ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։
Հաղորդումներից 79-ը վերաբերում է Երևանում, 48-ը՝ մարզերում տեղի ունեցած խախտումներին։
Այսպես՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 19, Լոռիում՝ 14, Արագածոտնում՝ 4, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի քննչական վարչություններում՝ 2-ական, Արմավիրում՝ 1 հաղորդում։
Երևանում ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանին՝ 24 դեպք։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է 15, Աջափնյակ և Դավթաշենում՝ 9-ը, Քանաքեռ-Զեյթունում՝ 8, Կենտրոն և Նորք-Մարաշում՝ 7, Շենգավիթում՝ 6, Արաբկիր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ 5-ական ահազանգ։
Կարդացեք նաև
Ստացված բոլոր ահազանգերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ տարածքային քննչական ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ։
Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին