ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որը հետեւել է Հայաստանում երեկ անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, դրական է գնահատում եւ չի արձանագրել որեւէ լուրջ խախտում:
Հանրաքվեն, ըստ նրանց, տեղի է ունեցել հանգիստ մթնոլորտում, կազմակերպված: Առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան, պարզվում է խախտումներ չի նկատել, նրա աչքից չեն վրիպել, որ տեղամասեր էին այցելել ծեծեր, երիտասարդ զույգեր. մի խոսքով, ըստ Սլոբոդայի, ԱՊՀ դիտորդների այցելած տեղամասերում կարգին ընտրություններ են եղել, հանրաքվեն անցել է օրենքի շրջանակներում:
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՊՀ դիտորդական առաքելության մեկ այլ անդամ՝ Նիկոլայ Արեֆեւն էլ ասաց, որ ՀՀ քաղաքացիները հետաքրքրված են եղել հանրաքվեով, եւ այն տեղամասերում, որտեղ ԱՊՀ դիտորդները եղել են, չեն արձանագրել օրենքի խախտման վերաբերյալ որեւէ դժգոհություն կամ նկատառում ոչ ընտրողների կողմից, ոչ դիտորդների եւ վստահված անձանց կողմից եւ ոչ էլ ընտրական հանձնաժողովների անդամների կողմից:
Ուշագրավ է, որ ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները 80-ից ավելի տեղամասերում են եղել, եւ այդպես էլ որեւէ խախտում չեն արձանագրել, կամ անգամ դժգոհություն չեն լսել հանձնաժողովների անդամների կողմից:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ տեղացի դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչները արձանագրել են բազմաթիվ խախտումներ եւ կեղծիքներ, ընտրակաշառքի բաժանման դեպք է արձանագրվել, ինչպես նաեւ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր են եղել, եւ հիմա ինչպե՞ս է պատահում, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը եկել է եւ մեզ ասում է, որ որեւէ խախտում հանրաքվեի ժամանակ չի եղել:
Մեր այս հարցին ի պատասխան Սլոբոդան ասաց, որ իրենց այցելած տեղամասերում մեր նշած խախտումների դեպքեր չեն եղել. «Մենք եղել ենք մի շարք տեղամասերում, որտեղ կային ԶԼՄ շատ ներկայացուցիչներ, եւ ոչ ոք չէր պատրաստվում նրանց դուրս հանել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Մեկ այլ լրագրողի հարցին էլ՝ արդյոք հնարավոր է ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայիս կարծիքը փոխվի, հաշվի առնելով որոշ ընտրախախտումների դեպքերը հայկական դիտորդական խմբերի կողմից արձանագրված, Սլոբոդան ասաց՝ «Ոչ, ինչպե՞ս պիտի փոխվի»: Ճշտող հարցին՝ արդյոք սա նրանց վերջնական պատասխանն է, առաքելության ղեկավարն ասաց, որ իրենք վերջնական զեկույցը կհրապարակեն, երբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի վերջնական արդյունքները:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ