Այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտելով հանրաքվեի ընթացքում տեղի ունեցող կեղծիքներն ու խախտումները, հայտարարեց, որ «Նոր Հայաստանը» պահանջում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է պատրաստվում անել «Նոր Հայաստանը», եթե իրենց պահանջները իշխանությունը չկատարի: Րաֆֆի Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց. «Արդեն ամեն ինչ ասված է, դա անցյալին է պատկանում, նոր Հայաստանը գալու է: Որոշումն իրենն է՝ դասագրքերում իր անունն ինչպես են նշելու: Ուզում եմ, որ լավ նշեն»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նոր Հայաստանը» երթով Ազատության հրապարակից շարժվեց դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, որտեղ ոստիկանները պատ էին կազմել: Երթը հետո շարժվեց կրկին Ազատության հրապարակ, մասնակիցները սպասում են ԿԸՀ-ի՝ հանրաքվեի արդյունքների ամփոփմանը, որից հետո «Նոր Հայաստանը» կորոշի հետագա քայլերը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ