Ասում է մամուլի շենքի պահակ, նախկինում
ոստիկանության աշխատակից Մարտին Իսաջանյանը
Մարտին Իսաջանյանն աշխատում է մամուլի շենքում, որպես պահակ: Հազվադեպ մարդիկ գիտեն, որ նա 39 տարի եղել է ոստիկանության աշխատակից, վետերան, Արցախյան պատերազմի նվիրյալներից:
Ներկայումս նա ապրում է դստեր հետ, Երեւանում, իր կողմից վարձակալած համեստ բնակարանում, քանի որ Սիսիանի պապական տանն ապրում է ազատամարտի հերոսներից որդին՝ Կարո Իսաջանյանն իր ընտանիքի հետ:
Նախկին ոստիկանի կյանքն անցել է փորձություններով, ինչպես ինքն է ասում՝ ամեն վայրկյանը մահվան աչքերի մեջ նայելով:
Մ. Իսաջանյանը հիշում է, թե ինչպես կարող էր իր կյանքն ընդհատվել 1977 թվականին: Այդ ժամանակ նա հերթապահություն է իրականացրել Գորիսի ճանապարհին: Ճանապարհին նրա ուշադրությունը գրավում է մի բեռնատար, որը կանգնեցնում է: Վարորդը զինված ազերի էր: Երբ Իսաջանյանն ասում է, թե պետք է ստուգի բեռնատարը, ազերին նրա վրա է պահում ինքնաձիգը, ասելով՝ այստեղ մենք երկուսով ենք, եթե սպանեմ էլ, որեւէ մեկը չի իմանա, թե դա ես եմ արել:
Նախկին ոստիկանին պետք էր ժամանակ կողմնորոշվելու համար: Նա բաց է թողնում բեռնատարը, իհարկե, որոշ ժամանակ անց տեղեկացնում վերադասին զինված բեռնատարի վարորդի մասին:
Զրուցակցիցս փորձեցի իմանալ, թե արդյոք պատահե՞լ է, որ հասարակական կարգը պաշտպանելիս նա առնչվի նախկին պաշտոնյաների, նրանց «թիկնազորի», նրանց զավակների՝ «ոսկե երիտասարդության» հետ: Մ. Իսաջանյանն ասում է, որ նախկին խորհրդային նոմենկլատուրան, շրջկոմի քարտուղարները «ընդգծված» թիկնազոր չեն ունեցել, չէին պահում, ինչպես հիմա ունեն շատերը: Հիշում է, որ մեկ անգամ է առնչվել Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար Արամ Առաքելյանի որդու հետ: Ահազանգ ստանալով, նրանք հասել էին դեպքի վայր՝ Ուժթափա: Մեքենայի մեջ եղել էին թմրանյութ օգտագործած «ոսկե երիտասարդությունը»՝ շրջկոմի քարտուղարի որդու գլխավորությամբ, վնասազերծել էին, տարել բաժին…Ի դեպ, շրջկոմի քարտուղարներից շատերի զավակների, արտադրական հիմնարկների տնօրենների, այսպես կոչված՝ էլիտայի հիմնական հիվանդություններից մեկը կախվածությունն էր թմրանյութերից, թմրադեղերից:
Մարտին Իսաջանյանը հիշեց նաեւ 75-76 թվականները, երբ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը ձյան պատճառով փակ էր: Մարդիկ հայտնվել էին ձյան հաստ շերտի տակ: Այնտեղ իր աշխատանքն իրականացնող ոստիկանը ոչ միայն կարողացել էր օգնել ավտոբուսի վարորդին, նրան դուրս բերել մեքենայից, այլ բոլոր ուղեւորներին մեկ շաբաթով տարել էր իրենց տուն, քանի որ նրանց տեղ չէր եղել մնալու: Մարդասիրական այդ արարքի համար նա ոստիկանության կողմից պարգեւատրվել էր ժամացույցով:
Հնչեղ գործերից հիշում է 1977-78 թվականներին Աբովյանի ոսկու խանութի կողոպուտի գործը: Մ. Իսաջանյանն օպերատիվ տեղեկություն է ստանում այդ հանցագործության մասին, նաեւ այն մասին, որ հանցագործները «Ժիգուլի» ավտոմեքենայով ճանապարհին են: Ոստիկանը «դիմավորում» է գողերին՝ երկու երիտասարդներին, երկու աղջիկներին: Հանցագործները իրենց ապահովագրել էին. հասցրել էին փոխել «Ժիգուլին» «Մոսկվիչով»:
Այնպես ստացվեց, որ Մ. Իսաջանյանը նախկին միութենական հանրապետությունների փորձառու իրավապահների հետ գտնվում էր Մոսկվայում, կապված 22-րդ օլիմպիադայի հետ: Այստեղ էլ հերթապահություն իրականացնելիս, նա տեսնում է, թե ինչպես է ուշ ժամին մեկը փորձ անում կողոպտել խանութը: Վնասազերծում է, կանխում հանցագործությունը: Այդ ծառայության համար նա պարգեւատրվում է ԽՍՀՄ ՆԳ նախարար Ա. Վլասովի կողմից՝ «Հասարակական կարգի պահպանության համար» պատվոգրով, Մոսկվայի պետավտոտեսչության բաժնի պետ, գեներալ-մայոր Ա. Նոզդրյակովի պատվոգրով:
70-ամյա Մարտին Իսաջանյանը հուզվում է, երբ փորձում եմ հարցեր տալ Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին: Եղել է Արավուսում, Միքյանդում, Ղուբաթլուում, Զանգելանում, Ֆիզուլիում, Լաչինում, Հորադիզում…
Հուզմունքը պայմանավորված է նաեւ նրանով, որ 48-ամյա կնոջն է կորցրել: Երբ կինը իմանում է, որ որդին՝ Կարոն (նրան ընկերները փաղաքուշ «Կյաժ Կարո» են ասում), տանկի վրա այրվել է, «մահացել», սրտի կաթված է ստանում: Մարտինը դիրքերից գալիս, հասնում է հիվանդանոց, պարզվում է՝ տղան կոնտուզիա է տարել, մահացել են նրա մարտական ընկերները: Որդու աչքը վիրահատեցին վերջերս, սակայն պետությունը գումար «չուներ» իր միջոցների հաշվին այդ անելու: Սա այն դեպքում, երբ նույն որդու զավակներից մեկն այսօր սահմանին է, պաշտպանում է հայրենիքը, իսկ երկրորդ տղան զինծառայությունից վերադարձել է: Ազատամարտի տարիներից հիշարժան է նաեւ «Կոբրա» պոստում թշնամուն գերեվարելը:
Մարտին Իսաջանյանն էլ բուժմիջամտության կարիք ունի, սակայն չի կարողանում, քանի որ հետազոտության համար գումար է անհրաժեշտ:
Մ. Իսաջանյանը մեր կողքին է, գնահատման, ուշադրության արժանի: Միայն ոչ խոսքերով, այլ իր վաստակի չափով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.12..2015