Սխալներ անում են բոլորը, եւ ոչ մեկն ապահովագրված չէ դրանից, բայց լինում են սխալներ, որոնք անդառնալի են կամ փչացնում են երկար փայփայած հարաբերությունները:
Բազմաթիվ հոգեբաններ անդրադառնում են այս հարցին, ներկայացնում կանանց կողմից թույլ տրվող սխալների ցանկ, որոնք խանգարում են երջանիկ լինել եւ ունենալ ներդաշնակ հարաբերություններ:
Այսպիսի մի ցանկ էլ ներկայացնում է Cluber.com-ը, որտեղ առաջին սխալներից նշվում է ամուսնության առաջարկը, որը, ըստ մասնագետների, պետք է անի տղամարդը: Մասնագետները բացատրում են նրանով, որ երբ կինը սկսում է արագացնել այդ գործընթացը, կարող է, իհարկե, հասնել իր նպատակին, բայց եթե նույնիսկ հաղթի «կռիվը»՝ «պատերազմը» հաստատ տանուլ կտա: Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց վրա ճնշում են գործադրում:
Կարդացեք նաև
Կանանց կողմից սխալների ցանկում է նաեւ այն, երբ նրանք անընդհատ մտածում են ամուսնության մասին եւ կարծում են, որ իրենց լավագույն հատկանիշները կբացահայտվեն միայն այն ժամանակ, երբ կողքին տղամարդ լինի:
Կանանցից շատերը սպասում են, որ տղամարդը իրենց կերջանկացնի առանց իրենց մասնակցության: Հոգեբանները նշում են, որ պետք է սեր տալ, ոչ թե մտածել միայն այն ստանալու մասին. փոխադարձ զգացմունքների արդյունքում է ծնվում երջանկությունը:
Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս, որ որքան էլ ձեզ համար կարեւոր է երեխայի ծնունդը, չպետք է անտեսել եւ երկրորդական պլան մղել ամուսնուն` հետո էլ զարմանալ, թե ինչո՞ւ է փոխվում տղամարդու վերաբերմունքը:
Շատ տղամարդկանց ոչ միայն դուր չի գալիս, այլեւ իրենց ինքնասիրությունը վիրավորվում է, երբ կանայք փորձում են լուծել նրանց խնդիրները, այն դեպքում, երբ տղամարդը դրա մասին չի խնդրել կնոջը:
Հոգեբանները նշում են, որ կանանց սխալներից է նաեւ այն, երբ նրանք տղամարդուն ստիպում են կյանքին նայել իր աչքերով:
Տղամարդկանց դուր չի գալիս, երբ կանայք համառորեն վիճում են չզիջելով: Այդ ժամանակ կնոջ մեջ տղամարդկային էներգետիկա է արթնանում, եւ տղամարդը իր առջեւ հավասար տղամարդ է տեսնում: Մոռանալով կանացիության մասին՝ տղամարդուն պատասխանել ագրեսիայով:
Մասնագետները ոչ հասուն կնոջ վարքագիծ են համարում մանիպուլյացիայի ենթարկելը` լռությամբ, շանտաժով եւ այլն:
Կանանցից շատերը իրենց մեջ ավելացնում են տղամարդկային էներգիան եւ ճնշում կանացին, ամեն ինչ անում են ինքնուրույն եւ չեն խնդրում տղամարդուց օգնություն:
Ամենատարածված սխալներից է համեմատել իր տղամարդուն այլ տղամարդկանց հետ, կամ նրան անվերջ մեղադրել, քննադատել, ցածրացնել:
Անընդհատ խոսել ընտանիքում հավասարության մասին: Եթե ցանկանում եք երջանիկ ընտանիք ունենալ, ապա պետք է ընդունել, որ տղամարդը դոմինանտ է:
Նշվում է նաեւ այն սխալը, երբ տղամարդուն օգտագործում են` նպատակներին հասնելու համար. ամուսնանալ, երեխա ունենալ, բնակարան գնել եւ այլն:
Չի կարելի «հսկիչի» նման անընդհատ հետեւել եւ ղեկավարել տղամարդուն, նաեւ մտածել, որ ամուսնական կյանքում սեքսը կարեւոր չէ. տղամարդուն միշտ ֆիզիկական կապ է պետք իր կնոջ հետ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
05.12..2015