Քիչ առաջ «Ազատության» հրապարակում մեկնարկեց «Ոչ»-ի հանրահավաքը, որի նախաձեռնողները համաձայն չեն երեկ տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական արդյունքների հետ:
Մեկնարկն ազդարարող ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը՝ դիմելով ներկաներին նախ շնորհակալություն հայտնեց, որ եկել են հանրահավաքին մասնակցելու:
«Սիրելի ժողովուրդ, հաղթանակած ժողովուրդ, շնորհակալ ենք, որ այստեղ եք: Երեկ Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ ոչ մի արգելք, ոչ մի սպառնալիք, ոչ մի կաշառք, ոչ մի խոչընդոտ, ոչ մի վարչական ղեկավար իր կամքի վրա չի կարող իշխել»,- ասաց նա ՝ նշելով, որ հայ ժողովուրդը այդքան ճնշումներից, ահաբեկումներից հետո գնաց եւ ոչ քվեարկեց:
«Ոչ-ը հաղթել է»,- ասաց նա, նշելով, որ հաղթել է ոչ թե հավասարը հավասարի, այլ մի քանի անգամ ավելի ձայներով: Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք ունեն ընտրակեղծիքների մասին փաստեր. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր վստահված անձինք լուրջ ձեւով են աշխատել են: Եղել են դեպքեր, որ ընկրկել են, վախեցել են: Նրանք պահեցին եւ նամուսով պահեցին տեղամասերում ժողովրդի ձայներ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանությունը իր գզրոցներից հանել, օգտագործել է կեղծարարության հին լծակներ:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանը վստահ է, որ այն տեղամասերում, որտեղ «այո»-ն ընտրակեղծիքների շնորհիվ հաղթել է , իրականում «ոչ»-ն ավելի շատ է եղել, քան այն տեղամասերում, որտեղ «ոչ»-ի հաղթանակ է արձանագրվել:
«Ես ուզում եմ առանձնահատուկ ասել շնորհակալություն Երեւանին: Հալալ է Գյումրիին՝ ամենացածր մասնակցության թվերով, ամենամեծ «ոչ»-ով: Շնորհակալություն Վանաձորի բնակիչներին: Հաղթել ենք բոլոր քաղաքներում, բոլոր մեծ գյուղերում, հաղթել ենք բոլոր օլիգարխների բդեշխություններում»,- ասաց Արամ Մանուկյանը:
Ըստ նրա՝ 450 տեղամասերում միջինը 150 մարդ են բերել կողքից: Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք պայքարել են քաղաքացիների ձայները պաշտպանելու համար. «Հալալ է այն մարդկանց, որոնք եկան, իրենց ձայնին տեր կանգնեցին»:
Ըստ Արամ Մանուկյանի՝ հարյուրավոր կեղծարարության դեպքեր ոստիկանություն են հանձնված, շուրջ յոթանասուն դեպք դատախազություն է ներկայացվել: «Մեր շտաբը, մեր համախոհները վեր են հանելու բոլոր փաստերը այն խախտումների մասին, որոնք եղել են»,- ասաց նա՝ ավելացնելով,-Նկարչությամբ զբաղված Սերժ Սարգսյանը թվով արձանագրել է իր հաղթանակը, մենք չենք թողնելու, որ նա դա մարսի: Մենք հարամելու ենք ձեր գողացած իշխանությունը, չենք թողնելու, որ վայելեք այն»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ