Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում ավարտվեց քվեաթերթիկների վերջնահաշվարկը: Անվավեր քվեաթերթիկների թիվն ըստ վերջնական արձանագրության, 44 է: Դրանցից մեկում քաղաքացին «Ոչ»-ն էր ընտրել, հետն էլ ավելացրել՝ «տականքներ»:
Սկզբում ընտրական հանձնաժողովի անդամների մի մասն առաջարկեցին «թարս պտիչկայով» քվեաթերթիկները վավեր ճանաչել, սակայն տեսնելով, որ համապատասխան ուղեցույցում դա անվավեր է համարվում, փոխեցին որոշումը: Այդպես, նախնական՝ 26 անվավեր քվեաթերթիկների թիվը դարձավ 44: Հատկանշական է, որ անվավերների թվում շատ են հենց վերոնշյալ քվեաթերթիկները:
Aravot.am-ը ներկայացնում է դրանք:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ 9/11-ում 1374 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 671-ը: : Այս ընտրատեղամասում իրենց քաղաքացիական պարտը կատարեցին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Սահմանադրական հանրաքվեն այս ընտրատեղամասում եւս առանց միջադեպերի չանցավ: Առավոտյան երկու քաղաքացիներ բղավել էին՝ «մեկա «Ոչ»-ն ա հաղթելու» եւ բառացիորեն փախել ընտրատեղամասից: Հանձնաժողովի նախագահի նյարդերը պարբերաբար տեղի էին տալիս, նա ոստիկաններին խնդրում էր դուրս հրավիրել որոշ լրագրողների: ՀԱԿ-ի վստահված անձի խոսքով՝ քվեարկությանը մասնակցել են մարզային գրանցում ունեցողներ, ինչի մասին ահազանգեց նաեւ «Ժառանգության» կողմից ներկայացված հանձնաժողովի անդամը:
Ի դեպ, քվեարկությունը պարբերաբար ուղեկցվում էր ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի վստահված անձանց միջեւ վիճաբանություններով: Որպես ընտրակեղծիքի ապացույց, ՀԱԿ-ի վստահված անձը փորձել էր լուսանկարել քաղաքացու անձնագիրը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ