«Հայաստանում առաջիկայում չի հաջողվելու փողոցից գալ իշխանության: Հենց որ փողոցից եկան, մի երկու կառավարական շենք գրավեցին մտան, մի քանի ամիս հետո այդ նույն փողոցից գալու են դրանց դուրս շպրտեն եւ Հայաստանն ընկնելու է կոլապսի մեջ»,-այսօր Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում, անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքերով, Հայաստանում պետք է կարգուկանոնը գործի եւ այդ ոստիկանական ուժերը, որ տեղաշարժվում են՝ պետք է հասարակական կարգին հետեւեն եւ ներքին կայունության խնդիրը լուծեն:
«Կլինի տաս հոգի, քսան, թե հարյուր հազար Ազատության հրապարակում, դա կարեւոր չէ, հասարակական կարգը պետք է պահպանվի»: Միքայել Մելքումյանի համոզմամբ, փողոցից հնարավոր չէ գալ իշխանության եւ միակ մեխանիզմը ընտրություններն են:
Գնահատելով քվեարկության ընթացքը ասուլիսի մեկ այլ մասնակից ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ասաց, որ այն անցել է բարձր մակարդակով. «Ես չեմ ասում, որ թերություններ ընդհանրապես չեն եղել, ես ասում եմ, որ անցել են բարձր մակարդակով: Ցուցակներում կգտնեն մարդկանց անուններ, որ ավելորդ կլինեն, ընտրացուցակներում թերություններ կլինեն, բայց եկեք այդ քսան, տասը դեպքը չսարքենք մատի փաթաթան ու ստվեր գցենք մեր երկրի վրա: Չի կարելի սոցցանցերից վերցրած մի քանի օրինակներով ստվեր գցել ընտրական ամբողջ գործընթացի վրա: Եղել են փոքրիկ միջադեպեր, իրավապահ մարմինները թող իրենց գնահատականը տան»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ԲՀԿ-ն բոլոր ընտրատեղամասերում ունեցել է ներկայություն, արդյոք չի՞ ունեցել կոնկրետ դիմում բողոքներ, որոնք կբողոքարկի, ԲՀԿ ներկայացուցիչներն ասացին՝ չունեն այդպիսի փաստեր:
Միքայել Մելքոնյանն էլ գտնում է, որ հանրաքվեն անցել է նորմալ, առանց էական խախտումների. «Որեւէ մեկը չի պնդում, որ աշխարհում կարող են իրականացվել կատարյալ ընտրություններ: Կլինեն որոշակի թերություններ այնպես չէ, որ կատարյալ երկրում ենք ապրում եւ այդ ընտրություններն այս ամենի մի մասն են: Պետության մեջ կան տարբեր տիպի, տարբեր որակի խնդիրներ, կա կորստի չափ՝ էլեկտրամատակարարման, գազամատակարարման մենք այդ չափը այս ընտրություններում պահպանել ենք, հանգիստ եղեք: Դժգոհ լինելը չի նշանակում, որ մարդը գնալու է դեմ քվեարկի: Սահմանադրության հարցը այն բաժանարար գիծը չէ, որ վաղը փոփոխություն է լինելու ժողովուրդն էլ է ընկալում, որ սրանով միանգամից հարց չի լուծվում»:
Պարոն Մելքոնյանի խոսքերով. «Դուք ուզում եք կինոն սեւ սպիտակ դարձնեք, բայց կինոն գույնզգույն է»: Նա նաեւ ասաց, որ ԲՀԿ-ն կիսում է այս ընտրությունների քաղաքական պատասխանատվությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի