«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին՝ քվեարկությունից հետո, երթով շարժվել էր դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք եւ պահանջել էր ներկայացրել հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարել: Սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մոտենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին:
Դեկտեմբերի 7-ին լրագրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեցին անդրադառնալ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի պահանջին եւ նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նա չի հանդիպել նախաձեռնության անդամների հետ: Նա պատասխանեց. «Մենք իրականացնում ենք իրավական ընթացակարգ, այդ կապակցությամբ շատ հստակ հաղորդագրություն տարածվեց, այսինքն` չանտեսվեց վերջիններիս կողմից ներկայացվող մոտեցումը, մեր կողմից համապատասխան արձագանք եղավ՝ հաղորդագրության տեսքով եւ պարզաբանվեց, որ մենք իրականացնում ենք իրավական ընթացակարգեր, եւ եթե կա դիմում, որոնք վերջիններս ցանկանում են ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին որեւէ խոչընդոտ չկա նման դիմում ներկայացնելու համար: Մեր ներկայացուցիչը նույնիսկ 2 անգամ է հանդիպել վերջիններիս հետ՝ խնդրելով՝ եթե կա դիմում կարող եմ փոխանցել, եթե ցանկանում են դիմում ներկայացնել կարող է տրամադրել նույնիսկ թուղթ, հնարավորություն, որպեսզի նրանք գրեն, ներկայացնեն: Եվ բնականաբար, եթե ներկայացվի նման դիմում, դիմումը կդառնա պատշաճ քննարկման առարկա, հակառակ պարագայում՝ տարաբնույթ տեսակետների վերաբերյալ զրույցները եւ այլն, ըստ էության իրենցից որեւէ իրավական ընթացակարգի չեն ենթարկվում: Եվ սա շատ հստակ մեր հաղորդագրությամբ եւս ներկայացված է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ