Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն Չեբուրաշկայի կարգավիճակում եք». Փոստանջյանը վիճեց ՀՀԿ-ականների եւ Գալուստ Սահակյանի հետ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 15:16

ԱԺ-ում քննարկվեց ԲՀԿ եւ ՕԵԿ պատգամավորերի հեղինակած մի նախագիծ, որով առաջարկվում է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի օրենքում» սահմանել երիտասարդության եւ ուսանողության օր:

Հիմնական զեկուցող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց, որ այդ օրը նշվի մայիսի 16-ին՝ Մայր բուհի հիմնադրման օրը:

ԱԺ գիտության, կրթության , երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի խոսքերով, երիտասարդության օրը նշելու հետ կապված դեռեւս տարիներ առաջ է եղել առաջարկություն:

Առաջարկվել է մայիսի 7-ին նշել, երկու տարվա ընթացքում քննարկումներ են եղել եւ ի վերջո հանձնաժողովում միաձայն որոշում է կայացվել դրական եզրակացություն տալ հենց այս նախագծին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ տոն նշելով չի, որ երիտասարդներն իրենց պաշտպանված են զգում. «ՀՀ երիտասարդությունը չունի երջանիկ ապրելու հնարավորություն եւ դրա պատճառներն են ՀՀ ապօրինի իշխանությունները, ի դեմս իրենց գլխավորի՝ Սերժ Սարգսյանի»:

Նա մեջբերում արեց Սերժ Սարգսյանի խոսքերից, թե մենք որտեղի՞ց ունենք փող. «Մենք փող ունենք բյուջեում: Մեր պետական բյուջեն չի համալրվում այն հարկատեսակներով, որոնք պետք է գնան պետական բյուջե, մինչդեռ գնում են Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի գրպանը»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձեց ընդհատել նրան եւ հորդորեց կարճ կապել: Զարուհի Փոստանջյանն էլ պնդեց՝ պետք է արգելել, որ արագաչափերի գումարը գնա անմիջապես Սերժ Սարգսյանի ընտանիքի գրպանը: Ըստ նրա, պետք է համապատասխան սարքեր տեղադրեին մեր սահմաններին այդ արագաչափերի փոխարեն, որպեսզի մեր երիտասարդները չզոհվեին. «Այդ արագաչափերի գումարը գնում է ուղղակի այդ անձի գրպանը»:

Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Ես էլ ասում եմ ձեր գրպանն է գնում, անհարմար է, վերջացրեք»:

Զարուհի Փոստանջյանը վիճեց՝ մի ընդհատեք, դուք իրավունք չունեք ինձ ընդհատել:

ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը փորձեց  միջամտել՝ Զարուհի Փոստանջյանը նրան ասաց. «Ես հասկանում եմ, որ դուք գումարներ եք ստանում Սերժ Սարգսյանից, բայց բավարար է եւ ամոթ է: Բղավեք, բղավեք, լավ եք անում, բղավե՜ք»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, մեր երիտասարդները դեմ են քվեարկել Սերժ Սարգսյանի ապօրինի նախաձեռնությանը՝ հանրաքվեին. «Այն մարդիկ նույնիսկ, որոնք ստիպողաբար բերման են ենթարկվել, ինձ ասում էին, հավատացեք, ես էլ եմ դեմ քվեարկել, բայց ես շատ թույլ մարդ եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը, ովքեր իրենց պարտքը կատարեցին, այս ռեժիմին՝ Սերժ Սարգսյանին դեմ արտահայտվեցին»:

Նա հայտարարեց, որ պետք է պայքարը շարունակեն. «Ես միջին սերնդի ներկայացուցիչ եմ, բայց երեկ տոնեցի իմ երիտասարդությունը, այրեցի Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի եւ Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները»:

Գալուստ Սահակյանը արձագանքեց, որ խրտվիլակները պիտի այդպիսի բան ասեն եւ անջատեց նրա խոսափողը: Չնայած դրան, առանց խոսափողի Զարուհի Փոստանջյանը բղավելով ավարտեց իր խոսքը՝ կոչ անելով այրել բոլոր այն անձանց խրտվիլակները, ովքեր ռեժիմն են ներկայացնում:

Գալուստ Սահակյանի խոսքերով՝. «Արդեն Չեբուրաշկայի կարգավիճակում եք, դուք պղծում եք ամբիոնը»: Նա զգուշացրեց, որ Զարուհի Փոստանջյանին ընդհանրապես կզրկի ամբիոնի մոտ խոսելու իրավունքից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031