Լրահոս
Օրվա լրահոսը

«Կմորթեմ, շան նման կսատկացնեմ». 20 տարի՝ մահն աչքի առաջ

Դեկտեմբեր 07,2015 14:30

«Կմորթեմ, կոկորդդ կփրթեմ, շան նման կսատկացնեմ քեզ». այս սպառնալիքները 40-ամյա Մարինեն լսել է գրեթե ամեն օր իր ամուսնական կյանքի ընթացքում: Երիտասարդ կինն ասում է՝ այդպես էլ չհասկացավ, թե ինչ բան է ընտանեկան երջանկությունը, միակ ուրախությունն ու երջանկությունը 3 երեխաներն են:

«Առավոտի» հետ զրույցում Մարինեն պատմում է, որ ամուսնության միայն առաջին 2-3 տարիներն են մի քիչ խաղաղ եղել. այդ ժամանակ թեեւ ծեծուջարդ չի եղել ամուսնու կողմից, բայց հայհոյանքներն ու հոգեբանական բռնությունն անպակաս են եղել:
«Շատ խանդոտ էր, ես սկզբում մտածում էի՝ ջահել է, խանդում է, կանցնի, ես իմ վարքով ցույց կտամ, որ խանդի առիթ չկա, ու կհանդարտվի, բայց չէ՝ գնալով ավելի վայրենի դարձավ»,- պատմում է Մարինեն: Նրա արդեն նախկին ամուսինը կնոջը ծեծի էր ենթարկում անգամ լվացք փռելու համար. ասում էր՝ «դիտավորյալ ես կախվում՝ լվացք փռում, որ տղամարդիկ քեզ նայեն»: Մարինեն անգամ պատուհանին չէր կարողանում մոտենալ. ամուսինը կծեծեր՝ իբր պատուհանին էր մոտենում սիրեկանին նայելու համար:
Մարինեն ամուսնացել է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո. սկզբում ամուսինը խոսք էր տվել, որ թույլ կտա կնոջը ուսումը շարունակել, մասնագիտություն ձեռք բերել, բայց հետո արգելել է: Մարինեն պատմում է՝ ամբողջ կյանքում տանը «բանտարկված է» եղել, առանց ամուսնու ոչ մի քայլ՝ տանից դուրս, եթե միասին դուրս էլ գալիս էին, ասենք՝ մոտակա խանութ, կռիվն ու ծեծը պատրաստ էին. «Մեկ էլ սկսում էր՝ էսի խի՞ նայեց քեզ, անցորդի հետ էր կռվի բռնվում, հետո գալիս էինք տուն, ինձ էր ծեծում: Համարյա ամեն օր խմած էր: Գործից գալիս էր տուն, դուռը ուշ էի բացում՝ ծեծում էր: Միշտ դանակը ձեռն էր, ծեծելիս սպառնում էր՝ դանակը վրես պահած, ասում էր՝ ձենդ բարձրացնես, կմորթեմ, ինձ տանում էր ուրիշ սենյակ, դուռը փակում, իբր չէր ուզում, որ էրեխեքը տեսնեն կամ լսեն, ու սկսում էր ծեծել: Բայց խեղճ էրեխեքս մյուս սենյակում կուչ էին գալիս վախեցած, չգիտեին՝ ինչ անեին, խառնվեին՝ մամային կսպանի, չխառնվեին՝ էլի կսպանի: Էրեխեքին էլ էր վախեցնում, թե՝ ձեն հանեք, կսատկացնեմ սաղիդ: Էրեխեքս էլ են քանի անգամ դրա «դռբի» տակ ընկել, ծեծել է: Նա անգամ իր ծեր մորն է սպանելու աստիճան ծեծի ենթարկել»:

Մարինեն ասում է՝ անգամ հարեւաններն էին ահաբեկված ամուսնուց, նրանք եթե պատի այն կողմից լսում էին ամուսնու հայհոյանքները, կնոջ՝ ծեծի ընթացքում օգնություն հայցող կանչերը, ոստիկանություն չէին կանչում. վախենում էին՝ հանկարծ դանակով մի օր կհարձակվի նաեւ իրենց վրա:

Մարինեն մի քանի անգամ փորձել է պաշտպանվել՝ իրավապահ մարմիններին է դիմել, զանգել է ոստիկանություն, բայց անարդյունք:

«4 անգամ հաջողացրել եմ ոստիկանություն զանգել, մի անգամ էլ էրեխեքս են զանգել: Մի օր, երբ ոստիկանություն զանգեցի ու ասեցի՝ խնդրում եմ, հասեք, ինձ ծեծում է, ուզում է սպանի, ոստիկանները 2 օր հետո եկան: Ու ամուսնուս ներկայությամբ ասացին՝ դե լավ, գրի, որ դու ես մեղավոր, ջղայնացած ես եղել, բողոք չունես, գործը փակենք, սենց քեզ էլ լավ կլինի, թե չէ՝ որ բռնենք տանենք, 3 օր հետո բաց ենք թողնելու, գալու է ավելի դաժան ծեծի: Եթե ոստիկանությունն ինձ չէր պաշտպանում, ես էլ ո՞ւմ կարող էի դիմել, լրիվ անտեր էի էրեխեքիս հետ»,- պատմում է Մարինեն:

«Առավոտի» հետ զրույցում «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանն ասում է՝ մեր երկրում ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է, որի զոհերը միայն կանայք չեն, երեխաները նույնպես զոհ են դառնում, եթե ոչ՝ ֆիզիկական, ապա հոգեբանական, քանի որ նրանք ականատեսն են լինում բռնության. «Ընտանեկան բռնությունը տեղի է ունենում փակ միջավայրում, շատերը, համապատասխան մարմինները դժվար են ընկալում, որ բռնարարը կարող է սպանել: Ընտանեկան բռնության բոլոր դեպքերում բռնարարը միշտ վախեցնում է զոհին, ասում է՝ գնա դիմումդ հետ վերցրու, հետո բոլորը կնոջն են մեղադրում, թե՝ դիմումդ հարյուր անգամ հետ վերցրեցիր, ոչ ոք չի պարզում՝ ինչո՞ւ»:

Արդեն քանի տարի է՝ կա «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որը, կարելի է ասել, «օդում կախված է» մնացել. այն այդպես էլ օրենք չի դառնում:

Հասմիկ Գեւորգյանը նկատում է՝ օրենքի բացակայությունը բացասաբար է ազդում, բռնարարներն իրենց անպատժելի են զգում, քանի որ չկա մեխանիզմ, որով «ուշքի կբերեն» բռնարարին. «Եթե տվյալ անձն իմանա, որ կա օրենք, որով հենց ընտանեկան բռնության դեպքով է գործելու, եւ իրենց այդ շրջանակներում են պատասխանատվության ենթարկելու, ապա զգոն կլինի: Այսինքն՝ կլինեն մեխանիզմներ, որով բռնարարին նաեւ հնարավոր կլինի հեռու պահել զոհից»:

Ընդդեմ գենդերահեն բռնության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում վերջերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացած միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ասուլիսի ժամանակ հրապարակվեց ՄԱԿ-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ Հայաստանում կանանց մոտ 60%-ը ենթարկվում է առնվազն մեկ տեսակի բռնության, մինչդեռ կանանց տնտեսական հնարավորություններից զրկելու հետեւանքով տարեկան կորուստների ծավալը հասնում է 7 միլիոն դոլարի: Այս նույն ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն էլ նշել էր՝ 2015 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 645 դեպք՝ նախորդ տարվա 575-ի համեմատ, 645 դեպքերից 4-ը կատարվել է կենակցի կողմից, 342-ը՝ ամուսնու, 5-ը՝ կնոջ, 53-ը՝ ծնողի կողմից զավակի նկատմամբ, իսկ 94-ը ՝ զավակի կողմից ծնողի նկատմամբ, բռնության 77 դեպքերը եղել են ընտանիքի այլ անդամների կողմից:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատունը, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը եւ ՄԱԿ-ի գրասենյակը ՀՀ իշխանություններին կոչ են արել ստեղծել օրենսդրական շրջանակ՝ պայքարելու ընտանեկան բռնության դեմ, ներառյալ առանձին օրենքի ընդունումը, ինչպես նաեւ կոչ են արել ստորագրել Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա):

Թե ինչ քայլեր կձեռնարկի ՀՀ կառավարությունն ընտանեկան բռնության կանխարգելման համար, եկող տարի պարզ կլինի: Բայց ինչպես ասում է Հասմիկ Գեւորգյանը՝ օրենքն ընդունելուց հետո, ճիշտ է, բռնարարները չեն վերանա, բայց դեպքերը գոնե կնվազեն, իսկ բռնության զոհ դարձող կանայք եւ երեխաները պաշտպանված կլինեն:
Մարինեն մեկ տարի է, ինչ ազատվել է ամուսնու կապանքներից, ասում է՝ «Հրաշք եղավ, ինչ եղավ, չգիտեմ, հազիվ փախանք նրանից: Հիմա ես ու մեծ տղաներս հաղթահարել ենք վախը, բայց փոքրս դեռ ահ ու սարսափի մեջ է, անընդհատ վախենում է՝ հանկարծ հայրը դանակով նորից չհայտնվի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031