Ընտրախախտումների վերաբերյալ մինչ այս պահը Օմբուդսմենը ստացել է 67 ահազանգ,որոնց կապակցությամբ Արագ արձագանքման ծառայությունն այցելել է խնդրահարույց ընտրատեղամասեր` ծանոթանալու հնարավոր խախտումներին: Կատարվել է 31 այց, իսկ որոշ դեպքերում էլ հարցերին լուծում է տրվել բանավոր խորհրդատվությամբ կամ խնդիրն արձանագրվել է, եւ դրանց վերաբերյալ վարույթ է սկսվել:
Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են լրագրողների, դիտորդների եւ հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտմանը (11 դեպք), ընտրական գործընթացի ոչ պատշաճ կազմակերպմանը (3 դեպք), ընտրացուցակներում եղած անճշտություններին եւ կրկնաքվեարկությանը (9 դեպք), տեղամասերում մարդկանց կուտակումներին (2 դեպք), քաղաքացիներին ոչ իրավաչափ բերման ենթարկելուն (7 դեպք), լցոնումներին (6 դեպք), ընտրակաշառքի բաժանմանը (2 դեպք), անձնագրերի եւ դրանց մեջ դրվող կնիքների հետ կապված խնդիրներին (7 դեպք), քվեաթերթիկների հաշվման ընթացքում առաջացած խնդիրներին, մասնավորապես` հաշվման գործընթացի դադարեցմանը (5 դեպք), ձայների հաշվելու ընթացքում հանձնաժողովի անդամների աշխատանքի խոչընդոտմանը (11 դեպք), քվեաթերթիկների նախնական ու վերջնական հաշվարկների անհամապատասխանությանը (4 դեպք):
Օմբուդսմենի աշխատակազմի միջամտության արդյունքում կարգավորվել է լրագրողների, դիտորդների եւ հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտման 8 դեպք, շտկվել է ընտրացուցակներում եղած 7 անճշտություն, բերման ենթարկված 7 անձանցից 3-ը ազատ են արձակվել բաժիններից, իսկ 3 դեպքով հարցին տեղում է լուծում տրվել, 2 տեղամասերում էլ կարգավորվել է ընտրական գործընթացի կազմակերպումը: Քվեաթերթիկների հաշվարկման փուլում կանխվել է հաշվարկի դադարեցման եւ հանձնաժողովի անդամների աշխատանքի խոչընդոտման 3-ական դեպք, կարգավորվել է նաեւ հաշվարկների անհամապատասխանության 4 դեպքից 3-ը: Կենսաչափական անձնագրով քվեարկել թույլ տալու դեպքի կապակցությամբ Օմբուդսմենի աշխատակցի միջամտությունից հետո նախապատրաստվել են նյութեր, հանձնաժողովի անդամի ծեծի ենթարկելու դեպքով հաղորդում է տրվել Ոստիկանություն:
Առաջիկա օրերին Օմբուդսմենը հետեւողականորեն կշարունակի ուսումնասիրել յուրաքանչյուր ահազանգի հիման վրա արձանագրված խախտումները՝ իրականացնելով մանրակրկիտ եւ բազմակողմանի ուսումնասիրություն: Անհրաժեշտ է, որ իրավախախտում կատարած բոլոր անձինք ենթարկվեն խստագույն պատասխանատվության:
Կարդացեք նաև
Ամփոփելով դիտորդական կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրելով իրավախախտումների մասին մամուլի հրապարակումներն ու առկա տեսանյութերը, ինչպես նաեւ ստանալով պետական մարմիններից փաստարկված պարզաբանումներ՝ Օմբուդսմենն առաջիկայում կներկայացնի իր ամփոփիչ գնահատականը 2015 թվականի Հանրաքվեի վերաբերյալ:
Օմբուդսմենի աշխատակազմ