Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը եռյակի նախկին գործընկերներին ստախոսնե՞ր է համարում

Դեկտեմբեր 07,2015 16:48

«Ես համեմատության մեջ դնելով նախորդ հանրաքվեները՝ կարծում եմ, որ մասնակցության բավականին բարձր մակարդակ արձանագրվեց և բոլորն իրենց նպատակները հստակ արձանագրելու հնարավորություն են ունեցել: Մենք համարում ենք հանրաքվեն կայացած և ունենք նոր Սահմանադրություն»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ական եւ «այո»-ական գործչին «խորհելու ու մտորելու» առիթ է տալիս «պատկառելի թվով» «ոչ»-երի առկայությունը:

ՀՅԴ-ում կարծում են, որ այն ընտրակարգը, որով անցկացվել է հանրաքվեն, խախտումների ծավալը վերահսկելու եւ արձանագրելու հնարավորություն չի տալիս եւ չի տա, քանի դեռ նոր ընտրական համակարգ չունենք:

Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությունները`խախտումների մասին, նա համարում է միակողմանի. «Կայացվածության և չկայացվածության վերաբերյալ հայտարարությունը կատարվում է՝ հստակ ծավալ արձանագրելով: Եթե կեղծիքների ծավալն այնքան է, որ հանրաքվեի կայացվածությունը դրվում է կասկածի տակ, այդ ժամանակ պետք է փաստվի, որ այդ ծավալն այնքան է, որ թույլ չի տալիս ասել՝ հանրաքվեն կայացած է: Ի՞նչ է նշանակում հանրաքվեի կայացում՝ հանրաքվեն «այո» է, եթե մասնակիցների կեսից ավելին են քվեարկել, ոչ պակաս, քան ընդհանուր թվի մեկ չորրորդը: Սրա հետ կապված հստակ ապացույցներ կա՞ն, մենք չունենք նման ապացույցներ»:

Ըստ Ռուստամյանի՝ հանրաքվեն անցկացվել է հին ընտրական համակարգի պայմաններում՝ բոլոր այն թերություններով, որը հատուկ է այդ համակարգին:

Սահմանադրական փոփոխությունների մասին արդյունքների նկատմամբ այս ոչ վստահելի մոտեցումը, ըստ ՀՅԴ-ական գործչի, գալիս է ընդհանրապես ընտրական համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունից:

Լրագրողների դիտարկումներին, որ քաղաքական ուժերից բացի ԶԼՄ-ներն ու դիտորդներն էլ են արձանագրել մեծ խախտումներ, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Նույն այդ ԶԼՄ-ների ներկայացրած տարբեր հայտարարություններ հետո ստուգվել են, որ կեղծ են և սխալ: Այդպես չէ, որ բոլոր հայտարարությունները հալած յուղի տեղ պետք է ընդունենք՝ որպես ապացուցված փաստ: Ի՞նչ են նշանակում կեղծիքներ, դրա համար կան իրավասու մարմիններ: Ընտրակաշառք են բաժանել, ընտրակաշառքի վերաբերյալ պետք է փաստ լինի ու ապացուցվի: Հետո ամենակարևորը՝ այո, լինում են կեղծիքներ, բայց արձանագրվա՞ծ է կեղծիքների այն ծավալը, որը մեզ հնարավորություն կտա ասել, որ դա հանրաքվեի արդյունքների վրա ազդել է: Այդպիսի ծավալի արձանագրություն գոյություն չունի»:

Արմեն Ռուստամյանը «սուտ» է որակում այն հայտարարությունները, թե «ոչ»-ն է հաղթել. «Մենք էլ հետևել ենք, այդ ինֆորմացիան չի համապատասխանում այն մթնոլորտին, որը եղել է»: Հիշեցնենք, որ նման հայտարարություններ արել են նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» անդամները: Իսկ այդ քաղաքական ուժերի հետ ընդամենը մեկ տարի առաջ ՀՅԴ-ն ընդդիմադիր «կոալիցիայի» մեջ էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur says:

    Ուղղակի անբարոյականություն է նայել մարդկանց աչքերի մեջ ու սուտ խոսել:

  2. Roubina Ohanian says:

    Գուցե ճիշտ է Արմեն Ռուստամյանի մատնանշումը այն մասին՝ թե ընտրկան կարգը պիտի փոխվի, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ընտրությունների արդյունքը: Ենթադրենք թե ճիշտ մատնանշում է սա: Ու հիմա հարց է առաջանում.- Ինչո՞ւ շտապեցին նոր Սահմանադրություն ունենալու համար: Կարելի էր, չէ՞, նախ փոխել ընտրական կարգը, ապա քվեարկության դնել ցանկացած նոր նախագիծ՝ դրանց շարքում նաև նոր Սահմանադրությունը:
    Ինչո՞ւ շտապեցին այս հարցում: Արմեն Ռուստամյանի ասածը թերևս ճիշտ է: Ճիշտ է նրա մատնանշումը ընտրական կարգի թերի լինելու կապակցությամբ: Ու եթե քաղաքական գործիչը իրեն լուրջ մարդ է համարում, ուրեմն նախ պիտի արծարծի ընտրական նոր ու անթերի կարգ ունենալու կարևոր հարցը, ապա բոլորը գնային ցանկացած նոր ընտրությունների: Տրամաբանությունը դա է ասում: Սրանից այն կողմ՝ ամեն ինչ անորոշ է: Թե՛ իշխանությունների պնդումը, որ ԱՅՈ-ն է հաղթել, թե՛ ընդդիմության ասածը՝ ՈՉ-ը հաղթելու մասին: Ամեն ինչ անորոշ է ու թե-ական: Ու քանի որ խոսում ենք անորոշ հարցի մասին, ուրեմն հարցականի տակ կարելի է առնել բոլոր նշումներն ու ներկայացված նոր Սահմանադրության հանրաքվեի արդյունքը:
    Առաջարկս է.- Կանխելու համար նոր բախումները, առկախ թողնել Սահմանադրության հանրաքվեի հարցը: Նախ ունենալ նոր և վերահսկելի ընտրական համակարգ, ապա կրկին քվեարկության դնել այնքան կարևոր ու լուրջ այս հարցը՝ Հայաստանի նոր Սահմանադրության հարցը:
    Առ ի տեղեկություն.- Արդեն միջազգային դիտորդներ են հաստատել ընտրությունները մեծ խախտումներով անցկացնելու իրողությունը: Ու դա՝ առաջին ու վերջին հաշվով, թանկ է նստելու Հայաստանի վարկի ու հեղինակության վրա՝ անկախ նրանից թե ո՞վ է իշխանություն և ո՞վ ընդդիմություն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031