Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարուստներ և աղքատներ

Դեկտեմբեր 07,2015 11:32

Խարվ Էկերը առանձնացնում է ցանկությունների երեք մակարդակ.

ա. Ես ուզում եմ հարուստ լինել: Ես կվերցնեմ այդ հարստությունը, երբ այն թափվի իմ ձեռքերի մեջ:

բ. Ես ընտրում եմ հարուստ լինելը: Ես իմ կյանքի համար պատասխանատվությունը վերցնում եմ իմ ձեռքերի մեջ:

գ. Ես նպատակադրվել եմ հարստանալ: Ես պատրաստ եմ հարուստ դառնալ, ոչ մի «բայց», ոչ մի «կարող է»:

Եթե անհրաժեշտ լինի, ես կարող եմ նշել ինձ հայտնի բոլոր հարուստների անունները, սակայն դրանից բան չի փոխվի, քանզի ներքինի իմաստով նրանք բոլորն էլ համարյա նույն տեսակն են: Փորձ կանեմ ներկայացնել մերօրյա հարուստների և աղքատների առանձնահատկությունները և նրանց փոխհարաբերությունների պատկերը: Այստեղ ամենավտանգավորն այն է, որ հարուստներին թվում է, որ իրենք արդեն սովորական մարդիկ չեն և նվազագույնը մի քանի անգամ բարձր են կանգնած միջին ապրելակերպի տեր և շատ ավելի անգամ աղքատ մարդուց: Հավանաբար, նրանց այդպես մտածելու համար հիմք է տալիս իրենց թալանած և կուտակած մեծ հարստությունը: Հայտնի չէ, այդ հարուստ այրերը իրենց երբևէ հարց տալիս են, թե բացի այդ ունեցվածքից, նրանք որևէ այլ «առավելություն» ունեն միջին ապրելակերպի տեր և աղքատ մարդկանց նկատմամբ, թե՞ ոչ: Բնական է, որ նրանք երբևէ իրենց այդպիսի հարց չեն տալիս, քանի որ ընդամենն այդ մեկ տարբերությունն է, որը որակական առումով տարբերություն էլ չէ: Եթե նմանության տեսանկյունից համեմատենք այդ երկու խավի մարդկանց, ապա պարզորոշ կտեսնենք, որ նրանք ընդամենը մեկ նմանություն ունեն: Նրանք բոլորն էլ արտաքինով նորմալ մարդ են: Իսկ եթե համեմատենք ներքինի իմաստով, ապա նրանք կտրուկ տարբերվում են իրարից: Նրանց հոգիներն ընդհանրական որևէ կետ անգամ չունեն և դրանց վերացման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:

Փաստորեն, Հայաստանում այսօր ժողովուրդը մասնատված է երկու մասի՝ հարուստներ և աղքատներ: Հարուստներն իրենց ձեռքն են վերցրել և պաշտոնների դաշտը, և բիզնես դաշտը, իսկ աղքատները մնացել են լիովին ձեռնունայն: Աղքատները տիրում են գործազրկության և արտագաղթի դաշտերին: Այդ երկու խավերի միջև բևեռացումն այնքան է խորացել, որ կարծես նրանք ապրում են տարբեր մոլորակներում: Երկրում առկա համարյա ամբողջ ունեցվածքն ու փողը կուտակվել է վերը նշված երկու դաշտերին տիրապետող հարուստների ձեռքում, իսկ աղքատները մատնվել են սովի: Փաստացի, ստեղծվել է պարադոքսալ վիճակ: Մի կողմից թվում է, թե բոլորն էլ Աստծո ծնունդ են՝ հավասար իրավունքներով, մյուս կողմից, տեսնելով իրական պատկերը, ուզում ես մտածել. միթե՞ Տերը այսքան անարդար է վերաբերվում իր զավակներին: Մի մասին տվել է այսքան ճոխ հնարավորություններ, մյուս մասին լրիվ թողել անպաշտպան: Եթե անկեղծ լինենք, ապա երկու խմբի վրա էլ կարելի է հավասարապես զարմանալ: Հարուստների վրա կարելի է զարմանալ, քանզի նրանք չեն կշտանում և կարծում են, որ ամեն ինչ ի վերուստ իրենց է պատկանում: Աղքատների վրա կարելի է նույնչափ զարմանալ, քանի որ նրանք անմիաբան են, վախկոտ և հեշտ զիջող ու հանձնվող: Խորհուրդ երկու կողմերին: Հարուստներ. մի մտածեք, որ դուք անմահ եք և պետք է անընդհատ թալանեք: Չե՞ որ դուք ևս սովորական մահկանացուներ եք և ձեր հետ ոչինչ չեք տանելու: Եթե դուք հասկանաք, որ բոլորն էլ հավասարապես մարդ են և դուք որևէ առավելություն չունեք աղքատների նկատմամբ, այնքան ավելի խաղաղ ու երկար կապրեք: Զարմանալ կարելի է, որ մեր սիրելի հարուստները եղածով չեն բավարարվում և նույնիսկ երկրին հատկացվող վարկային ու գրանտային ծրագրերն են իրենցով ու իրենց մտերիմներով անում: Միթե՞ նրանց չի հաջողվում չնչին չափով զսպվել և թույլ տալ գոնե, որպեսզի այդ ծրագրերից մի երկու փշրանք էլ աղքատներին փայ հասնի: Բավական է, վերջապես զգոնացեք և հասկացեք, որ ժողովրդին ամեն ինչից զրկելը ամենավտանգավոր պարարտ հողն է, որի վրա աճող ատելությունն ու զայրույթը կարող են ձեզ հիմնովին կործանել: Եվ վախենամ, թե ժամանակ չմնա, որպեսզի հասցնեք ծանր ու թեթև անել, թե այս ինչ եղավ ու ինչպես եղավ: Բացարձակապես արդարացված չէ այն իրողությունը, որ դուք ձեր ձեռքով փորձում եք ձեր գերեզմանը փորել: Չարժե կրակի հետ խաղ անել, քանզի համբերության բաժակը լցվելու դեպքում, իրադարձությունները հիմնականում կզարգանան վերը նշված սցենարով: Աշխարհի՝ բոլոր ժամանակների փորձը դրա մասին է վկայում: Չի կարելի մարդու ապրուստի բոլոր ճանապարհները փակել, քանզի մարդ արարածը պարտադրված է ապրելու ճանապարհներ հայթայթել: Մարդը այդպիսի կենսաբանական էակ է: Աղքատներ. այդքան խեղճ, հարմարվող, վախկոտ ու անմիաբան մի եղեք, ձեզ որևէ մեկը ոչինչ չի տալու, ձերը՝ դուք պետք է վերցնեք…

Եվ վերջին հորդորը հարուստներին.

Պարոնայք, հետաքրքիր է, թե ի՞նչ ողբերգություն կլինի, եթե ձեր կողմից հաճախակի բացվող սեղանների վրայի ապրանքը մեկ տոկոսով քչացնեք (միևնույն է, լավագույն դեպքում, դուք ընդամենն օգտվում եք այդ սեղանների ապրանքի 15-20 տոկոսից ոչ ավելիից) և այդ մեկ տոկոսի արժեքը նվիրաբերեք նրանց, որոնց համար այսօր չափազանց դժվար է նույնիսկ հաց ու դեղորայք հայթայթելը: Ինչ է, դուք տեղյակ չե՞ք, որ Հայաստանում այսօր համատարած գործազրկություն է տիրում և մարդկանց համար շատ դժվար է նույնիսկ հաց ու դեղորայք գնելը: Վստահեցնում եմ, որ այդ դեպքում դուք ոչինչ չեք կորցնի (այդ ավելցուկ 80 տոկոսն ընդամենը կդառնա 79 տոկոս), իսկ չունևոր մարդիկ կշահեն ու ձեր նկատմամբ վրեժով չեն լցվի: Նույնիսկ ավելին, նրանք կգնահատեն ու կաղոթեն ձեզ համար: Կարծում եմ, չափազանց խելացի պետք չէ լինել հասկանալու համար, որ ձեր կողմից դուրս տրվող գումարի` մեկ, թե երեսունմեկ տոկոսը կհասնի ժողովրդին, միևնույն է, դա ձեզ համար կորուստ չի համարվում, քանի որ միևնույն է, այն մտնում է ձեր կողմից դուրս տրվող գումարի մեջ, այլ ոչ թե ձեր գանձարանում պահվողի: Շատ ցավալի է, որ դարձել եք փողի գերին և մի պահ ձեզ հարց չեք տալիս. լավ, այսպես շարունակաբար թալանում ենք ու կուտակում, բայց այս ամենը հո հավերժ չէ: Չէ՞ որ մի օր հաստատ մենք էլ ենք մեռնելու: Հարց եմ տալիս. բա ձեր հոգիները մեղք չե՞ն, որ այսքան բարձում ենք նրանց: Անկեղծ ասած, այստեղ հեծանիվ հնարելու անհրաժեշտություն չկա և ուղղակի շատ պարզ բանաձև կա, որով և պետք է առաջնորդվել. որպեսզի հանգիստ վայելեք ձեր հարուստ վիճակը, պետք է մշտապես ետ նայեք և հիշեք նաև ձեր ապրած աղքատ օրերը, եթե իհարկե, այդպիսիք եղել են: Միայն այդ դեպքում դուք կարող եք ճիշտ քայլեր կատարել, որոնց շնորհիվ մշտապես կվայելեք Տիրոջ և ժողովրդի բարեհաճությունը: Հակառակ պարագայում, ձեր ունեցածը` ձերը չէ և դուք չեք կարող այն մարդավարի և հանգիստ խղճով վայելել:

Հարուստ լինում են հոգով, մտքով, այլ ոչ թե ունեցվածքով: Ունեցվածքը` մանավանդ թալանված, այսօր քոնն է, վաղը` հայտնի չէ, թե ումը կլինի: Պետք է փայփայել այն, ինչը քոնն է և ոչ ոք չի կարող այն քեզանից վերցնել: Վերը ասվածից պարզորոշ երևում է, որ հոգին, միտքը և արդար վաստակով կուտակվածն է միայն քոնը և ոչ ոք չի կարող այն քեզանից խլել: Մնացածն ունայնություն է և բացի անհանգստությունից, այն ոչինչ տալ չի կարող: Անհամեմատելի վիճակներ են, երբ ունես քիչ, բայց այն քոնն է և ունես շատ, սակայն իրականում՝ այն ուրիշինն է, չնայած այս պահին քո ձեռքում է, որն էլ և փորձում ես մեծագույն անհանգստությունների գնով քոնը դարձնել:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031