Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ դիտորդները մի շարք խնդիրներ են արձանագրել երեկվա հանրաքվեի ընթացքում

Դեկտեմբեր 07,2015 16:02

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը դեկտեմբերի 4-ից 7-ը Հայաստանում է եղել եւ դիտարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Այսօր դիտորդները հրապարակել են եզրակացությունը, որում նշել են, որ տեղի է ունեցել զուսպ քարոզարշավ, քիչ հանրային բանավեճով, իսկ հանրաքվեի օրը հանգիստ է անցել։

Նշված է, որ հանրաքվեին բնակչության համեմատաբար ցածր մասնակցությունը, արտացոլում է այն փաստը, որ փոփոխությունները պայմանավորված են քաղաքական եւ ոչ թե հասարակության շահերով։ Ըստ դիտորդների՝ բազմաթիվ քաղաքացիներ սա համարել են վստահության քվե կառավարությանը եւ ոչ թե փոփոխությունների առաջարկ։ «Երկու եւ կես տարի տեւած բարեփոխումների գործընթացը բավարար չէր։ Խորհրդարանը միայն մի քանի շաբաթ ուներ քննարկելու փոփոխությունների տեքստը եւ հանրային բանավեճը սահմանափակվել է երկու ամսով, ու դժվարեցրել է պայմանավորվածության ձեռքբերումը»։

Այդ պատճառով, ըստ ԵԽԽՎ դիտորդների, Սահմանադրական փոփոխությունները, կիսանախագահականից խորհրդարանականին անցումը, բավականին շատ քաղաքացիների կողմից ընկալվել են որպես գործող նախագահի՝ իշխանությունը պահելու միջոց։ Հաշվի առնելով վերոգրյալը, պատվիրակությունը ցավ է հայտնում, որ իշխանություններն ավելի շատ չեն մտածել գործընթացի ամբողջականության մասին եւ մի քանի խնդիրներ են արձանագրել։

«Ընտրացուցակների անճշտություն. կային շատ մարդկանց անուններ, որոնք արտասահմանում են կամ էլ վաղուց մահացել են։ Դրա արդյունքում եղան պնդումներ, որ այդ մարդկանց անուններով մի քանի անգամ քվեարկություն է եղել։ Մեղադրանքներ են եղել, որ մեծածավալ կազմակերպված քվեարկություն ու ճնշում է եղել ընտրողների վրա եւ կաշառք է բաժանվել։

ԶԼՄ-ների խաղադաշտը կրկին առաջին մակարդակի վրա չէր եւ քաղաքական կուսակցություններն ի վիճակի չէին հասարակությանը տեղեկացնելու եւ մոտիվացնելու իրենց պարտականությունն իրականացնել»։

Դիտորդները նաեւ արձանագրել են, որ փոփոխությունների գործընթացում եղել է վարչական ռեսուրսի կիրառում իշխանությունների կողմից, մեղադրանքներ են հնչել հանձնաժողովի անդամների վրա կատարված ճնշումների եւ կաշառելու փորձերի մասին, արձանագրվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման պակաս եւ բացթողումներ՝ հատկապես ձայների հաշվարկի ընթացքում։

Պատվիրակությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անդրադառնալ այս խնդիրներին, որպեսզի վստահություն ձեւավորի ընտրական գործընթացի նկատմամբ եւ ապահովի Հայաստանի ժողովրդավարական ապագան։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031