Այսօր «Ազատության» հրապարակում «Ոչ»-ի նախաձեռնած հանրահավաքում ելույթ ունեցող «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, դիմելով հավաքվածներին, ասաց. «Ի՞նչ տեղի ունեցավ դեկտեմբերի վեցին. մեր քաղաքացիները վճռականորեն գնացին տեղամասեր, քվեարկեցին «ոչ» եւ գրողի ծոցը ուղարկեցին այս իշխանություններին»:
Ըստ նրա՝ «ոչ» է քվեարկել քաղաքացիների մեծամասնությունը, «ոչ»-ը հաղթել է բոլոր տեղամասերում. «Տեղի է ունեցել մեր ժողովրդի կամաարտահայտություն,- ասաց նա՝ ավելացնելով,- «Մենք այս ամենի արդյունքում ապացուցեինք, այն, որ հնարավոր է միասնական ճակատ կազմել ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի հետ, քաղաքական նախաձեռնությունների հետ: Հնարավոր է այնպես անել, որ մեր ժողովուրդը իրական քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվի»:
Ըստ ելույթ ունեցողի՝ այս ամենից պետք է լուրջ հետեւություններ անել: «Մենք հետագայում եւս միասնական պետք է աշխատենք: Միասնական այնքան ենք աշխատելու, մինչեւ այս իշխանությունները Հայաստանից հեռանան, մինչեւ ընդդիմությունը եւ ժողովուրդը չհամոզվի, որ նաեւ ընտրությունների միջոցով կարող է նշել իր հաղթանակը»:
Արշակ Մուսախանյանը նշեց, որ քաղաքական ուժերը պետք է իրենց քայլերը ներկայացնեն, իսկ քաղաքացիական նախաձեռնությունները միանան նրանց: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք վճռական մասնակցեցին հանրաքվեին:
Կարդացեք նաև
«Այլեւս որեւէ բան մեր քաղաքացիներին չի վախեցնում, չի ընկճում: Մեր քաղաքացիները գնում են եւ քվեարկում են: Մնում է, որ մարտիկները գնան եւ պաշտպանեն մեր ձայները,- ասաց նա եւ կարեւորեց այս գործում բոլորի միասնությունը,«Մենք միասնական ենք այնքան ժամանակ, մինչեւ ժողովրդավարությունը չի տոնել իր հաղթանակը»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ