Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկության դեմ ոճիրների հարյուրամյակ» խորագրով համաժողով Ժնևի Վեբստեր համալսարանում

Դեկտեմբեր 07,2015 13:08

Դեկտեմբերի 4-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա նախաշեմին, «Մարդկության դեմ ոճիրների հարյուրամյակ» ընդհանուր խորագրի ներքո Ժնևի Վեբստեր համալսարանում կազմակերպվեց համաժողով «Ինչո՞ւ Ցեղասպանություն. իրողություններ, պատասխաններ, հետևանքներ» թեմայով:

Քննարկումներն ընթացան չորս հիմնական ուղղություններով՝ ցեղասպանության գաղափարախոսություն, ցեղասպանության կանխարգելում և պատժում, ցեղասպանությունների պատմական հարթություն և հետևանքներ, արդարություն և հաշտեցում:

Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ Ժնևում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը: Նա նշեց, որ այս տարի առաջին անգամ ոգեկոչվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրը՝ հաստատված ՄԱԿ ԳԱ Ասամբլեայի բանաձևով՝ Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի կողմից ս/թ. մարտին ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևի հիման վրա:

Նա հիշեցրեց, որ ինչպես Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանության եզրույթի ստեղծման, այնպես էլ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման միջազգային կոնվենցիայի մշակման հիմքում անմիջականորեն ընկած են Մեծ Եղեռնն ու Հոլոքոստը: Նա նշեց, որ բազմաթիվ ցեղասպանագետների կողմից Հայոց ցեղասպանությունը դիտվում է իբրև առաջին «ժամանակակից» ցեղասպանություն, որն իրագործվել է պետության կողմից՝ ատելության և սառը հաշվարկի համակցմամբ:

Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց, որ Ժնևում, Հայաստանի նախաձեռնությամբ, յոթ տասնյակից ավելի պետությունների համահեղինակությամբ ընդունված ցեղասպանության կանխարգելման բանաձևն ամրագրում է, որ անպատժելիությունն ու ժխտողականությունը խոչընդոտում են այդ ոճիրի կանխարգելման ջանքերին՝ միևնույն ժամանակ, թույլ չտալով խաղաղության հաստատմանն ու ժողովուրդների հաշտեցմանը:

Նա հիշեցրեց, որ ժխտողականությունը, լինելով ցեղասպանության եզրափակիչ փուլը, ի հայտ է գալիս տարբեր դրսևորումներով: Նա վկայակոչեց Ցեղասպանությունների միջազգային Ասոցիացիայի նախագահ Ռ. Սմիթի խոսքերը, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտողականության առանձնահատկությունն է, որ այն միակն է, ի տարբերություն Հոլոքոստի, որ պետական քաղաքականության անբաժան մաս է և արդեն շուրջ հարյուր տարի հետևողականորեն իրագործվում է թուրքական՝ միմյանց հաջորդող անխտիր բոլոր կառավարությունների կողմից՝ պետական իշխանության ողջ հզորությամբ և ռեսուրսներով:

Համաժողովին ելույթներով հանդես եկան Ժնևում Ռուանդայի դեսպանը, Եվրոպայի խորհրդի մշտական ներկայացուցիչը, Բուդապեշտի՝ Ցեղասպանության և զանգվածային ոճիրների կանխարգելման կենտրոնի ղեկավարը, ինչպես նաև տասնյակ դասախոսներ, փորձագետներ

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031