Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդներն ահազանգում են, որ Նոր Նորքում գտնվող 1/31 ընտրատեղամասում հաշվարկի ժամանակ հայտնվել է տվյալ դպրոցի տնօրենը, որը ո’չ հանձնաժողովի անդամ է, ո’չ էլ վստահված անձ, ու մասնակցել հաշվարկի գործընթացին: Նա հրաժարվել է հեռանալ՝ ասելով. «որտեղ կուզեմ, կլինեմ, բեյջ չեմ կախելու, բոլորին ցույց կտամ, շատ անեք, դպրոցի լույսերն էլ կանջատեմ, սաղ ձևերն էլ գիտենք…»:
Aravot.am-ը այս ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ ստացավ թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանից: Նա վստահեցրեց, թե դպրոցի տնօրենը դպրոց է եկել լուսավորության խնդիրները կարգավորելու համար և չի մասնակցել հաշվարկին. «Դպրոցի տնօրենն այժմ կանգնած է սրահի մուտքի մոտ՝ որտեղ ոստիկաններն են կանգնած: Անգամ իր սենյակ չի գնում, քանի որ պետք է անցնի ընտրատեղամասով: Նա դպրոց է եկել լուսավորության խնդիրները հարթելու համար: Եթե հաշվարկին մասնակցելու ցանկություն ունենար, ապա դիտորդի վկայականով կգնար, մանավանդ, որ ինքը մասնակցել է դասընթացների»:
Ավանում գտնվող 1/08 ընտրատեղամասում հաշվարկի ժամանակ ներկա են եղել ՀՀԿ երկու վստահված անձ, նրանցից մեկը հրաժարվել է ներկայանալ: Նույն ընտրատեղամասում քվեարկության ավարտին քվեատուփը կնքելիս պարզվել է, որ բացակայում են զմռսման կնիքը և կպչուն թղթերը: Քվեատուփը զմռսվել է միայն ժամը 20:00-ին, ընտրատեղամասը փակելու ժամանակ: Այս առիթով պարոն Հայրապետյանն ասաց. «Կարմիր կապերն են օգտագործվել միայն, որոնք չեն բացվում, այնպես որ ավելի կպչուն թղթերը ավելի հեշտ կարելի էր պոկել: Կնիքներ հատկացվել են բոլոր ընտրատեղամասերին, քվեատուփերը զմռսված են եղել բոլոր տեղերում առավոտյան ժամը ութին»:
Նոր Նորքի 1/29 ՀՀԿ վստահված անձը բարձր երաժշտություն է միացրել, աղմկել: Նախագահի և անդամներից մեկի խնդրանքին, որ չաղմկի, նա չի արձագանքել: Այս մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկություններ չուներ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ