտացոլում է գործընկերների նկատմամբ կիրառվելիք տարբերակման սկզբունքը` հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերիշխանության և արդյունավետ կառավարման ոլորտներում նրանց հանձնառությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությանը։
Կարդացեք նաև
Նախարար Նալբանդյանը ԵՄ բարձր ներկայացուցչին տեղեկացրեց երեկ Հայաստանում կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի և դրա նախնական արդյունքների մասին։
Զրուցակիցներն անդրադարձան ահաբեկչության դեմ միջազգային պայքարին, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, մի շարք այլ տարածաշրջանային և միջազգային խնդիրների, քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կատարման ընթացքը:
Հայաստանի ԱԳ նախարարը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Ֆեդերիկա Մոգերինին կրկին անգամ ընդգծեց Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Ֆեդերիկա Մոգերինիի՝ Հայաստան այցելելու հրավերը։
ՀՀ ԱԳՆ