Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը երեկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը շրջել է Աշտարակի երկու տեղամասերում: Տեղամասերից մեկում, ըստ նրա, խաղաղ մթնոլորտ էր, իսկ մյուս տեղամասում ինքն անձամբ ընտրախախտում է բացահայտել, ահազանգել ոստիկաններին:
Նրա պատմելով, առողջ, ոտք ու ձեռքով քաղաքացիները տեղամաս հասնելուն պես կույր են ձեւացել, որ իրենց ուղղորդեն քվեախցում:
Այսօր «Անալիտիկ» ակումբում ակտիվիստը պնդում էր, որ «Ոչ» քվեարկողները 10 անգամ ավելի շատ են եղել, բայց այդ ձայներն անցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թրի տակով. «Ցավակցում եմ բոլորիս: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ ընտրակեղծարարությունը դարձել է սովորական երևույթ ՀՀԿ-ի համար: Ընտրատեղամասերի մեծ մասերում ունեինք մեր ներկայացուցիչները, մեր կուսակցական, ծանոթ մարդիկ, որոնք փորձում էին տեր կանգնել քվեին: Հաղորդագրություններից երևում է, որ եթե ոչ 5 անգամ, ապա 10 անգամ ոչ քվեարկողները շատ էին»:
Նրա խոսքով, կիրառվել են ընտրակեղծիքների բոլոր ավանդական ու նոր տեսակները. «Այնքան են լկտիացել, որ եթե նախորդ ընտրություններին 5 հազար դրամ ընտրակաշառք էին բաժանում, հասցրել են 3 հազար դրամի: Ընտրացուցակում հորս անունը կար, մինչդեռ նա երկու տարի առաջ մահացել էր: Եռակի քվեարկություններ են եղել, կարուսել եղել է զորամասային ծրագրով: Զինվորներին տեղամասից ընտրատեղամաս են տեղափոխել: Զինված ուժերում գտնվող մարդկանց ընտանիքների անձնագրերը հավաքել էին այո քվեարկելու համար»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, երբ մի սահմանադրություն անցնում է ընտրակեղծիքով, սահմանադրությունը առաջ քաշող մարդկանց պետք է չեզոքացնել, որովհետեւ նրանք վտանգավոր են բոլորիս համար. «Բոլորը պետք է դուրս գան փողոց ու չհեռանան փողոցից մինչեւ այս ռեժիմին չհեռացնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ