Լրահոս
Օրվա լրահոսը

«Հռետորները չարաչար սխալվում են»

Դեկտեմբեր 07,2015 15:30

ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը`
ռուս-թուրքական լարվածության եւ Հայաստանին սպառնացող վտանգների մասին

ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանը աշխարհում ստեղծված իրավիճակը շատ վտանգավոր է գնահատում: Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին լարումները լրջագույն սպառնալիք են տարածաշրջանի եւ Հայաստանի համար: Նա հիշեցնում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն օրերս Բաքվում ի լուր աշխարհի հայտարարեց` պետք է լուծվի ԼՂ հիմնահարցը, եւ հավելեց, որ Թուրքիան թույլ չի տա, որպեսզի «Ադրբեջանի հողերը գտնվեն Հայաստանի տարածքում»: Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ թուրք գործիչը Բաքվում շատ ուղիղ խոսում էր իր երկրի կողմից զինված միջամտության մասին` հօգուտ Ադրբեջանի: «Այսօր հայտնի է, որ Հայաստանի սահմանում թուրքերը զորք են կուտակում: Մարդկությունն էլ կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Առաջին հերթին բոցերի մեջ է լինելու Հարավային Կովկասը: Եվ այս պայմաններում Ազատության հրապարակում ցանկանալ «մահ ռեժիմին»… Չեմ ցանկանում որեւէ բան ասել ընդդիմադիր գործիչներին, բայց հորդորում եմ հեռու մնալ նման արտահայտություններից: Մենք լրջագույնս վտանգված ենք դրսից, եւ այսօր էլ մի քիչ մահ գոռալ ներսում, եթե նուրբ ասեմ, համարում եմ դավաճանություն»,- ասաց նա` նկատի ունենալով անընդհատ հնչող «մահ ռեժիմին» կարգախոսը:

Պարոն Եղիազարյանն այս իրավիճակում բավական վտանգավոր է համարում նույն հարթակից հնչած հակառուսական հայտարարությունները եւ «Կիեւի եղբայրներից» Հայաստան հասած ողջույնները: Հիշեցնենք. Ազատության հրապարակում իր ելույթներից մեկում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ ասաց, որ Հայաստանին պետք չեն հավաքական անվտանգության համակարգեր կամ դրանց անդամակցությունը. «Մեզ պետք են ինքնիշխան սահմանադրական Հայաստանի հավասար, երկկողմանի հարաբերություններ ռազմավարական գործընկերների հետ, եթե այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահի, հարգանքի եւ ընկալման վրա»: Նա կարծում է, որ շատ ուշացել ենք Արցախի հարցով. «Մեր եղբայրներն ու քույրերը տարիներ առաջ արյուն թափեցին, մի սերունդ առաջ եւ հիմա, որպեսզի մենք վերջապես մի նվաճում ունենանք, մի ռազմավարական նշանակության հաղթանակ: Մի սերունդ անց չունենք ճանաչված Արցախ, չունենք Հայաստանի հետ վերամիավորված Արցախ եւ որքան ուզենանք՝ կարող ենք բողոքել ռուս-թուրքական հարաբերություններից, Թուրքիայի թշնամական մոտեցումներից Հայաստանի նկատմամբ, կարող ենք ասել, որ Արեւմուտքը երեսպաշտ է, որովհետեւ Կոսովո է ճանաչում եւ ոչ թե Արցախ, Ռուսաստանը նույնպես Աբխազիա է ճանաչում, բայց ոչ Արցախ»:

Գուրգեն Եղիազարյանը գիտի Րաֆֆի Հովհաննիսյանի հայացքները: Այդ առումով իր համար գաղտնիքներ չկան: Բայց հարցեր է ուղղում. «Ի՞նչ է վաղը լինելու Արցախի հետ: Չէ՞ որ սկսած ՄԱԿ-ից, վերջացրած տարբեր եվրոպական կառույցներով՝ այսօր Հայաստանի մասին խոսում են որպես ագրեսոր երկրի: Ասենք, Րաֆֆիին հավատաց հայ ժողովուրդը, եւ միանգամից գնացինք դեպի Եվրոպա: Իսկ Արցա՞խը: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է այն մասին, որ Հայաստանը անհապաղ պիտի ճանաչի Արցախի անկախությունը: Ի՞նչ է պատկերացնում Րաֆֆին, եթե մենք լինենք Եվրոպայում, մոտավորապես քանի՞ ժամ կտեւի Արցախի անկախությունը: Ես ասեմ` մի քանի րոպե: Այսօր խոսել այդ մասին, այդ հարթակը ներկել նարնջագույն, Ազատության հրապարակը վերածել Մայդանի` առանց երկու քայլ հետո նայելու, հակառուսական տրամադրություններ սերմանել Երեւանում… Չկա այն ողջամիտ մարդը, ով այդ ամենին կասի` այո»:

Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նմանատիպ մտածող մարդկանց Գուրգեն Եղիազարյանը զգուշացնում է. «Եթե Հայաստան-Թուրքիայի սահմանին, Արաքսի ափին կանգնած չլիներ Իվան Իվանովը, հիմա մեր եւ ձեր հայրենիքը բոցերի մեջ էր: Եթե որեւէ մեկի մտքով անցում է, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը դա թույլ չէին տա, նա չարաչար սխալվում է: 21-րդ դարում, այսօր ավելի քան 200 հազար քրդեր, եզդիներ, հայեր, ասորիներ եղեռնի են ենթարկվում Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին, ժողովրդավարության ֆորպոստից ձայն դուրս չի գալիս: Ժողովրդավար Եվրոպան լռում է: Ի՞նչ է, կարծում է, որ եթե թուրքն Արաքսն անցնի, Եվրոպան միջամտելո՞ւ է: Չարաչար սխալվում են հռետորները: Նման ավել-պակաս խոսակցությունները միայն վնասելու են Հայաստանին եւ հայ ազգին: Ավելի լավ է` ձեռքները հեռու պահեն ՌԴ-ից եւ ռուսների հետ մեր բարեկամությունից»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031