Այսօր ԱԺ-ում քննարկվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի անդամների ընտրության հարցը: Հանձնաժողովի անդամների պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո թափուր տեղերը լրացվում են նոր ընտրությամբ:
Այս հարցի քննարկմանը պատգամավորները գնահատականներ տվեցին հեռուստաընկերությունների լիցենզիայի, հեռուստատեսության թվայնացման աշխատանքների հետ կապված:
Ժառանգության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր ելույթում խոսեց հեռուստատեսային հաղորդումների որակի մասին. «Լրագրությունը դա մասնագիտություն չի, դա բնավորություն է, կամ կաս, կամ չկաս: Ես դժգոհ եմ մեր եթերային քաղաքականությունից: Եթերը այժմ արջի ծառայություն է մատուցում: Ասում են՝ ընդդիմությանը քիչ են տալիս ձայն, իշխանությանը շատ, բայց իշխանությունից մարդ կա, որ խոսում են, տեսնում ես հակահիգիենիկ կերպար է, չես ուզում լսես: Նույնն էլ ընդդիմությունից մարդ կա, որ խոսում է, տեսնում ես՝ չարությունից, թույնից բացի ոչինչ չի ասում, էլի փակում ես, չես ուզում լսել: Նոնսենս է կուսակցական եթեր ունենալը: Ես համաձայն չեմ, որ լիազորություններ քիչ կան, դրա համար ՀՌԱՀ-ը ինչ-որ բան չի կարողանում անել»:
Նա դժգոհեց, որ, օրինակ, գովազդների ժամանակ մեկ էլ այնպիսի բարձր ձայն է հնչում, որ տանը քնած երեխան արթնանում է. «Դժվա՞ր է ասել՝ եղբայր, չի՛ կարելի այդքան բարձր ձայն»:
Կարդացեք նաև
Ըստ Ռուբեն Հակոբյանի, ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ իրենց տեղում չեն եւ պրոֆեսիոնալ չեն:
ՀՌԱՀ հանձնաժողովի անդամների ընտրությունը կազմակերպվելու է վաղը ժամը 13.30-ին՝ փակ գաղտնի քվեարկությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ