«Առավոտի» ուշադրությունը գրավեց դեկտեմբերի 8-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գեղամ Գրիգորյանը եւ Հայաստանի երիտասարդ երգիչները հրավիրում են օպերային արվեստի ընկերներին» գալա համերգի հայտագիրը՝ մի քանի տեսանկյունից: Ի դեպ, այս հայտագիրը դարձել է քննարկման առարկա նաեւ մասնագետների եւ երաժշտասերների շրջանում: Մի կողմից ողջունելի է, երբ յուրաքանչյուր համերգ դեռ չկայացած, խոսվում է այդ մասին:
Օպերային թատրոնում կայանալիք համերգի մասին կուլիսային խոսակցությունների առանցքում իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն է եւ սոպրանո Սիրանուշ Գասպարյանը: Ջանլուկա Մարչիանոն վերջերս օպերային թատրոնում ղեկավարեց Վերդիի «Տրավիատա» եւ «Տրուբադուր» ներկայացումները: Մինչ այդ, ընթացիկ տարվա ապրիլի 24-ին դիրիժորն առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացել էր 24/04 համաշխարհային նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ կանգնած՝ մեկնաբանելով Խաչատրյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի ստեղծագործություններից կազմված պոպուրին: Շրջանառվող խոսակցությունները, թե ինչու է իտալացի դիրիժորը նման հաճախականությամբ հանդես գալիս Հայաստանում, փորձեցինք ճշտել իրենից: Մեզ հետ զրույցում մաեստրոն առանց մանրամասնելու ասաց. «Հրավիրյալ դիրիժոր կարող ես լինել մեկանգամյա, մեկ ամսով, մեկ տարով եւ ցմահ…»:
Ինչ վերաբերում է սոպրանո Սիրանուշ Գասպարյանին, նրան առաջին անգամ հանդիպեցինք 2009-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած բարոկ երաժշտության երեկոյի ընթացքում, որտեղ Ռուբեն Ասատրյանի ղեկավարած կամերային նվագախմբի ընկերակցությամբ երգչուհու կատարմամբ Հենդելի եւ Վիվալդիի ստեղծագործությունները ընդունվեցին բրավոներով ու բիսերով: Իսկ երբ երգչուհին մեկ-երկու տարի անց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդես եկավ համաշխարհային օպերային գրականության ամենաբարդ դերերգերից մեկի՝ Տուրանդոտի կատարումով, այստեղ արդեն, ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Ասում են, որ այսօր էլ նրան ընկերները, երաժշտասերները բարեւելիս դիմում են Պուչինիի համանուն օպերայի անվամբ՝ Տուրանդոտ:
Նշենք նաեւ, որ Սիրանուշ Գասպարյանի վոկալով հիացած էին վերջին շրջանում Հայաստան մի քանի անգամ այցելած ճանաչված անուններ՝ օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայան եւ լատվիացի դերասան, պրոդյուսեր Անդրեյս Ժագարսը:
Մեզ հետ հանդիպման ժամանակ երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ նրան չենք տեսնում մեր օպերային թատրոնում: «Գեղամ Գրիգորյանի՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար շուրջ 6 ամիս առաջ թատրոն վերադառնալուց հետո, նա ինձ հրավիրեց եւ հանձնարարեց պատրաստելու Տոսկայի արիան Վերդիի համանուն օպերայում, մինչ այդ էլ թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը հանձնարարել էր Լեոնորայի արիան Վերդիի «Տրուբադուրում»: Փաստորեն, շուրջ մեկ տարի է, ինչ պատրաստում եմ հիշյալ դերերգերը, դրանք արդեն պատրաստ են: Կարծում եմ՝ մի օր բախտ կվիճակվի ներկայանալ այդ կերպարներով»,- հայտնեց երգչուհին:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում ավելի շատ բեմ է բարձրանում արտասահմանում (Գերմանիա, ՌԴ եւ այլն), իսկ ասում են, թե բառացիորեն վերջերս Սոչիում հանդես է եկել մենահամերգով եւ ստացել մշտական աշխատանքի հրավեր, երգչուհին մանրամասնեց. «Ելույթ ունեցա հռչակավոր Ռախմանինովի անվան կվարտետի հետ, ներկայացրի Կոմիտասի, Կանաչյանի, Բաբաջանյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ապա հանդես եկա նորաստեղծ Սերգեյ Ցեդրիկի ղեկավարած կամերային նվագախմբի հետ: Այս ելույթներից հետո իսկապես ստացա Սոչիի ֆիլհարմոնիայի կողմից մշտական աշխատանքի հրավեր»: Հետաքրքրությանը՝ ընդունե՞լ է այդ հրավերը, մեր զրուցակիցն ասաց, թե մեր օրերում կարելի է հանդես գալ իբրեւ հրավիրյալ արվեստագետ եւ համատեղել մեկ-երկու, նույնիսկ երեք «աշխատատեղեր»: Հավելեց, թե պատրաստվում է Սոչիի կամերային նվագախմբի հետ առաջիկայում մեկնել ՌԴ եւ եվրոպական քաղաքներ հյուրախաղերի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սիրանուշ Գասպարյանն ավստրիացի երգչուհի Գրեյս Բամբրիի բարեկամն է դեռեւս 2009 թվականից, ինչը արտահայտվում է ժամանակ առ ժամանակ աշխարհահռչակ արվեստագետի ղեկավարությամբ վարպետության դասերի եւ պարզապես նրա տանը հյուրընկալության փաստով: Իսկ Գրեյս Բամբրին հայ երգչուհուն «հայտնաբերել» է Մյունխենում կայացած ARD-Musikwettbewerb մրցույթում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Սիրանուշ Գասպարյանը:
«Առավոտ» օրաթերթ
05.12..2015