«Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված «Եւ յոթերորդ օրը…» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Մինչ ցուցադրությունը դերասանները հանդիպեցին լրագրողների հետ: «Եւ յոթերորդ օրը» պատմություն է փլատակների տակ մնացած թոռան եւ նրան փրկել ջանացող պապի մասին: Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Արման Չիլինգարյանը պատմեց, որ ֆիլմի նկարահանումները կատարվել են 2013 թվականին՝ Լենինականից 20 կմ հեռու՝ Աղին գյուղում. «Այդտեղ 5 ընտանիք էր բնակվում: Նրանք ընդունեցին մեզ, կատարեցինք նկարահանումները, ինչից հետո բնակիչները տեղափոխվեցին 2-3 կմ հեռու՝ Նոր Աղինում բնակվելու: Ի դեպ, մեր դիմահարդարը՝ Էմման, նկարահանման ժամանակ ցեխի միջից գտել է 1988 թ. 5 կոպեկանոց եւ ասել՝ սա մեր թալիսմանն է»:
Ռեժիսորը նշեց, որ նկարահանումները դժվարությամբ են ավարտվել, քանի որ անհրաժեշտ ֆինանսավորում չկար. «Ոչ մեծ բյուջե ունեցող նախագիծ էր ու մեծ թվով մարդկանց ցանկությունն էր պետք, որպեսզի ֆիլմը հասներ հանդիսատեսին: Ի պատիվ մեզ, այդպիսի մարդկանց շնորհիվ կարողացանք ավարտել կինոնկարը»:
Գլխավոր դերակատար Աշոտ Ադամյանի բնորոշմամբ՝ կորուստ ապրածի կերպար մարմնավորելը չափազանց ծանր է. «Երկրաշարժի թեման այն ողբերգությունն է, որը մեզ մինչ օրս հանգիստ չի տալիս: Ամեն անգամ Շիրակ գնալուց, երբ տեսնում եմ տնակներում ապրող մարդկանց, ոտքերս թուլանում են»:
Հավելենք, որ իրական պատմության վրա հիմնված «Եւ յոթերորդ օրը…» ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերին՝ Անապայում՝ «Կինոշոկ» կինոփառատոնի ժամանակ: Այն ընդգրկվել է տասը լավագույն ֆիլմերի ցուցակում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ