Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Խեչանյան. «Ռիո դե Ժանեյրոյում, հուսով եմ, ամեն բան ավելի լավ կլինի»

Դեկտեմբեր 07,2015 12:30

Հայաստանի ծանրորդները մրցաշրջան 2015-ում պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների պաշտոնական առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել են 60 մեդալ:

«Առավոտը» Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանին խնդրեց ամփոփել նախաօլիմպիական այս տարին:

– Պարոն Խեչանյան, գո՞հ եք 2015 թվականին գրանցված ընդհանուր արդյունքներից:

– Այո: Որովհետեւ մեր բոլոր տարիքային խմբերի հավաքականները պաշտոնական մեկնարկներում ընդհանուր առմամբ կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքները: Մյուսների հետ համեմատվել չեմ ցանկանում, բայց որքան տեղյակ եմ, օլիմպիական ուրիշ ոչ մի մարզաձեւ այս տարի 60 մեդալ չի նվաճել:

– Բավարարված եք նաեւ Հյուսթոնում ավարտված աշխարհի առաջնությունի՞ց:

– Իհարկե: Մեր երկու հավաքականներն էլ լիովին կատարեցին իրենց գլխավոր խնդիրը. պահպանել տղամարդկանց՝ 5 եւ կանանց՝ 2 օլիմպիական վարկանիշային ուղեգրերը:

– Բայց մամուլում, համացանցում ու մարզասերների շրջանում կարծիք կա, որ աշխարհի առաջնությունը ձախողել ենք, քանի որ երկամարտում մեդալ չենք կարողացել նվաճել:

– Մարզասերների ցանկությունը հասկանալի է: Նրանք իրենց պահանջներում մաքսիմալիստ են ու դա լավ է: Մեր ծանրորդները դրան են սովորեցրել: Բայց մի բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ իրականությունը եւ գործին մասնագիտական լուրջ մոտեցումը: Մենք ֆեդերացիայում ծանոթ ենք բոլոր գրառումներին, նաեւ՝ քննադատական: Բայց դրանց հեղինակները պետք է որ ծանոթ լինեին ամբողջ տարվա ընթացքում ֆեդերացիայի իրավասու անձանց եւ հավաքականների գլխավոր մարզիչների արած հայտարարություններին: Մենք միշտ ասել ենք, որ աշխարհի առաջնությունում գերնպատակն առաջին հերթին նախորդ տարվա օլիմպիական քվոտաները պահպանելն է եւ միայն դրանից հետո, հանգամանքների զարգացումից կախված՝ մեդալների համար պայքարելը, ինչը եւ ծանրորդները Հյուսթոնում կատարել են ամբողջությամբ:

Մենք ուզում ենք, որ մարզասերները իմանան մի բան. քառամյա ամբողջ ցիկլում մեր ու առանց բացառության բոլոր երկրների համար գլխավոր նպատակակետը օլիմպիական խաղերն են, Ռիո դե Ժանեյրոյում հնարավորին չափ շատ մասնակից ունենալը եւ արժանապատիվ հանդես գալը: Եվ ամեն բան ծառայեցվում է դրան: Հյուսթոնը պարզապես ցույց տվեց, թե որ երկիրը իրենից ինչ է ներկայացնում եւ ինչ կարող է անել օլիմպիական խաղերում: Հայաստանի երկու հավաքականներն էլ վարկանիշային վերջնական ցուցակում թիմային առաջընթաց արձանագրեցին, ծանրորդների մեծ մասն էլ բարձրացրեց իր անհատական արդյունքները: Մեր մասնագետներ համար կարեւոր է այն, որ հայ ծանրորդների արդյունքները շատ մոտ, որոշ դեպքերում՝ հավասար կամ ավելի էին թե առանձին վարժություններում, թե երկամարտում մեդալ նվաճած մրցակիցների բարձրացրած կիլոգրամներին: Հետեւաբար, օլիմպիական խաղերում նրանք կարող են հավասարը՝ հավասարի հետ պայքարել ու, ինչո՞ւ չէ, նաեւ հաղթել այսօրվա իրենց «ընդդիմադիրներին»: Ինչ վերաբերում է մեդալներին:

Մեր երեք ծանրորդներ՝ Անդրանիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը, մեկական բրոնզ նվաճեցին պոկումում: Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ-ով միայն անձնական քաշի պատճառով մեծ բրոնզի չարժանացավ, Գոռը ցույց տվեց 402 կգ, որն ընդամենը 2 կգ էր պակաս 3-րդ տեղի ցուցանիշից, իսկ Ռուբենը հրում վարժությունում միայն մեկնարկային 241 կգ-ով 5-րդ ցուցանիշը արձանագրեց կրկին անձնական քաշի պատճառով: Եթե չլիներ չարաբաստիկ վնասվածքը, որից ոչ մի մարզիկ ապահովագրված չէ, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ կարող էր երկամարտում շրջանցել 4-րդ տեղը գրաված իր թիմակցին: Իհարկե, հնարավոր էր նրան ցավազրկել ու կրկին մրցահարթակ ուղարկել, ինչպես իրենց մարզուհու հետ արեցին կորեացիները եւ որից հետո նրան շտապօգնության մեքենայով տարան հիվանդանոց: Բայց մարզիչները դրան չգնացին, որովհետեւ դա կարող էր վտանգավոր լինել Ռուբենի թե առողջության, թե մարզական կարիերայի համար եւ նա քննադատների ակնարկած երկամարտի մեդալի համար պայքարում իր ծանրակշիռ խոսքը օլիմպիական խաղերում ասելու հեռանկար ստացավ: Մեզ հուսադրում է նաեւ այն, որ Հյուսթոնում համեմատաբար լավ հանդես եկած մեր բոլոր ծանրորդներն էլ երիտասարդ են ու աճելու տեղ ունեն: Դա հարկավոր է լինելու Ռիոյում:

Ինչ վերաբերում է Տիգրան Մարտիրոսյանին, նրա ձախողումը ԶԼՄ-ներին մեկնաբանել է գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Տիգրանի զրոն աշխարհի վերջը չէ: Նա շարունակում է մնալ մեր հավաքականի առաջատարը, ավագը ու հավատում ենք, որ նա այստեղ կորցրածը Ռիոյում հետ բերելու համար կանի ամեն բան:

Աղջիկների մասին: 20-ամյա Իզաբելլա Յայլյանին, 17-ամյա Սոնա Պողոսյանին եւ հատկապես Նազիկ Ավդալյանին ու Հռիփսիմե Խուրշուդյանին ինչպե՞ս կարելի է քննադատել: Նազիկը, որ ողնաշարի վնասվածք ունի ու վեց տարվա բուժումից, այնուհետեւ մայր դառնալուց հետո ընդամենը կես տարի է, ինչ վերսկսել է մարզումները, Հռիփսիմեն, որ նույնպես մայրացել է, բայց շարունակում է մրցակցել աշխարհի ուժեղագույն ծանրորդների հետ, միայն գովասանքի են արժանի:

Եվ վերջում: Մենք գործին մետենում ենք որպես մասնագետներ ու մեր անելիքները կազմակերպում մասնագիտորեն: Հուսով եմ՝ Ռիոյում ամեն բան ավելի լավ է լինելու:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031