Երևանում հոկտեմբերին տեղի ունեցավ Հայաստանի V պարային օլիմպիադան և «Սուբկոնտինենտալ Կովկասի գավաթի առաջնությունը», որի կազմակերպիչն է «Կատարողական արվեստների համահայկական ասոցիացիան»: Ինչպես Aravot.am-ին ասել էր ասոցիացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը, մասնակցել են մոտ 1500 պարողներ, այդ թվում՝ այլ երկրների ներկայացուցիչներ:
Օլիմպիադայի մասնակիցներից էր նաև «Նոր Դար» պարային անսամբլը, որն օլիմպիադայում նվաճեց 5 ոսկե մեդալ եւ արժանացավ գլխավոր մրցանակին:
Համույթի մենապարող, XII-րդ Համաշխարհային պարային օլիմպիադայի աշխարհի չեմպիոն Գարիկ Պետրոսյանը վերջերս մասնակցել է Սոչի քաղաքում կայացած «Սպորտի, արվեստի և պարի խաղեր» խորագրով մրցույթին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Դար» համույթի ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանը: «Համույթից Սոչի են մեկնել 2 պարողներ, որոնք ներկայացել են «ժողովրդական պար» եւ «մենապարեր» անվանակարգերում: Աշխարհի չեմպիոն Գարիկ Պետրոսյանը ցուցադրել է հայկական ժողովրդական «Զուռնի տրնգի» պարը: Թեժ մրցակցության արդյունքում Գարիկ Պետրոսյանը, ինչպես նաեւ Լաուրա Մարգարյանն իրենց բարձր կատարողականության արդյունքում նվաճել են առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի: Նրանք կանգնել են առաջին պատվո հարթակին եւ ծածանել հայոց եռագույնը»,-պատմեց Մհեր Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ փոքրիկ Լաուրայի համար հաղթանակն առաջինն էր, իսկ Գարիկի դեպքում՝ երկրորդը:
Պարուսույցը տեղեկացրեց, որ այժմ 11-ամյա Գարիկը պատրաստվում է Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Պարային այդ կարեւոր իրադարձության ժամանակ նա նաեւ նոր պարեր է ներկայացնելու:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ