Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Եթե գյումրեցիներն ասել են «ոչ», մենք իրենց կարծիքի հետ համաձայն ենք»

Դեկտեմբեր 07,2015 14:58

Այսօր Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու էր եկել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դնելուց հետո կառավարության ղեկավարը կարճ հարցազրույց տվեց լրագրողներին:

Որքան էլ այս սգո օրը բացարձակապես հարմար չէ քաղաքական հարցեր շոշափելու համար, այդուհանդերձ լրագրողները Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին հանրաքվեի արդյունքներով:

Դիտարկմանը, թե Գյումրին «ոչ» է ասել, կառավարության ղեկավարը սկզբում ուզում էր նշել, որ Շիրակի մարզում այնուամենայնիվ «այո»-ն է հաղթել, սակայն խոսքը կիսատ թողնելով՝ գյումրեցիների քվեարկության մասին ասաց. «Եթե գյումրեցիներն ասել են «ոչ», մենք իրենց կարծիքի հետ համաձայն ենք, ուրիշ ոչ մի բան ես չունեմ ասելու, յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում «այո», թե՞ «ոչ»: Մենք մեր գործն ենք անում, թող մեր քաղաքացիները որոշեն այո, թե ոչ»:

Կառավարության ղեկավարը կարծես թե անչափ բավարարված էր արձանագրված արդյունքներից:

Լրագրողներից մեկի հարցին, թե որպես «Այո» շտաբի ղեկավար խոստացել էիք արդար ընտրություններ, սակայն պատկերն այլ է ստացվել. կան բազմաթիվ փաստեր լցոնումների, ընտրախախտումների վերաբերյալ, ինչո՞ւ չկարողացաք պահել ձեր խոստումը, վարչապետն ասաց. «Ես չեմ կարծում, որ չկարողացա, դեռ ժամանակ կա, թող քննեն պատկան մարմինները, իրավապահ մարմինները, եթե կլինեն նման մարդիկ, իրոք դեպքեր, որ դրանք կլինեն խախտումներ, ապա ես մի անգամ ասել եմ, դրանք արջի ծառայություններ են մատուցել իշխանություններին, օրենքի շրջանակներում անպայման պետք է կրեն պատասխանատվություն»:

Եթե չլինեին արջի ծառայություն մատուցողները՝ ի՞նչ տվյալներ կունենայիք, թեկուզեւ նախնական տվյալներով, վարչապետն ասաց. «Ես դեռ չգիտեմ կա՞ն, թե՞ չկան, նախնական տվյալներով մոտ 62-63 տոկոսը ասել են «այո» մեր քաղաքացիների, իսկ դա 1000, 5000, 10 000 ձայնի տարբերություն չէ, ուղղակի սպասենք, եթե լինեն դիմում-բողոքներ, կբացվեն տեղամասեր, կստուգվեն, պատկան բոլոր մարդիկ, համոզված եմ, ամեն ինչ կանեն, եթե կան նման մարդիկ, պատասխանատվության կենթարկվեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031