Գործող սահմանադրության պարագայում իշխանությունը գործում է ինչպես ձուկը ջրում:
Վայելում են իշխանության բոլոր բարիքները, աննպատակ շրջագայում են ողջ աշխարհով, առանց վարանելու գնում են օֆշոր, կենսաապահովման ոլորտի առ ու վաճառքի և սակագների հետ խաղ են անում, յուրայիններին մենաշնորհ հատկացնելը դարձել է հարսանեկան նվեր:
Եվ այսպես շարունակ տարեցտարի գահավիժում է շարքային քաղաքացու կենսագոյությունը: Արդյունքում աղքատություն, գործազրկություն և արտագաղթ:
Սակայն այս ամենը առանձնապես չի մտահոգում բարձրագույն իշխանությանը: Նրանց տեսակին մտատանջում է մեկ հարց՝ ինչպես վերարտադրվել և շարունակել անվտանգ պահպանել տարիներով ռիսկով ձեռք բերված նյութականացված ողջ կարողությունը:
Կարդացեք նաև
Արդյունքում որոշվեց գնալ արևելքի փորձված ճանապարհով՝ վերարտադրություն և վերջ: Փոխել սահմանադրությունը և այն հարմարեցնել բարձրագույն իշխանության քիմքին: Մոռանալով, որ ինքնաբուժումը առանց մասնագետի միջամտության վտանգավոր է: Չի կարելի առանց քիթ-կոկորդ-ականջ մասնագետի քիմքի հետ խաղալ:
Ինչևէ պառլամենտարիզմի խճանկարով սահմանադրության նախագիծը դրվեց հանրաքվեի…:
Արդյունքում դեկտեմբերի 6-ին երևաց, որ Երևանի և մարզերի բնակչությունը միակարծիք չեն նման փոփոխության հետ: Գյումրիում, Լոռիում, Տավուշում, Տաշիրում շատերը դեմ քվեարկեցին նման բարեփոխումների նախագծին, իսկ ահա Վայոց Ձորում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում և իհարկե Սյունիքում «բարեփոխումները» տարան «փայլուն» հաղթանակ:
Ստեղծված իրավիճակում խնդրահարույց կարող է դառնալ ՀՀ-ի տարածքում սահմանադրության անցկացման ոչ միայն արժանահավատությունը, այլև նրա հետագա ճակատագիրը: Նոր սահմանադրությունը հիմնականում հաղթել է ՀՀ-ի սահմանամերձ տարածքներում և այն էլ հարավում: Սահմանադրության ընդունման նման խճանկարը պայմանավորված է ոչ միայն հարավից եկող տաք հոսանքներով կամ գեղանկարչության արվեստի տիրապետմամբ: Այն ընդգծված հուշում է, որ ՀՀ-ում կարող է գործել վարչատարածքային կառավարման նաև այլ մոդել, որտեղ հարավ-հյուսիս ճանապարհին զուգահեռ նշմարվում է հյուսիսում ապրող ազատ կամքի տեր քաղաքացիների և հարավում գրանցված մարդկանց գենետիկական տարբերությունը:
Դե ինչ, արդեն որերորդ հանրաքվեն և համապետական ընտրությունները հուշում են, որ իշխանության գալու, այն պահպանելու և վերարտադրելու համար անհրաժեշտ է հանրակրթական դպրոցում լավ սովորել նկարչություն առարկան: Այն շախմատային և ֆուտբոլային դիվանագիտությունից առավել կարևոր է և արդիական:
Մնում է «շնորհավորել» սահմանամերձ սահմանադրության կերտողներին և ցանկանալ համբերություն, տոկունություն մյուս քաղաքացիներին:
Լռության, հանրաքվեի օրերին հաջորդում է մեռելոցը՝ այսօր Դեկտեմբերի 7-ն է: Հիշե¢նք բոլոր անմեղ նահատակներին:
Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար