Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի տեսլականը

Դեկտեմբեր 07,2015 12:00

Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ խոսակցություն էր բացվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, քաղաքական գործիչներից ու քաղաքագետներից շատերը, ինչպես նաեւ շարքային քաղաքացիներից շատերը զարմանք էին արտահայտում: Զարմացողները գտնում էին, որ Քոչարյանը վերստին ՀՀ նախագահ դառնալու որեւէ շանս չունի, քանի որ ժողովուրդը չի մոռացել երկրորդ նախագահի արածները եւ ոչ մի դեպքում նրան ձայն չի տա:

Զարմացողներից շատերը նաեւ կարծիք էին հայտնում, որ Քոչարյանի վերադարձի հնարավորության մասին խոսակցությունները ներկայիս իշխանություններն են տարածում, որպեսզի իշխանափոխություն պահանջողներին ու ժողովրդին հասկացնեն, որ իշխանափոխությունը հղի է Քոչարյանի վերադարձի վտանգով:

Վերջերս զգալիորեն ավելացել են Քոչարյանի վերադարձի հնարավորության մասին խոսակցությունները, բայցեւ զգալիորեն պակասել են զարմացողները: Եվ եթե առաջ Քոչարյանի վերադարձի թեմայի շրջանակներում քոչարյանականները հիմնականում փիլիսոփայորեն լռում էին, հիմա բացարձակապես չեն զլանում թվարկել Ռոբերտ Քոչարյանի արած լավ գործերը:

Վերջերս Քոչարյանի արած լավ գործերի մասին անթաքույց արտահայտվեց նաեւ մոսկվաբնակ հայ մեծահարուստ Արա Աբրահամյանը, որ Երեւան էր ժամանել Հայաստանում կուսակցություն ստեղծելու նպատակով: Չար լեզուներն ասում են, որ Արա Աբրահամյանը Պուտինի հրահանգով է որոշել Հայաստանում կուսակցություն բացել, իսկ առավել չար լեզուներն ասում են, որ Արա Աբրահամյանը Պուտինի հրահանգով Հայաստանում կուսակցություն է ստեղծում, որպեսզի Քոչարյանի վերադարձին նպաստի: Իսկ ամենաչար լեզուներն ասում են, որ Արա Աբրահամյանն անձամբ Սերժ Սարգսյանի իմացությամբ ու ցանկությամբ է Հայաստանում կուսակցություն բացում: Թե այս երեք տարբերակներից որն է իրականը՝ ժամանակը ցույց կտա, իսկ մենք ժամանակից առաջ չընկնելով՝ իրավունք ունենք կարծելու, որ այս երեք տարբերակներն էլ հավասարապես հնարավոր են, ընդ որում՝ ոչ միայն հավասարապես են հնարավոր, այլեւ միաժամանակ:
Այսուհանդերձ, մենք իրավունք ունենք նաեւ կարծելու, որ Արա Աբրահամյանը Հայաստանում կուսակցություն բացելու իրավունք չունի էն պարզ պատճառով, որ ինքը ոչ թե Հայաստանի քաղաքացի է, այլ Ռուսաստանի:

Բայց մենք մտադիր էինք ոչ թե Արա Աբրահամյանի մասին խոսել, այլ Ռոբերտ Քոչարյանի: Ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորության: Բայց էդ թեմայով ինչ որ ուզում էինք ասել, հիմնականում ասացինք: Ասացինք, որ Քոչարյանի վերադարձի հնարավորության թեման արծարծելիս արդեն քչերն են զարմացած ու պլշած հայացքներով նայում: Այս առումով ամենաորոշակին ինքը՝ Քոչարյանն ասաց՝ «երբեք մի ասա երբեք», եւ չնայած էս ասույթի իրական հեղինակն ինքը չի, ինքն էս հայտնի ասույթն էնքան սրտանց ու հաճույքով կրկնեց, որ որեւէ մեկի մոտ հեղինակային իրավունքի հարց չառաջացավ: Այսինքն՝ զարմացողներն էնքան են պակասել, որ Քոչարյանի վերադարձի հնարավորության մասին ոչ թե նրա խոսնակներն են խոսում, այլ արդեն անձամբ ինքը՝ երկրորդ նախագահը: Ընդ որում՝ շատ: Շատ, բայց կարճ: Ահա՝ ես էլ եմ իր մասին խոսում: Եվ իմ խոսքն այսքան երկարեց, որովհետեւ ես նախ՝ Քոչարյանի վերադարձի հնարավորությանն անդրադարձա, ապա անդրադարձա Արա Աբրահամյանին, ով Հայաստանի երեք նախագահներին անդրադառնալով՝ հատկապես Ռոբերտ Քոչարյանի հասցեին դրվատանքի խոսքեր ասաց: Ոմանք կարծում են, որ Աբրահամյանը Պուտինի հանձնարարությունն էր կատարում: Ոմանք էլ կարծում են, որ Արա Աբրահամյանը Պուտինի պատվերը կատարելով՝ զուգահեռաբար նաեւ իր անձնական խնդիրներն է լուծում:

Բայց բոլորը Պուտինի հանգամանքը նշում, շեշտում ու կարեւորում են: Նույնիսկ մեր արեւմտամետներն են Պուտինի հանգամանքը շեշտում ու կարեւորում: Նաեւ խոսակցություններ են տարածվել, որ անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչը կտրականապես դեմ է մեր սահմանադրական փոփոխություններին: Այսինքն՝ ամեն ինչ Պուտինի ձեռքում է, եւ ամեն ինչ Պուտինի ցանկությունից է կախված:

Եթե իսկապես այդպես է, ի՞նչ տարբերություն՝ ով կլինի Հայաստանի հաջորդ ղեկավարը:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
05.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել