Այսօր Մեդիա կենտրոնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը Սահմանադրական հանրաքվեի ավարտից հետո դրական համարեց ընտրողների հիսուն տոկոսից ավելի մասնակցությունը: Ըստ նրա, այդ ցուցանիշը վկայում է այն մասին, որ հանրությունն անտարբեր չէ քաղաքական գործընթացների նկատմամբ, վաղվա օրվա համար. «Անկեղծ ասած, ես մասնակցության տոկոսից գոհ եմ, իհարկե կցանկանայի, որ մեր հանրությունն ավելի ակտիվ գտնվեր»:
Հարցին, թե դիտորդական առաքելությունները խախտումների, լցոնումների բազմաթիվ ահազանգեր են ստացել, տարբեր տիպի ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ, արդյոք իշխանությունները տեղյակ են այդ ամենից եւ ինչ են մտածում, Սամվել Նիկոյանն ասաց, որ ինքը որքան որ հետեւել է մամուլին եւ հեռախոսով կապի մեջ է եղել, «աղաղակող փաստեր չի լսել»:
«Եթե խոսքը վերաբերում է որեւիցե տեղամասում, ինչ-որ մեկի մասին, մեկ երկու պրոցեսներին, հնարավոր է, որ դա քրեական գործ է եւ դա առանձին դեպք է որը պետք է դառնա քննության առարկա համապատասխան մարմինների կողմից: Բայց խնդիրն ինչումն է, եթե մի տեղ կա նման դեպք, մենք չասենք բազմաթիվ տեղամասերում, ուղղակի ուզում եմ կոնկրետ դեպք, կոնկրետ անձ եւ դա չբերենք քվեարկության այս ողջ պրոցեսի վրա փաթաթենք եւ ասենք, որ համակարգված է եւ այլն»,-ասաց պարոն Նիկոյանը:
Այն հարցին, թե կարո՞ղ ենք ֆիքսել, որ իդեալականին մոտ հանրաքվե էր, ինչպես նշում են ԲՀԿ-ի նրա գործընկերները, Սամվել Նիկոյանն ասաց, որ ինքը չի կարող թույլ տա իրեն ասել, որ ընտրական պրոցեսներում, որտեղ ներառված են բազմաթիվ քաղաքացիներ, ընտրական հանձնաժողովներ, դատարանները եւ այլ մարմիններ, ասել, որ դա իդեալականին մոտ էր:
Կարդացեք նաև
«Եթե իմ գործընկերներն ասել են լավ եւ շատ լավ ես միանում եմ նրանց կարծիքին, ուղղակի իդեալական բառը մի քիչ այլ բան է, իդեալական օրենքները դա միայն տիեզերքում են, կատարյալ, առանց թերությունների, մարդկային օրենքները չեն կարող իդեալական լինել»:
Այն հարցին, թե Հայաստանում սպասո՞ւմ է հետընտրական զարգացումների, Սամվել Նիկոյանն ասաց, որ յուրաքանչյուր համապետական միջոցառումից հետո ինքը սպասում է հետընտրական գործընթացների. «Շատ քաղաքական ուժեր, ոչ թե պատրաստվում են ընտրությանը կամ ընտրության օրվանը, այլ իրենք պատրաստվում են քվեարկությունից հետո գործողությունների: Դա հին հայտնի ձեռագիր է, որի միջով մենք անցել ենք: Բոլոր այդ քաղաքական ուժերին պետք է ասել հետեւյալը, արդյոք դուք կարողացել եք տեղամասերում, որտեղ ունեք մարդիկ ունենալու հնարավորություն, արել եք, փոխանակ դա անեիք, փոխանակ մարզերում գյուղերում համայնքներում բոլոր տեղերում աշխատեիք, Երեւանում միտինգ եք անում եւ ինչ-որ խնդիր եք ուզում լուծել Երեւանի կենտրոնում: Հայաստանը միայն Երեւանը չէ, հրապարակը չէ»:
Սամվել Նիկոյանից հետաքրքրվեցին, թե, եթե տեղի ունենա նախագահականից խորհրդարանական համակարգի անցում, պառլամենտական համակարգում նույն համայնքապետարանները, մարզպետարանները, որոնք զբաղվելու են մարդկանց առօրյա խնդիրների լուծմամբ ինչպե՞ս են ավելի արդյունավետ լուծելու:
«Լինի պառլամենտական, լինի կիսանախագահական կամ նախագահական համակարգ, համակարգն, ինքնին, սոցիալական խնդիր չի լուծելու, կառավարման համակարգերն իրենց մեջ ունենալու են ներուժ, որպեսզի տան լրացուցիչ հնարավորություններ, որ ազգը, պետության ինստիտուտները կարողանան ավելի լիարժեք ու հավասարակշռված լուծել այդ խնդիրները»:
Սամվել Նիկոյանի համոզմամբ երեք նախագահ ունեցել ենք, բայց 4-րդ նախագահ «վստահաբար չենք ունենա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի