-Մամուլում շրջանառվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած երեք հոգանոց պատվիրակության, այսպես կոչված, գնահատականը՝ կապված դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի ընթացքի հետ: Կխնդրեինք պարզաբանել՝ ինչ է այն իրենից ներկայացնում.
– Կցանկանայի, որպեսզի մեր հանրությունը և լրատվամիջոցները հստակ տարբերակեին՝ հրապարակվածը ոչ թե գնահատական է, այլ նախնական մամուլի հաղորդագրություն՝ նախնական տեղեկատվություն հանրության համար: ԵԽԽՎ կանոնակարգով ընտրական գործընթացները դիտարկելու տարբեր ձևաչափեր կան: Առաջինը ՝ ընտրությունների լայնածավալ, ամբողջական դիտորդական առաքելություններն են, մինչև 40 մարդու մասնակցությամբ, որոնք իրականացնում են ողջ ընտրական գործընթացի դիտարկում՝ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ բուն ընտրության գործընթացի ժամանակ, և հետագայում վերլուծություն և գնահատականներ հնչեցնում զեկույցի տեսքով: Երկրորդը՝ ընտրությունների գնահատման առաքելությունն է, որը բաղկացած պետք է լինի 5 անդամից և որի գործառույթներն ավելի սահմանափակ են և այն չի իրականացնում որևէ նախընտրական առաքելություն:
Եվ կա երրորդ ձևաչափը, որը տեղի էր ունենում Հայաստանում ներկայումս՝ դա ընտրությունների առիթով Վեհաժողովի անդամների /5 հոգուց պակաս/ ներկայությունն է՝ մինչ ընտրությունները կամ դրանց ընթացքում՝ առանց դրանց պաշտոնական դիտարկման կամ գնահատման՝ ,,c. Presence on the Occasion of Election of Assembly members during and/or just before an election without a formal observation or assessment of it,,.- մեջբերում ԵԽԽՎ Կանոնադրությունից: Այս առաքելությունը հետագայում իր եզրահանգումներն է անում հուշագրի տեսքով և ներկայացնում Բյուրոյին:
Այսինքն՝ այս առաքելությունը նպատակ չի հետապնդում հրապարակելու զեկույց, կամ գնահատականներ, ինչպես դա արվում է դիտորդական առաքելությունների դեպքում, այլ ընդամենը պատրաստում է տեղեկատվություն՝ Բյուրոյի համար, որն ի դեպ, ի տարբերություն մյուսների , ոչ թե զեկույցի տեսքով քննարկվում է Բյուրոյի և այնուհետև հաստատվում լիագումար նիստերում, այլ ընդամենը հաղորդագրություն է Բյուրոյի համար:
Կարդացեք նաև
Այն նախնական հաղորդագրությունը, որն այսօր հրապարակվել է , ԵԽԽՎ երեք անդամների դիտարկումներն են, հղումներ այն խնդիրներին, որոնք արդեն նշվել են նախկին ընտրական գործընթացների ժամանակ՝ ԵԽԽՎ-ի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի կողմից:
Քանի որ սա կարճաժամկետ և ոչ դիտորդական առաքելություն է և ի սկզբանե չի ունեցել նախընտրական միսիա, այսինքն՝ հնարավորություն ողջ տեղեկատվությանը տիրապետելու, մենք այժմ պետք է իրենց կողմից նշված խնդիրների վերաբերյալ պատրաստենք մեր օրենսդրական և այլ տեղեկատվությունը, որպեսզի սրանց հիման վրա մեր եվրոպացի գործընկերները ներկայացնեն նախատեսվելիք հուշագիրը Բյուրոյին: